Արմեն Աշոտյանի վարորդը՝ երկրի թիվ մեկ «թալանչի»

Արմեն Աշոտյանի վարորդը՝ երկրի թիվ մեկ «թալանչի»
Արմեն Աշոտյան, Արամ Բարսեղյան, վարորդ

ՀՔԾ-ն նախօրեին ձերբակալել է Արմեն Աշոտյանի վարորդ, նրա ընկեր եւ օգնական Արամ Բարսեղյանին՝ «վատնման եղանակով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով»։ Ըստ քրգործի՝ Արամ Բարսեղյանը, օգտագործելով այն ժամանակվա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կապերն ու չարաշահելով վերջինիս պաշտոնական դիրքը, ինչ-որ քոլեջներում ձեւակերպվել է որպես պահակ եւ բանվոր ու աշխատանքի չհաճախելով՝ ստացել աշխատավարձ։  9 տարվա ընթացքում պետությանը պատճառվել է մոտ 9 մլն դրամի վնաս։ Այս քրգործն ու իր վարորդի եւ ընկերոջ ձերբակալությունն Աշոտյանը համարում է քաղաքական պատվեր իր դեմ։

«Տեսնելով, որ ուղղակի ինձ վրա գործ սարքել չի ստացվում, այս իշխանություններն անցել են իմ ընկերներին եւ բարեկամներին»,-ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտյանը։ Նա չի հերքում, որ իր վարորդին ձեւակերպել է այլ հաստատություններում, որպեսզի երկու կոպեկ ավել գումար վաստակի, քանի որ միայն վարորդի աշխատավարձով հնարավոր չէր ընտանիք պահել։ Եվ պատրաստակամություն է հայտնում անգամ փոխհատուցել պատճառված վնասը, միայն բաց թողնեն վարորդին։

Ի վերջո, այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ «թալանչիներ» գումարները վերադարձրին եւ ազատ արձակվեցին, ոչ ոք չնստեց թալանի հոդվածով։ 

Փաստորեն, նախկին իշխանությունների միակ եւ ամենախոշոր «թալանչին» Աշոտյանի վարորդն է, որն ամսական 100 հազար դրամից էլ պակաս գումար է «թալանել»։ Իսկ նրանք, որոնք 100 հազար դոլարներ են թալանել՝ ըստ օդում կախված կամ հավաստի լուրերի, այսօր ազատության մեջ են։ Ի դեպ, նկատենք, որ նոր Հայաստանում թալանի եւ կոռուպցիայի, բյուջեն «ուտելու» համար այսօր որեւէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա նստած չէ, որեւէ մեկի նկատմամբ դատարանի վճիռ չկա։ Նախորդ իշխանությունից այս պահին դեռեւս միայն երկու հոգի է բանտարկված, այն էլ՝ նախնական կալանքի սանկցիայով, ոչ թե վերջնական դատավճռով։ Խոսքը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մասին է։ Բայց նրանցից եւ ոչ մեկը նստած չէ թալանի հոդվածով։ Երկիրը «թալանելու» եւ միլիարդներ դիզելու մեջ ապրիորի մեղադրվող Քոչարյանին նստեցրել են սահմանադրական կարգի տապալման հոդվածով, ի դեպ՝ հայտնի չէ, թե երբ է սահմանադրական կարգը վերականգնվել, եթե իսկապես տապալվել է, իսկ Մանվել Գրիգորյանին, ում մեղադրում էին զինվորի հացն ու բանակի փողերն ուտելու մեջ, նստեցրել են ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածով։ Եվ միայն Աշոտյանի վարորդն է, փաստորեն, որ «կերել ու թալանել է» երկիրը եւ արժանի է «ցմահ ազատազրկման»։

Ի դեպ, հատկանշական է, որ ինքը՝ Աշոտյանը, լինելով նախկին «թալանչի» ռեժիմի մասնիկը եւ երկար տարիներ զբաղեցնելով կրթության նախարարի պաշտոնը, պարզվում է, ոչ մի հանցանք չի կատարել։ Որքան էլ որ այս ամիսներին նոր իշխանության իրավապահները խոշորացույցն առած՝ մանրակրկիտ զննում են Աշոտյանի գործունեության ամեն մի դրվագը, նրա դեմ մինչ օրս դեռ որեւէ քրգործ չեն հարուցել ու թալանի որեւէ հստակ դրվագ չեն բացահայտել։ Աշոտյանի «թալանի» փաստը չհաստատեց նաեւ կրթության, գիտության եւ մի շարք այլ հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը։

Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե իրենք ուսումնասիրե՞լ են  Աշոտյանի՝ նախարար աշխատած տարիների աշխատանքը, արդյոք թալանի, կոռուպցիայի որեւէ դրսեւորում հայտնաբերե՞լ են, Հարությունյանը հայտարարեց, որ Աշոտյանի գործերով զբաղվելը համարել է անկարեւոր, որի ժամանակն իրենք չունեն։
«Մեր գործն էնքան շատ ա, որ դա իրավապահների գործն է, եւ մենք դրանով չենք զբաղվում, ըստ էության»,- ասաց նախարարը։

- Բայց հատկապես սկզբնական շրջանում նոր իշխանության գրեթե ցանկացած գերատեսչության ղեկավար ինքն էր նախաձեռնում ուսումնասիրել եւ նախկինների վերաբերյալ որոշակի նյութեր, գործեր ուղարկել իրավապահներին։

- Երբ որ կարեւոր գործերն ավարտենք, կզբաղվենք անկարեւորներով, այդ թվում՝ նաեւ Աշոտյանի ժամանակահատվածով։

- Բայց ձեր կառավարության առաջարկած կարեւոր գաղափարներից մեկը հենց դա էր՝ նախկինների թալանը, կոռուպցիոն գործարքները բացահայտելը։

- Իրավապահ մարմինները, ըստ էության, զբաղվում են դրանով, կան տասնյակ քրեական գործեր, որոնք հարուցված են ոլորտի հետ կապված՝ դպրոցների հետ կապված, բուհերի հետ կապված․․․

- Դրանցով Արմեն Աշոտյանն անցնո՞ւմ է։

- Ես չեմ կարող ասել։

- Ինքներդ նախաձեռնե՞լ եք նրա պաշտոնավարման տարիների ուսումնասիրություն։

- Ըստ էության՝ ոչ, որովհետեւ իրավապահները զբաղվում են դրանով։

ՀԳ. Երեկ, ուշ երեկոյան Քննչական կոմիտեից հաղորդագրություն ստացանք, որտեղ դատապարտում էին Բարսեղյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում կոչելու փաստերը եւ հայտնում, որ նա փոխհատուցել է վնասը եւ ազատ արձակվել։