Տուրիստականները «նստել են» սոցփաթեթների վրա, օգուտն ինչ

Տուրիստականները «նստել են» սոցփաթեթների վրա, օգուտն ինչ

Զբոսաշրջային ոլորտը Հայաստանում մեռած է, թաղած չէ․ շատ գրասենյակներ ուղղակի փակվել են, շատերը չեն լուծարվել, բայց գնացել են տուն՝ սպասելով ավելի լավ ժամանակների, և ինչպես «Հրապարակի» հետ զրույցում հայտնել էր «Անռիվա ընկերությունների խմբի» տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը՝ միակ բանը, որ անում են՝ փորձում են ակտիվացնել Հայաստանի ներսում սոցփաթեթները, ինչը ևս պրոբլեմատիկ է։

«Մարդիկ․․․ մի մասը վախենում է, մի մասը․․․ շատ պասիվ վիճակ է, և այդ՝ «ներքին տուրիզմ», որ անընդհատ խոսվում է, ապա ասեմ, որ նախ շուկան է շատ փոքր, և, ի վերջո, այնպես չէ, որ ներքին տուրիզմի համար բոլորը դիմում են տուրիստական կազմակերպություններին։ Մարդիկ իրենց մեքենաներով են ճամփորդում, եթե սոցփաթեթ չէ, չեն էլ դիմում տուրիստականներին, իրենք իրենցով իրենց հյուրանոցն ամրագրում են, գնում են հանգստանալու։ Եվ տուրիստական կազմակերպություններն անելիք չունեն, նրանց 99,9 տոկոսը չի աշխատում»։

«Աշխատում են, հիմնականում, ներքին տուրիզմի վրա վերջին 2 տարիների մասնագիտացված 1-2 ընկերություններ, որոնք մարդկանց տեղափոխում են պատմամշակութային վայրեր՝ Տաթև, Գորիս, Ծաղկաձոր և այլն։ Բայց սա էլ աբսուրդ է, քանի որ մի կողմից այս ընկերությունների գործունեությունը թույլատրված է, մյուս կողմից կառավարությունն ասում է՝ ուխտագնացություններ մի՛ արեք, մի հավաքվե՛ք»,-«Հրապարակին» հայտնել էր Ստամբուլյանը։ «Ռիմա թրավելից» տնօրեն Ռիմա Խաչատրյանը «Հրապարակին» հայտնեց, որ սոցփաթեթները քիչ թե շատ կարողանում են իրացնել: «Քաղաքացիները գնում են հանգստանալու սոցփաթեթների շրջանակում․ պահանջարկը, որ ասեմ՝ նախորդ տարիների համեմատ մեծ է, ոչ, եթե ասեմ՝ քիչ, էլի չէ․ օրական 4-5 մարդ ամենաքիչը»։

Ամեն դեպքում, Ռիմա Խաչատրյանն ասում է, որ միայն սոցիալական փաթեթով հնարավոր չէ պահել աշխատողներին, գրասենյակը, կոմունալ վճարներ կատարել ու հարկեր մուծել։

«Եվ հետո, պետք է հաշվի առնենք, որ այդ փաթեթների գումարները միանվագ չեն նստում տուրիստական գործակալության հաշվեհամարին, դա ողջ տարվա կտրվածքով է՝ ամսական 6 հազար դրամ է նստում մեր հաշվեհամարներին։ Նաև լինում են խնդիրներ, որ տարեվերջին պարզվում է, որ շատ շահառուներ աշխատանքից դուրս են եկել (հիշեցնենք, որ պետությունն է վճարում շահառուների հանգստի համար), և գումարները կասեցված են լինում»։

Ընկերության տնօրենին հարցրեցինք՝ նո՞ր է այդպես, ասաց, որ ոչ, նախկինում էլ կար, բայց այն ժամանակ տուրիստականները զբաղվում էին և՛ արտագնա տուրիզմով, և՛ ավիատոմսերի վաճառքով, և՛ սոցփաթեթներով, այդքան շատ չէին զգում այդ ռիսկերը։

Ռիմա Խաչատրյանն ինքը այս ընթացքում ստիպված է եղել աշխատանքից ազատել  5 աշխատակցի՝ թողնելով մեկին։