«44-օրյա պատերազմի ժամանակ ոչինչ չարեցին». արձագանք՝ ԱՄՆ հայ համայնքից
«44-օրյա պատերազմի ժամանակ ոչինչ չարեցին». արձագանք՝ ԱՄՆ հայ համայնքից
Նախընտրական թուհուբոհը չի շրջանցել Ամերիկայում գյուղատնտեսությամբ հայտնի Վիսկոնսին նահանգի հայկական փոքր ու միջին ընկերություններին։ Մեղվարտադրությամբ զբաղվող Հովհաննես Գաբրիելյանին նախընտրական շրջանում առաջին հերթին հտաքրքրում են տնտեսական հարցերը։
Այս մասին հրապարակում է արել «Ամերիկայի Ձայնը»:
Տնտեսության վերաբերյալ հանրապետականների խոստումները գործարարի համար հուսադրող չեն․ «Մտահոգ ենք։ Հարցեր կան, որոնք կապված են Միացյալ Նահանգների արտաքին բիզնեսների հետ։ Ամեն ինչ գնում ենք, աշխատում ենք Եվրոպայի, ասիական երկրների հետ և չենք կարող մեզ կտրել աշխարհից, ինչն առջարկում են հանրապետականները»։
Ամերիկայի հնագույն մեղրարտադող ընկերության՝ Honey Acer-ի սեփականատերն ասում է՝ ամեն ինչին պետք է պատրաստվել. «Չես կարող վերցնել ու քանդել քո հին կամուրջը, ասել, թե նորն եմ կառուցում։ Պետք է նորը կառուցել, հետո քանդել [հինը]»։
Ընկերությանը մեղրի համար տարեկան անհրաժեշտ է լինում 10 միլիոն տարա, որը ձեռք են բերում կա՛մ Չինաստանից, կա՛մ Մեքսիկայից։ Գաբրիելյանի խոսքով՝ հանրապետականների առաջարկը, թե 300% մաքս պետք է դրվի Չինաստանից եկող ապրանքի վրա, կհանգեցնի գնաճի։
Դեմոկրատներին դեմ չէ, սակայն թերահավատ է նրանց նախընտրական խոստուներին. «Ասում են, թե էսպես կանենք, էնպես կանենք։ Բա երեք տարի իշխանության էիք, ինչո՞ւ չարեցիք։ Անորոշ վիճակի մեջ ենք, չենք կողմնորոշվում՝ ինչ անել»։
Գաբրիելյանը նաև չթաքցրեց իր դժգոհությունը տարբեր երկրնեևրի բռնապետների վերաբերյալ Թրամփի հնչեցրած մոտեցումներից. «Բացասաբար եմ տրամադրված, որ նա կարող ե գովել Կիմ Չենին, կամ Պուտինին։ Փաստորեն, մեզ դնում ենք նույն բռնապետական համակարգի մեջ։ Ինչպես կարող ենք ասել, թե Ամերիկան առաջինն է, երբ ձեռք եք մեկնում Պուտինին, ով բառի բուն իմաստով մարդասպան է և [Ռուաստանում հիմնել է] միապետական համակարգ։ Գուցե, ցանկանում ենք այդ էլ ընդօրինակել։ Չգիտեմ»։
Հովհաննես Գաբրիելյանի մոտ մտորումները, թերևս, արտացոլում են այն, ինչ առկա է նահանգի հազարավոր բնակիչների շրջանում։ Զուր չէ, որ այսօր էլ Վիսկոնսինը համարվում է տատանվող նահանգ։ Դեռ 90-ականներին Հայաստանից ԱՄՆ տեղափոխված գործարարը երկար տարիներ եղել է հանրապետական, շատ հարցերում դեմ է եղել դեմոկրատներին։
«Եղել եմ պահպանողական գծի մեջ, բայց այսօր հանրապետականները լրիվ կտրվել են պահպանողական մտածելակերպից»,- ասում է նա։
Տնտեսական ու աշխարհաքաղաքական խնդիրներից զատ, հայ գործարարի համար ընտրության ժամանակ վճռորոշ դեր կունենա Հայաստանի նկատմամբ ամերիկյան երկու քաղաքական ուժերի դիրքորոշումները։
«Հանրապետականները 44-օրյա պատերազմի ժամանակ ոչինչ չարեցին։ Դեմոկրատները մինչև հիմա էլ փորձում են օգնել»,- ասում է նա։
Ընտրությունների առանձնապես սպասելիքներ չկան հայկական լավաշի այս փոքրիկ արտադրամասում։ ԱՄՆ-ում լավաշ թխելու ու վաճառելու Այվազյանների ընտանեկան գործը երկար ճանապարհ է անցել բիզնես դառնալու համար։ Հայաստանյան լավաշի համը ստանալու համար տարբեր միջոցներ են փորձել։ Սկզբում ամեն բան ձեռքով էին անում։ Միայն վերջերս են կարողացել ավտոմատացնել արտադրությունը։
«Գաթայից սկսեցինք։ Լավ ստացվեց։ Հետո որոշեցինք լավաշ էլ թխել։ Երկար չարչարվեցինք, վերջապես հասանք այստեղ»,- ասում է Վիսկոնսինում արտադրվող «Մասիս» լավաշի հիմնադիր Սարգիս Այվազյանը։
Նրա խոսքով՝ իրենց համար տարբերություն չկա, թե ով կլինի Միացյալ Նահանգների նախագահը, իսկ թե որ կուսակցությունն ինչ է առաջարկում փոքր բիզնեսներին, Սարգիս Այվազյանի պատասխանը միանշանակ է. «Ճիշտն ասաց՝ միայն մեր ուժն է օգնում, ոչ մի օգնող չկա»։
Այվազյանները անկեղծանում են՝ քաղաքական ուժերից ոչ մեկի հետ հույսեր չեն կապում։
«32 տարի էստեղ ենք։ Բոլորն էլ նույնն են։ Մենք նույն աշխատողն ենք, ով էլ նախագահ է եղել։ Մեզ համար տարբերություն չի եղել»,- ասում է Սարգիս Այվազյանը։
Կարծիքներ