Ափսոս էր նախարարը

Ափսոս էր նախարարը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը երեկ անհարմար դրության մեջ էր հայտնվել։ Նա չէր իմանում՝ ինչպես արդարացնել հանրաքվեի միջոցով ՍԴ գործող կազմից, անձամբ Հրայր Թովմասյանից ազատվելու Նիկոլ Փաշինյանի անհագ ցանկությունը։ Դրա համար սկսեց անհեթեթ պատասխաններ տալ, թե Հրայր Թովմասյանի գնալով՝ ներդրումային միջավայրն ավելի գրավիչ կդառնա, մարդիկ ավելի վստահ կլինեն ներդրումներ անելու հարցում։ Խաչատրյանը որեւէ հոդաբաշխ բացատրություն չուներ իր այս զավեշտալի մտքերին, ոչ մի գործարար նրան նման բան չէր հուշել, միայն ասաց՝ իր մասնագիտական գիտելիքներից ելնելով է այդպես կարծում։ Փաստորեն, ըստ նախարարի ունեցած «մասնագիտական գիտելիքների», ներդրողներն ուզում էին ներդրում անել, բայց տեսնում էին՝ ՍԴ-ում Հրայր Թովմասյանն է նստած, փոշմանում էին։ Ու հենց նա գնա, ներդրումների տարափ կլինի։ Իհարկե, մի փոքր մառազմի եւ դեմագոգիայի դաշտից է այս դատողությունը, բայց լրիվ համարժեք է նախարարի արտահայտած «մասնագիտական» մտքերին։

Իրականում այստեղ Տիգրան Խաչատրյանը գրեթե մեղք չունի։ Նա ընդամենը զոհ է։ Նա Նիկոլ Փաշինյանի արտահայտած մառազմատիկ, ծայրահեղության հասնող եւ իրականության հետ կապ չունեցող հայտարարությունների ու քայլերի զոհն է։ Դրա համար էլ մեր զրույցի կեսից նա սկսեց մեզ աղերսել, որ դադարեցնենք Հրայր Թովմասյանի վերաբերյալ հարցեր տալը՝ հորդորելով տնտեսական հարցեր տալ։ Տիգրան Խաչատրյանը, որ Կարեն Կարապետյանի կառավարությունում էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում, իրականում համեստ, պարկեշտ եւ մարդկային դրական որակներով օժտված մարդ է։ Բայց նա ազնիվ չէ հանրության հետ։ Նա քաջգիտակցում է, որ իր ասածները մառազմի ու անհեթեթության դաշտից են, քաջգիտակցում է, որ ինքը կրակն է ընկել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ձեռքը, բայց չունի բավարար համարձակություն եւ ազնվություն՝ դեմ գնալու այդ ամենին եւ, օրինակ, կա՛մ հրաժարական տալու, կա՛մ հրապարակավ իր իրական դիրքորոշումը հայտնելու։ Դրա համար նա նաեւ արժանի է, որ լրագրողներն իրեն տան «ոչ տնտեսագիտական» հարցեր․ ի վերջո Խաչատրյանն էլ՝ Պապիկյանի, Թորոսյանի, Ավինյանի նման, քաղաքական պատասխանատվություն է կրում Նիկոլ Փաշինյանի մտքերի ու որոշումների համար։

Բայց միայն Տիգրան Խաչատրյանը չէ այս վիճակում։ Նրա հետ նույն աննախանձելի կարգավիճակում են գտնվում նաեւ Էրիկ Գրիգորյանը, Դավիթ Տոնոյանը, Մհեր Գրիգորյանը, Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀԿ-ից հետո շատ արագ «հեղափոխված» Ֆելիքս Ցոլակյանը կամ վարչապետի արցախյան «լուծումների» ձեռքը կրակն ընկած Զոհրաբ Մնացականյանը։ Այլ հարց է, թե այս անձանցից ով որքանով է կարողանում «հոգեկան ներդաշնակություն» գտնել այս կառավարությունում։ Դա կախված է մարդու ներքին բարոյականության շեմից, մարդու ազնվության աստիճանից, նրա կրած արժեքներից։ Որքան բարձր է պաշտոնյայի բարոյականության շեմը, այնքան բարդ է նրա համար առերեսվել մի իրականության հետ, որը կեղծ է, շինծու, պոպուլիստական եւ անհեթեթ։

Բայց Նիկոլ Փաշինյանը «փչացրեց» նաեւ այս նախարարներին՝ ստիպելով մասնակից դառնալ անգրագիտության եւ անբարոյականության շքերթին։ Նա ստեղծել է մի միջավայր, որտեղ Տիգրան Խաչատրյանի նման պարկեշտ մարդը ստիպված է այսպես անհեթեթ կերպով արդարացնել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Նա ստեղծել է մի միջավայր, որտեղ ԱԳ նախարարը ստիպված է հակառակորդի հետ բանակցություններում սրբագրել վարչապետի «սկզբունքները», որ խայտառակ չլինենք աշխարհի առաջ։ Ստեղծել է մի միջավայր, որտեղ ԱԱԾ տնօրենը ստիպված է սատանա բռնել, քանզի այդպիսի հանձնարարական է տվել վարչապետը, փոխանակ հաջորդ օրն իսկ հրաժարական տալու։ Նա ստեղծել է մի միջավայր, որտեղ հազար տարվա ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը դարձել է «Պապից էլ կաթոլիկ-հեղափոխական»՝ փոխելով արյունն ու մոռանալով իր անցյալը։ Փաշինյանի «ֆենոմենալ» կառավարության թերեւս ամենակոնստանտ մեծությունը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է։ Դժվար է ասել, թե ինչ է կատարվում նրա ֆինանսաբյուջետային հոգու խորխորատներում, որքանով է նա ներդաշնակ այն միջավայրին, որը ձեւավորել է Փաշինյանն իր թիմով, բայց Ջանջուղազյանն այն եզակի տաղանդավորներից է, որը միշտ բոլոր պրոբլեմատիկ պահերին կա՛մ շատ արագ անհետանում է ռադարներից, կա՛մ գտնում է ցանկացած իրավիճակին համահունչ «թվային» պատասխան, որից ո՛չ շիշը կվառվի, ո՛չ քյաբաբը։ Ջանջուղազյանի հաջողության եւ հաստատունության գաղտնիքը նաեւ այն է, որ Փաշինյանն ու մյուս քայլած հեղափոխականները շատ չեն հասկանում նրա թվային մանիպուլյացիաներից։ Կարեւորը՝ չմերժի բյուջեից գումար հատկացնել հանրաքվեի ու ճոխ պարգեւավճարների համար, մնացածն «OK» է։

Ջանջուղազյանի «տաղանդից» ունի նաեւ նրա «պարտնյոր» փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա էլ միշտ պատեհ պահի «անհետանում» է տեսադաշտից եւ վերադառնում, երբ ջրերը հանդարտվում են։ Անհասկանալիների թվում է նաեւ Էրիկ Գրիգորյանը, որը հերթական «ժառանգությունն է» նախկիններից։ Նա կարող է անվերջ խոսել անհասկանալի բաներից, միայն թե անդարդ պաշտոնավարի կառավարությունում, որն ամեն օր դատափետում է իր քաղաքական կնքահայր հանդիսացող նախկիններին։

Եվ այս մարդիկ այս տեսքով ու բարոյական այսպիսի նկարագրով այսօր ձեւավորում են «Սերժին մերժած» հեղափոխականների կառավարությունը։ Հետո էլ դժգոհում են, թե ինչու ենք նրանց հարց ուղղում Հրայր Թովմասյանից եւ իրենց անհարմար վիճակում դնում։ Այս կառավարության մաս կազմելուց անհարմար չեն զգում, մեր հարցերից են անհարմար զգում։