Վայոց ձորը հոսանքազրկված է

Վայոց ձորը հոսանքազրկված է

Հոսանքազրկումները Վայոց ձորի մի շարք համայնքներում եւ գյուղերում վերջին մեկ ամսում պարբերական են դարձել։ Խմբագրություն ահազանգած բնակիչներից մեկն ասաց, որ գրեթե ամեն օր անջատումներ են լինում՝ օրը մի քանի անգամ, մի քանի ժամով։ Հոսանքազրկումների հարցում չստանալով նորմալ բացատրություն՝ գյուղացիները դա վերագրել են Ամուլսարի շուրջ զարգացող դեպքերին․ նրանց կարծիքով՝ հոսանքազրկումների միջոցով իշխանությունները ցանկանում են իրենց զրկել ինֆորմացիայի աղբյուրից, որպեսզի չիմանան, թե ինչ է կատարվում Ամուլսարի շուրջ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը տեղեկացրեց, որ հանել են օգոստոս ամսվա հոսանքազրկումների պատկերը, ինչից երեւում է, որ, ընդհանուր առմամբ, օգոստոսին Վայոց ձորի մարզում եղել է 9 հոսանքազրկում․ «Դրանցից 3-ը՝ պլանային, իսկ պլանայիններն ավելի երկար են տեւում՝ օրենքով սահմանված կարգով, եւ հիմնականում 10-16-ն ընկած ժամանակահատվածն են ընդգրկում։ Մնացած 6-ը եղել են վթարային հոսանքազրկումներ, որոնք վերականգնվել են էլեկտրաէներգիայի օգտագործման եւ մատակարարման կանոններով սահմանված ժամկետներում, այն է՝ քաղաքային համայնքներում պահուստային սնուցման պարագայում՝ 2 ժամ, մյուս դեպքերում՝ 4 ժամ, գյուղական համայնքներում՝ 8 ժամ։ Այս ժամկետները որեւէ անգամ չեն գերազանցել»։ Ըստ Սարջանյանի՝ վթարային անջատումներն ընդգրկել են որոշ համայնքներ, բայց ոչ ամբողջ մարզը։

Այդ քանակի պլանային եւ վթարային անջատումները նորմա՞լ են, նախկինում է՞լ է այդպես եղել։ «Իհարկե՝ նորմալ է, 3 օր ունեցել ենք պլանային, որոնք ոչ թե նույն, այլ տարբեր հատվածներ են ընդգրկել, վթարայինների մասով նույնպես նորմալ է, եւ դրանք անխուսափելի են»։