Քննչական կոմիտեն՝ ՌԴ քաղաքացիների խուլիգանական արարքների մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Քննչական կոմիտեն՝ ՌԴ քաղաքացիների խուլիգանական արարքների մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել

2023 թ․ դեկտեմբերի 9-ին` ժամը 00:23-ին, քաղաքացու կողմից կատարված ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ՌԴ քաղաքացներ Կ.Ա․-ն և Յ․Մ․-ն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել։
 
Մասնավորապես, վնասել են Երևան քաղաքի Թումանյան 29 հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոցի 24 հասցեում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով:
2023 թ․ դեկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Նույն օրը՝ ժամը 07։00-ին և ժամը 09։19-ին, ոստիկանության ծառայողների կողմից վերջիններս հայտնաբերվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Որոշում է կայացվել, վերոնշյալ արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու մասին։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են դեպքերին ականատես վկաներ, հանձնարարություն է տրվել ոստիկանությանը: Նախաքննությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ կատարվածի հանգամանքները լիովին պարզելու նպատակով։
 
Միաժամանակ, ձերբակալված Յ․Վ․-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2023 թ․ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Երևան քաղաքի իր բնակության հասցե են այցելել դիմակավորված անձինք, որոնք տևական ժամանակ նվաստացրել են իր անձը, կտրել են մազերը և ներկ լցրել գլխին:
 
Նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենագրքի 194-րդ հոդվածի 1-ի մասի (հոգեկան ներգործությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) հատկանիշներով:
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: