Սա ուղղակի աղետ է, որին մեզ ընտելացնում են

Սա ուղղակի աղետ է, որին մեզ ընտելացնում են

Դեկտեմբերի 12-ից փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որը գրող, գրականագետ Կարո Վարդանյանի կարծիքով՝ աստիճանաբար աղետի է վերածվում․ «Այդպիսի աղետ որ լինում է, րոպեներ հետո են դիմում միջազգային հանրությանը, իսկ դրան զուգահեռ ինչ-որ քայլեր են ձեռնարկում, իսկ սա աչքակապություն է։ Այդ անպատժելիությունից թեւավորված, բնականաբար, Ադրբեջանն անընդհատ այդպիսի կամայականությունների կդիմի եւ կստորացնի ազգաբնակչությանը»։

Ստեղծված իրավիճակում, ըստ Կ․ Վարդանյանի, կտրուկ միջոցներ են պետք․ «Եթե նույն միջազգային հանրությունն աչք է փակում այդ փաստի վրա, որ ադրբեջանցիներն այդ կենսական ճանապարհը փակել են ու մարդկանց դատապարտում են ամեն տեսակ հոգեբանական, տնտեսական, կենցաղային ճգնաժամի, վստահաբար՝ իշխանությունները ոչինչ չեն անելու, եւ եթե երբեւէ ժամանակավորապես բացվի, էլի պիտի վերագրեն իրենց, որ մենք դիմեցինք միջազգային հանրությանը՝ բացեցին։ Կտրուկ քայլեր են պետք, եթե կարողանում է ազերին 30, 50 հոգով ճանապարհ փակել, հա էլ կարողանալու է այդ քայլին գնալ, պետք է գնալ ու ռադ անել դրանց, թե չէ նստել ու սպասել․․․ սա ուղղակի աղետ է, որին գնալով մեզ ընտելացնում են»։

Կ․ Վարդանյանն անդրադառնում է նաեւ նախօրեին սահմանին ադրբեջանցիների կողմից արցախցի երեխաներին հոգեբանական բռնության եւ ահաբեկման ենթարկելու միջադեպին՝ երեխաներին փորձել էին Լաչինի միջանցքով Արցախ անցկացնել․ «Եթե տարիներ առաջ մի փոքրիկ բան լիներ, մենք ամեն դեպքի առիթով ունեինք տասնյակ, հարյուրավոր պաշտպաններ՝ մարդու հիմնարար, տարրական իրավունքներից սկսած, մինչեւ շուն ու կատվի իրավունքների պաշտպաններ, այսօր բոլորը վաղուց գետնի տակ են անցել։ Այդ տեսակ-տեսակ իրավունքների պաշտպաններին մենք, իհարկե, այն ժամանակ էլ գիտեինք, թե որտեղից են սնվում ու ինչպես են այդ իրավունքները դարձնում մատի փաթաթան, իսկ այսօր նրանցից ոչ մեկը ոչ մի ծպտուն չհանեց, ավելի զարհուրելի բան, թե ինչ արեցին մեր երեխաների հետ, դժվար էր պատկերացնել։ Մենք միայն գիտենք, որ մեկը վախից ուշագնաց եղավ, բայց մյուսներն ի՞նչ սթրես ապրեցին, ի՞նչ հետեւանք ունեցավ կամ ունենալու է երեխաների վրա այս միջադեպը, եւ անպատիժ մնալով՝ հետագայում չե՞ն կրկնվելու, թե՞ դառնալու են սովորական․․․ Այդ մարդիկ՝ պաշտպանները, իրենց գոյությունը պե՞տք է մի ձեւ ցույց տան, հապա բերեք մի ավտոբուս շուն տեղափոխեք, ազերին նույն համարժեքությամբ կենդանիների վրա նման ոտնձգություններ անի, հազար ու մի շան պաշտպան կհայտնվի։ Աբսուրդ է մեր իրականությունը։ Առաջին հերթին իշխանական աթոռների վրա առոք-փառոք բազմածները պետք է վերջապես ծպտուն հանեն, որպեսզի գոնե ազգաբնակչությունը համոզվի, որ այս ամենը փոխհամաձայնությամբ չի արվում։ Արդեն կարող ենք ամեն բան մտածել․․․։ Ազերի խուժանին ո՞վ կարող է թեւ տալ՝ գնալ այդպիսի քայլերի․․․»։

Երեկ զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքը, որի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ անգամ 44-օրյա պատերազմից հետո չեն կարեւորվում մեր բանակն ու զինուժը, իսկ կատարվածը, ըստ Կ․ Վարդանյանի, ոչ թե թյուրիմացություն էր, փնթիություն կամ դժբախտ պատահար, այլ ակնհայտ դիրքորոշում մեր զինուժի, բանակի հանդեպ․ «Այն դեպքում, որ մեր զինուժը մշտապես պետք է առաջնային լիներ, բայց պատասխանատուները լրիվ ուրիշ բանով են զբաղված, չգիտես ինչու, ամեն ինչի համար ֆինանսավորում կա, ընդ որում՝ բազմապատիկ, իսկ այս առաջնային հարցերն այսպես արհամարհվում են։ Ենթադրությունը մեկն է՝ վերջնականապես կոտրել զինուժը, որովհետեւ մեր թշնամին դա է ցանկանում, խնդիրը միայն տարածքների հարցը չէ, որ վաղուց ծառացած է մեր առաջ, տարածքը զենքի ուժով, բանակով է պահվում։ Ուրիշ եզրակացություն չենք կարող անել, դիտմամբ բարոյալքում են զինուժը, տարրական պայմաններից զրկում են զինվորին ու սպային։ Ու կարծես ամեն քայլ մնում է անպատիժ, անարձագանք, միայն անընդհատ թիրախավորում են՝ ռուս խաղաղապահ, կարծես թե ռուսն իր խաղաղապահով ստեղծվել է եւ գոյություն ունի մեզ պաշտպանելու ու մեր ամեն ինչը երաշխավորելու համար։ Սա եթե առաջ ծիծաղելի էր, հիմա ուղղակի աբսուրդ է։ Եթե ինքդ արհամարհում ես քո բանակը, քո զինվորին ու անընդհատ անգույն, անուղեղ զանգվածին ուղղորդում ես թիրախավորել ռուս խաղաղապահին, մարդիկ էլ ընդունում են դա, որ ինչ լինի, մեղավորը ռուս խաղաղապահն է»։

Ողբերգական դեպքի հետ կապված՝ կառավարության շենքի դիմաց ոչ ոք բողոքի ձայն չբարձրացրեց, մինչդեռ ելքը, ըստ գրողի, ընդվզումը եւ պոռթկումը պետք է լինեին, բայց այդ ամենի նշույլն էլ չի երեւում։ «Անելանելի շրջապտույտի մեջ ենք, եւ հավաքական իմաստով ցանկացած պայքար կամ հանրային կարծիք արմատախիլ է արվում հենց սաղմնավորվելուց։ Ամեն ինչ պատերազմով պայմանավորելն այնքան էլ ճիշտ չէ, հետեւողականորեն մեր հանրությանն ընդարմացնելու ծրագիր է տարվում, ներշնչել անուղղակի կերպով, որ ամեն մեկը թող մտածի իր գլխի եւ ընտանիքի մասին։ Պետական կառավարման ամբողջ համակարգը եթե մի քանի տարի առաջ կիսատ-պռատ տրտունջ ու բողոք արտահայտում էր, հիմա դա իսպառ վերացավ։ Պատճառը միայն վախը չէ, այլ նաեւ տեւական պարգեւավճարներն են, խրախուսանքի այլեւայլ միջոցները, այս արյունաքամ բյուջեն միայն այդ ուղղությամբ է ծախսվում ու փոշիացվում»։