Նախագահի փեսան հրաժարական է տվել

Նախագահի փեսան հրաժարական է տվել

Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի փեսան հրաժարական է տվել Իրանի երկրաբանական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց երկու օր անց, այն բանից հետո, երբ հասարակությունում սկսել են հնչել դժգոհություններ այն մասին, որ նախագահը իր հարազատներին սկսել է պաշտոններ բաժանել։

Այս մասին հայտնում է France Press լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, Կամբիզ Մեհդիզադեն, որը 30 տարեկան է, ամուսնացել է Հասան Ռոուհանիի դստեր հետ այս տարվա ամռանը։ Անցյալ շաբաթ օրը նա նշանակվել է բարձր պաշտոնի, սակայն սոցկայքերում սկսվել է լուրջ քննադատություն այս առնչությամբ, որով պայմանավորված էլ երիտասարդը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Շնորհակալ եմ ձեզ այն բանի համար, որ արժանի համարեցիք եւ հրավիրեցիք որպեսզի աշխատեմ բարձր պաշտոնի նախարարությունում, սակայն ես խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից, որպեսզի կարողանամ շարունակել գիտահետազոտական գործունեությունս»,- գրել է Մեհդիզադեն։

Հիշեցնենք, որ երիտասարդ Կամբիզ Մեհդիզադեն նավթային ինժեներիայի ասպիրանտ է եւ նախկինում աշխատել է որպես խորհրդական Իրանի Նավթի նախարարությունում, ինչպես մանրամասնում է Tasnim լրատվական գործակալությունը։