Բարի մարդիկ, բացատրեք նրան քաղաքական այդ սիմբիոզի ողջ այլանդակությունը

Բարի մարդիկ, բացատրեք նրան քաղաքական այդ սիմբիոզի ողջ այլանդակությունը

Արցախյան ընտրությունները, երեւում է, փորձագիտական որոշակի շրջանակի շատ անհարմար կացության մեջ են դրել: «Հեղափոխություն» այդպես էլ չի ստացվում, իսկ «կերած գարու» համար հարկ է ինչ-որ բանով վճարել: Եւ ահա շրջանառվում են, ինչպես արցախցին է ասում՝ «թոնրատնային բամբասանքներ»: Իբր նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը «մեշոկներով փող է բաժանում» կամ տալիս խոստումներ: Խոստումների մասով Արայիկ Հարությունյանը, թերեւս, նախագահի ամենազուսպ թեկնածուն է:

Մյուսներ խոստանում են վեց ամսում  եռապատկել թոշակները, նվազագույն աշխատավարձը: Արայիկ Հարությունյանն ընդամենը խոստանում է եկամուտների տարեկան ավելացում՝ տնտեսական աճին զուգահեռ, իսկ փող բաժանելու գոնե մեկ դեպք այդպես էլ չի վկայակոչվում: Փորձագետներն այս ընտրություններում առանձնացնում են երեք բեւեռ՝ Արայիկ Հարությունյան, Վիտալի Բալասանյան եւ Սամվել Բաբայան-Մասիս Մայիլյան տանդեմ: Եւ թե ինչու՞ ունենք նման հարաբերակցություն՝ թիվ մեկ պատասխանատուն, անկասկած, Մասիս Մայիլյանն է:

Ընտրապայքարի մեկնարկից առաջ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ նախագահի մի քանի թեկնածուի հետ բանակցությունների մեջ է եւ կսատարի նրան, ով կընդունի «Միասնական հայրենիք» կուսակցության Ծրագիրը: Այլ կերպ ասած՝ ով կհամաձայնի հաջողության դեպքում իշխանությունը տալ իրեն կամ առնվազն կիսել իր հետ: Այդ պայմանին Մասիս Մայիլյանն է համաձայնել: Եւ հենց դրանով էլ խաչ քաշել «հեղափոխության» վրա: Որովհետեւ անգամ լավագույն ցանկության դեպքում չես կարող ժողովրդավարացման եւ օրենքի գերակայության հաստատման հույսեր կապել ՊԲ նախկին հրամանատարի հետ: Այդպես է, թե ոչ, իրական է, թե առասպելաբանություն, բայց նրա անունը կապվում է ապօրինությունների, բռնությունների եւ տնտեսական մենաշնորհների հետ: Քաղաքական մեծ հանդգնություն էր Մայիլյան կողմից Բաբայանի աջակցությունն ընդունելը: Եւ եթե դրանից հետո իրավիճակ է փոխվել, ապա այստեղ դեր ունեն ոչ թե Արայիկ Հարությունյանի խոստումները կամ Վիտալի Բալասանյանի կտրուկ շեշտադրումները, այլ միջին վիճակագրական արցախցու հիասթափությունը Մայիլյանից եւ նորարարի նրա կերպարից: Մի վայրկյանում որոշակի շրջանակների կուռքը վերածվել է շարքային կարիերիստի եւ արդեն իսկ անհանդուրժողականություն է ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր իր մեսիականությանը չեն հավատում կամ կասկածում են քաղաքային գլամուրի եւ արվարձանային լյումպենացվածների դաշինքին: Մայիլյանի համակիր փորձագետներն ազնիվ կլինեին, եթե նրա բացատրեին քաղաքական այս սիմբիոզի ողջ այլանդակությունը: Քարոզարշավը  միջնագծին չի հասել, Մայիլյանը դեռեւս դեմք փրկելու հնարավորություն ունի: