Խորհրդարանական աջաբսանդալ

Խորհրդարանական աջաբսանդալ

Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների կազմերն արդեն ձեւավորվել են, բայց պատկերն առավել քան ուշագրավ եւ արտասովոր է։ Ասենք՝ որեւէ կերպ հասկանալի չէ, թե ինչ սկզբունքներով ու չափորոշիչներով են ձեւավորվել հանձնաժողովները՝ պատգամավորներից ով եւ ինչու է հայտնվել տվյալ հանձնաժողովում, ինչ կարող է անել այնտեղ։ Գուցե այլեւս անհերքելի իրողություն է, որ խորհրդարանը, ի դեմս իշխող խմբակցության, պետք է հլու-հնազանդ դակի կառավարության ներկայացրած բոլոր նախագծերը, ու ընդդիմությանն էլ պետք չեն մասնագետներ, որոնք համապարփակ քննարկումներ կիրականացնեն, առարկություններ կներկայացնեն։ Իհարկե, այնպես չէ, որ խորհրդարանի իշխող թիմը փայլուն մասնագետներով է համալրված, որ սարեր շուռ կտա, բայց նույնիսկ ձեւական կողմն ապահովել հարկ չեն համարում։

Դիցուք, թվում էր, թե առողջապահության նախկին նախարար, ներկայումս «Քաղպայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը պետք է հանգրվաներ համանուն հանձնաժողովում, բայց տեղ է գտել Արման Եղոյանի ղեկավարած եվրոպական ինտեգրման հանձնաժողովում։ Թորոսյանն ու առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը վաղեմի հակառակորդներ են, նրանց հարաբերությունները հարթ չէին անգամ այն ժամանակ, երբ Թորոսյանը նախարար էր, Զեյնալյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ։ Կողմերի հակասությունները հաճախ երեւում էին հենց հանձնաժողովների նիստերի ընթացքում այս կամ այն նախագծի քննարկման ժամանակ, իսկ հիմա դրանք ավելի են սրվել այն բանից հետո, երբ նախագահի պաշտոնին աչք ուներ Թորոսյանը, բայց խմբակցությունը նախընտրեց Զեյնալյանին։ Սակայն սա միակ բացառությունը չէ, որ պատգամավորն անդամակցել է ոչ թե մասնագիտական չափանիշներից ելնելով, ասենք՝ նրանից, թե տվյալ պատգամավորն ինչ մասնագիտություն ունի եւ որ ոլորտում կարող է իր գիտելիքներն ի նպաստ դնել։ Նման դեպքերը համատարած են։ 

Օրինակ,Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում է հանգրվանել նաեւ Փաշինյանի՝ մասնագիտությամբ դերասան աներձագ Հրաչյա Հակոբյանը, որը նախորդ գումարման խորհրդարանում ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամ էր։ Այս հանձնաժողովը թատրոն է հիշեցնում, այստեղ է նաեւ նախկին հաղորդավար-դերասան Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, ինչպես նաեւ՝ մասնագիտությամբ լրագրող Էմմա Պալյանը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմը եւս խայտաբղետ է՝ սկսած նախագահ Էդուարդ Աղաջանյանից, ով հայտնի չէ, թե ինչ կապ ունի արտաքին հարաբերությունների հետ, վերջացրած գործարար Գուրգեն Արսենյանով, նախկին լրագրող Սարգիս Խանդանյանով եւ սորոսական Մարիա Կարապետյանով․ վերջինս հայտնի է թուրքերի ու ադրբեջանցիների հետ իր անձնական մտերմություններով, թշնամիների հետ հաշտության դարաշրջանում թերեւս նա գործի կդնի իր կապերը։

Ամենաառանցքային հանձնաժողովներից մեկի՝ օրենքների դարբնոց համարվող պետաիրավականի իշխանական կազմն ուղղակի ողբալի է։ Ավանդաբար այս հանձնաժողովը համալրվել է իրավաբաններով կամ փորձառու օրենսդիրներով։ Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած հանձնաժողովի փոխնախագահը հեղափոխական մեծն սահմանադրագետ Վահագն Հովակիմյանն է։ Այստեղ է տեղափոխվել հանրահայտ Արփի Դավոյանը՝ մանկավարժ-հոգեբանի մասնագիտությամբ, ինչպես նաեւ նորաթուխ հեղափոխական, ճարտարագետ-էլեկտրիկ Վիգեն Խաչատրյանը, «Հրապարակի» դեմ տարիներ առաջ իրականացրած արշավի կազմակերպիչ Լիլիթ Մինասյանը, ով ոչ վաղ անցյալում ֆեյքերի ՊՈԱԿ-ն էր ղեկավարում։

Երեկ մենք գրել էինք նաեւ ամենախնդրահարույց՝ պաշտպանության հանձնաժողովի մասին, որտեղ ՔՊ-ն գործուղել է իր ջարդարար ջոկատին, որոնք վերջին օրերին ակտիվ մասնակցում էին խորհրդարանական մարտերին եւ ստանձնել էին ընդդիմադիր պատգամավորներին ծեծուջարդի ենթարկելու առաքելությունը։ Ինչպես հայտնի է, հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը, իսկ «Քաղպայմանագիր» խմբակցությունը կներկայացնեն «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը նախորդ խորհրդարանում տնտեսական հանձնաժողովի կազմում էր, թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը, որը «հերոսացավ» «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին ոտքով հարվածելու ակտով, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, սյունեցի Արմեն Խաչատրյանը, ով երեկ Ֆեյսբուքում yerkir.am կայքի խմբագրի հասցեին գրել էր՝ «վիժվածք»։ 

Հանուն արդարության, ընդդիմությունն էլ կարծես չի զիջում իշխանությանը․ օրինակ՝ բանակից ազատված Արթուր Ղազինյանը պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն է, մինչդեռ ենթադրվում էր, որ նա տեղ կզբաղեցնի պետաիրավականում։ 

Փոխարենը այստեղ են գործուղել իրավաբանության հետ կապ չունեցող լրագրող Ագնեսա Խամոյանին եւ նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանին։ Իրավաբան Էլինար Վարդանյանը հայտնվել է կրթության հանձնաժողովում, Արմեն Գեւորգյանն էլ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահն է, եւ այսպես շարունակ։