Հարկային օրենսգիրքն արդեն տնտեսական հեղափոխությո՞ւն է ապահովում

Հարկային օրենսգիրքն արդեն տնտեսական հեղափոխությո՞ւն է ապահովում

Նախորդ իշխանությունների գրած Հարկային օրենսգիրքն արդեն հասցրել է մի քանի անգամ փոփոխության ենթարկվել ու դեռ էլի դժգոհություններ է առաջացնում։ Կարելի է ասել՝ քանիցս տարած-հետ բերած փաստաթուղթ է սա։ Վերջին անգամ սեպտեմբերին ընդունվեց ՀՕ փոփոխությունների նախագիծը, որում մի քանի առանցքային փոփոխություններ են կատարվել։ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրինք՝ այս օրենսգիրքը տնտեսական հեղափոխություն կարո՞ղ է ապահովել։

«Հիմա էլ ինքն ապահովում է, եւ էդ հեղափոխության սահմանումը ես ասացի մոտավորապես, եւ դրա տրամաբանության մեջ Դուք տարբեր ցուցանիշներով տեսնում եք կտրուկ փոփոխությունները։ Ես ուղղակի վստահ չեմ, թե Դուք ինչ ակնկալիք ունեք, ոնց եք պատկերացնում, որ վերջում պիտի, ասենք, էդ թռչնակը դնեք ու արձանագրեք՝ այ, սա արեց, այ, սա՝ չէ»,- ասաց Ջանջուղազյանը։

- Հարկային նոր օրենսգիրքը սկսեցին գրել դեռ նախորդ իշխանությունների օրոք, հետո քննադատվեց ու փոփոխությունների ենթարկվեց։ Հիմա այս վերջնական փոփոխված տարբերակով այն Հարկային օրենսգի՞րքն է, որը Դուք՝ որպես ֆինանսների նախարար, կցանկանայիք ունենալ։

- Տեսեք, մի բան կա միայն, որ հստակ կարող եմ ասել՝ կարեւորում եմ, այն է, որ մենք կարողանանք հասնել քիչ փոփոխվող, համեմատաբար կայուն վիճակի։ Այսինքն՝ ունենանք մի վիճակ, ու մի տարի, երկու տարի քիչ փոփոխության կարիք ունենա։ Տրամաբանությունն այն է, որ այդ կարգավորումների հաճախակի փոփոխությունը կանխատեսելիության աստիճանը նվազեցնում է, հետեւաբար, նաեւ անորոշության որոշակի աստիճան է առաջացնում այն մարդկանց, այն տնտեսվարողների համար, որոնք պիտի որոշումներ կայացնեն։ Սա, կարծում եմ, կարեւոր նախադրյալ է, բայց որ մենք ասենք՝ իրեն էլ ձեռք չենք տալու, դա կլինի չափազանցված։ Ես չեմ կարծում, թե մենք ունենք ձեւավորված այն միջավայրը, որտեղ էդ կայունությունը կարող է տեւական ժամանակ պահպանվել։

- Այսինքն՝ մենք դեռ չունե՞նք հստակ պատկերացում, թե, ասենք, առաջիկա հինգ տարիներին ինչպիսի հարկային քաղաքականություն եւ միջավայր ենք ուզում ունենալ։

- Մեր ներկայացրած 2019-2023 թթ․ ռազմավարության մեջ մի թիրախ էլ դա է դրած, որ մենք ձեւակերպենք ուղղությունները համակարգի զարգացման։ Մենք հիմա ունենք կարգավորումների ինչ-որ մի բազմություն, հարկային համակարգ, վարչարարություն եւ այլն։ Հիմա ասում ենք՝ եկեք մեզ համար ուղղությունները որոշակիացնենք, թե հարկային համակարգը որ ուղղությամբ պիտի գնա։

- Հիմա վերջին փոփոխություններով այս Հարկային օրենսգիրքը քանի՞ տարի կարող է մնալ՝ առանց փոփոխության, որ տնտեսվարողների մոտ կայունության զգացողություն ապահովի։

- Էստեղ էլի էդ կանոնները դրված են, որ վատթարացնող նորմը չի կարող ավելի շուտ ուժի մեջ մտնել, քան վեց ամիս հետո, բայց լավացնող նորմը կարող է։ Հիմա, եթե լավացնող նորմ լինի, կարող է եւ փոխվել։ Ասում եք՝ հնարավո՞ր է, որ ինչ-որ բանի ձեռք տաք, ասում եմ՝ այո։

- Հիմա հարկային բեռի թեթեւացման կամ այլ ուղղություններով ի՞նչ առանցքային փոփոխություններ են կատարվել ՀՕ-ում։

- Ամենաառանցքայինն ուղղակի հարկերի բեռի դրույքաչափերի նվազեցումն է։ Իսկ շրջանառության հարկի դեպքում էլ մենք շեմը կրկնապատկեցինք՝ 58 մլն էր, դարձավ 115։

- Մարդիկ դժգոհում են, որ մեր Հարկային օրենսգիրքը, նախ, շատ մեծ է՝ մոտ 700 էջ, հետո՝ բարդ է ու խրթին, մեջը բազմաթիվ հարկատեսակներ կան, մինչդեռ հարեւան Վրաստանում, օրինակ, Հարկային օրենսգիրքը մոտ կրկնակի ծավալով պակաս է, հարկերը շատ ավելի պարզեցված են։ Իսկ որոշ ոլորտներում էլ տնտեսվարողներն առժամանակ ազատվում են հարկերից, դրա համար էլ գովազդում են՝ եկեք Բաթումիում բնակարան ձեռք բերեք։

- Հարկային գործիքն ամենալավը չէ՝ տնտեսության մեջ միջամտություն անելու, որովհետեւ ինքը հասցեականության համեմատաբար ամենացածր աստիճանն ունի։ Հետեւաբար, էդ օրենսգրքի չափի հետ կապված էլ՝ կարգավորումները, իհարկե, շատ տարբեր են, եւ իրավական տեխնիկայի առումով է որոշումը կայացված կամ լուծումը տրված, բայց, վերջին հաշվով, կարգավորումներ բոլոր երկրներում էլ կան։ Էդ կարգավորումներն ինչպես ձեւակերպելու մասին է խոսքը, այսինքն՝ դա լինի օրենքի մաս, կառավարության որոշման մաս, թե այլ լիազոր մարմնի կողմից ընդունած իրավական ակտ․․․ տեխնիկայի հարց է։ Իսկ ռեժիմների հետ կապված՝ ընդունելով, որ տարբերակված էդ բազմազանությունը պետք է պարզեցնել, հինգ ռեժիմի փոխարեն վերջին փոփոխությամբ ունենք արդեն երեք ռեժիմ։ Բայց դա ուղղակիորեն կապել նրա հետ, որ հարեւան երկրում այսպիսի գովազդներ են լինում, դա բացատրվում է հենց հարկային համակարգով, կարծում եմ՝ արդարացված չէ։ Նախ պետք է հարեւան երկրի տնտեսության զարգացման կառուցվածքին անդրադառնալ, տեսնել՝ էդ մեր երազա՞ծն է, թե՞ ոչ։ Երկրորդը․ տեսնել, թե էդ գովազդն ինչքանով է բարեխիղճ, ինչքանով՝ ոչ։