Հայտարարությունը, թե Օրբելյանի կողմից շահարկվում է Աննա Հակոբյանի անունը, բացարձակ զրպարտություն է

Հայտարարությունը, թե Օրբելյանի կողմից շահարկվում է Աննա Հակոբյանի անունը, բացարձակ զրպարտություն է

Հայտնել էինք,  որ արդեն մի քանի օր է՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի արտիստները բողոքի ակցիաներ են կազմակերպում թատրոնի տնօրինության դեմ: Երաժիշտ, Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանի  «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ պատճառը դեռ նախորդ տարվանից տնօրինության կողմից խոստացված հոնորարն է, որը նախատեսված է եղել «Բյուրեղապակյա դղյակը» կոմերցիոն բալետային ներկայացման համար, սակայն, ըստ Գրիգորյանի,  տարատեսակ պատճառաբանություններով այդպես էլ չի վճարվել խոստացված հոնորարը արտիստներին:

Երեք օր ընթացող բողոքի ակցիաների շրջանակում երաժիշտները միահամուռ ներկայացրել են իրենց պահանջը, որ սիրով կաշխատեն, կմասնակցեն թատրոնի բոլոր փորձերին, ներկայացումներին, բացառությամբ վերոնշյալ ներկայացումից: Գրիգորյանը մեզ հայտնել էր նաև, որ թատրոնի տնօրենի պաշտոնում վերանշանակված տնօրեն մաեստրո Կ. Օրբելյանը տարբեր պատճառաբանություններով խուսափում է վճարել արտիստներին:  

Մեզ փոխանցել էին նաև, որ Օրբելյանը անզորությունից դրդված  ժողովներից մեկի  ժամանակ փորձել է նույնիսկ շահարկել առաջին տիկին Աննա Հակոբյանի և նրա ղեկավարած հիմնադրամի անունը, ասելով, որ  «Բյուրեղապակյա դղյակը» ներկայացումը կրելու է բարեգործական բնույթ և ողջ հասույթը տրամադրվելու է հիմնադրամին: Երաժիշտներն էլ հայտնել են, որ բարեգործական նպատակով սիրով կմասնակցեն թատրոնի խաղացանկային ցանկացած ներկայացման, բացի «Բյուրեղապակյա դղյակը» բալետային բեմադրությունից:  

Մենք փորձել էինք նաև կապվել անձամբ Օրբելյանի հետ, սակայն նա մեր զանգերին չէր պատասխանում։ Օպերային թատրոնի տեղեկատվության և հասարակայնության պատասխանատու Վահագն Զաքարյանն նշել էր, որ գրավոր հարցում պետք է ուղարել, ինչը և արել էինք։

Գրավոր հարցմանն ի պատասխան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից նշել են․ «Հայտնում ենք Ձեզ, որ Թատրոնը չի խուսափել ու չի էլ խուսափելու հանրությանը ներկայացնել Թատրոնում առկա խնդիրները։

Թատրոնի երաժիշտ Շմավոն Գրիգորյանի կողմից Ձեզ տրված տեղեկատվության վերաբերյալ հայտնում ենք, որ «Բյուրեղապակյա դղյակը» բալետային ներկայացմանը պատրաստվելու համար Թատրոնի նվագախմբի երաժիշտներին հոնարարներ տրվել են դեռևս 2018 թվականի հունիսին։ Միաժամանակ, 2019 թ. դեկտեմբերին նշված ներկայացման լավ կատարման համար խոսք է տրվել տալ պարգևավճար 2020 թվականի 1-ին կիսամյակում, որը և նրանք կստանան 2020թ․ մարտ մասին։ Թատրոնը դեռևս 2018 թվականին իր ներկայացումներից մեկի հասույթը բարեգործական
նպատակներով տվել է Իմ քայլը հիմնադրամին։ Թատրոնի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց հետո Կ․ Օրբելյանը թատրոնի արտիստներին միայն հայտնել է, որ պատրաստվում է «Բյուրեղապակյա դղյակը» բալետային 2 ներկայացումներից ստացված հասույթը բարեգործական նպատակներով տրամադրել քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցման հիմնադրամին։ Այս պարագայում պարզ չէ, թե այդ հայտարարությամբ ինչպես կամ ինչ նպատակներով կարող էր շահարկվել առաջին տիկին Աննա Հակոբյանի և նրա ղեկավարած հիմնադրամի անունը։Ինչպես տեսնում եք Շմավոն Գրիգորյանի կողմից կատարված այն հայտարարությունը, որ Կ․ Օրբելյանի
կողմից շահարկվում է Աննա Հակոբյանի անունը, բացարձակ զրպարտություն է։

Միաժամանակ հայտնում ենք, որ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային
ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի 2017թ․ գործունեության մասին հաշվետվությունում նշված է, որ մեր թատրոնի հանդերձարանների, սանհանգույցների և այլ տարածքների վերանորոգման վրա ծախսվել է 10 003 000 դրամ։ Իրականում, նշված գումարը կամ որևէ գույք թատրոնի աջակցման հիմնադրամի կողմից չի տրամադրվել Թատրոնին։ Այս առումով թատրոնի աշխատակիցների կողմից համապատասխան հարցադրումներ են բարձրացվել Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանի առջև։ Կարծում ենք, որ Շմավոն Գրիգորյանը Ձեզ նշված անհիմն տեղեկատվությունը տրամադրել է միայն
Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամին առնչվող խնդիրներից խուսափելու համար»։