ԲԴԽ-ում երկուշաբթի օրը նախագահ են ընտրելու. ովքեր են թեկնածուները

ԲԴԽ-ում երկուշաբթի օրը նախագահ են ընտրելու. ովքեր են թեկնածուները

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:

Մի քանի օր առաջ մենք հայտնել էինք, որ նա տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ` վիրահատության։

Ըստ ամենայնի, նրա հրաժարականը պայմանավորված է ոչ թե առողջական խնդիրներով, այլ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությամբ, որտեղ Ջհանգիրյանն, ըստ էության, ասում է, որ միջամտում է քրեական գործերին, եւ համոզում է Վարդազարյանին հրաժարական տալ։

Ինչեւէ, այժմ պետք է ԲԴԽ նախագահի հարցը լուծվի։ Ջհանգիրյանը հեռանալուց առաջ իրեն փոխարինող է նշանակել ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանին։ Մեր տեղեկություններով` երկուշաբթի օրը` հուլիսի 4֊ին, ԲԴԽ֊ում գիտնական անդամներից ընտրելու են նախագահ։ Գիտնական անդամները երեքն են` Դավիթ Խաչատուրյանը, Վիգեն Քոչարյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը։ Թե նրանցից ով կընտրվի այդ պաշտոնում` դժվար է ասել։ ԲԴԽ֊ում սա միակ ընտրությունն է, որը տեղի է ունենալու փակ կարգով։

Չի բացառվում, որ ընտրությունից առաջ գիտնական անդամները քվեարկողներին խնդրեն` իրենց ձայն չտալ։