«Իրենք ինձ ավելի են պետք». հատուկ մանկավարժը, մայրն ու արեւները

«Իրենք ինձ ավելի են պետք». հատուկ մանկավարժը, մայրն ու արեւները

Դեղագործ Զեմֆիրան բալիկի ծնունդից տարիներ անց պիտի փոխեր մասնագիտությունը եւ դառնար հատուկ մանկավարժ՝ Աստծո նախախնամությամբ կամ հանգամանքների բերումով: Ինչպես ինքն է ասում. «Ես հայտնվել եմ հեքիաթի մեջ…այո՛, ես դա հեքիաթ եմ համարում»:

Պատճա՞ռը կամ առի՞թը՝ աուտիստիկ սիմպտոմատիկայով բալիկի ծնունդն էր: Այսօր աշխատում է «Արեւ երեխաներ» հասարակական կազմակերպությունում դաունի համախտանիշով երեխաների հետ, իսկ ավելի ճիշտ՝ ապրում իր մասնագիտությամբ, թեւեր առնում «իր ձագուկների» նույնիսկ ամենափոքր ձեռքբերումներով: 

Ինչպիսի՞ն են արեւի մարդիկ
Զեմֆիրան հիացմունքով, ջերմությամբ ու սիրով է պատմում իր ձագուկների մասին. «Իրենք հե՜նց արեւներ են, չափազանց բարի ու մարդամոտ, հավատարիմ, մեկ ժպիտդ կվերադարձնեն հարյուր ժպիտով, սիրում են գրկել, համբուրել: Հիմա, երբ հեռավար ենք աշխատում, իրենք չեն կարողանում գրկել, պաչիկներ անել, իսկ իրենք առանց այդ ջերմության չեն կարողանում ապրել»: Նկատում է՝ եթե մյուս առանձնահատուկ երեխաների հետ դու պիտի մոտավորապես 8 պարապմունք ունենաս, որպեսզի նրանք հասկանան, թե դու ով ես՝ որպես մարդ, արեւների հետ մեկ հանդիպումից հետո դու նրանց կյանքում մնում ես ընդմիշտ: Շնորհակալ լինելու բարձրագույն հատկանիշը նրանց մոտ բնածին է: Ասում է. «Ես ձագուկներ ունեմ, որոնց հետ աշխատել եմ 2-3 անգամ, բայց իրենք ինձ չեն մոռանում»: 

Ներառականությունը՝ խտրական վերաբերմունքի լուծում
««Ներառական» հասկացությունը մեր հասարակությունում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու,-մտահոգվում է Զեմֆիրա Եգանյանը, հետո օրինակ բերում,-Ես Բախշյանի անվան թիվ 27 դպրոցում մի սենյակ ունեի, որտեղ երեխաները, անկախ նրանից՝ առանձնահատուկ են, թե՝ ոչ,  միասին խաղում էին: Իրենք այս սենյակում հավասար էին, մրցակցություն չկար, յուրաքանչյուրը խաղում էր իր հնարավորությունների ու երեւակայության սահմանում: Հետո այս սենյակից նրանք, ձեռք ձեռքի բռնած, բարձրանում էին դասարան: Քանի դեռ դպրոցներում չկա նման բան, քանի դեռ մանկապարտեզներում չկա ներառական հոսք, հասարակությանը չես կարող մեղադրել այդ բալիկների նկատմամբ ունեցած խտրական վերաբերմունքի համար: Ես չեմ էլ ուզում քարկոծել մարդկանց, որոնք չգիտեն նույնիսկ՝ ինչի մասին է խոսքը: Ա՜յ, եթե մանկապարտեզի՜ց սկսվեր այդ գործընթացը…չէ՞ որ երեխաները փոքր տարիքում չեն հասկանում՝ ինչ ասել է թերություն, չեն հասկանում, որ ինքը տարբեր է: Իսկ ինչքան մեծանում է երեխան, այնքան սկսում է հասկանալ, որ այո՜, ինքը տարբեր է»: 
 

Եթե տաս, կվերցնես…
Վստահ է՝ բազմաթիվ դեպքերում հենց իրենք՝ ծնողներն իրենց խնդիրներն ունեն ներառման գործընթացում. «Շատ հաճախ նրանք մտածում են, որ բոլորը պարտավոր են իրենց ընկալել: Ես որպես առանձնահատուկ բալիկի ծնող եմ սա ասում. ոչ ոք որեւէ մեկին ոչինչ պարտավոր չէ: Պարզապես մարդիկ պիտի հասկանան, որ այս կյանքը համագործակցություն է: Ամեն ինչ փոխադարձ է. պետք է տաս, որպեսզի վերցնես: Առանձնահատուկ երեխաների մեր շատ ծնողներ մտածում են, որ իրենք պետք է միայն վերցնեն: Բայց այդպես չի լինում: Մի օրինակ բերեմ. դասարանում տարեդարձ են նշում, եւ ծննդյան տորթը դաունի համախտանիշով բալիկը շրջում է հատակին, ինքն էլ չի հասկանում, թե՝ ինչու՝ կա՜մ ուրախությունից, կա՜մ ոգեւորությունից…դա նաեւ մյուս երեխաների տորթն է, չէ՞ որ նրանք էլ երեխա են: Ես չեմ կարող մյուս 35 երեխային ասել, որ դուք դա պետք է ընդունեք: Ո՞ւմ պետք է բացատրեմ, բնականաբար՝ ծնողին: Այսինքն՝ առանձնահատուկ բալիկի ծնողը հարյուր անգամ ավելի զգույշ ու զգոն պիտի լինի, քան՝ մյուս ծնողները: Ես իմ աղջկա սովորելու տարիներին 30 հոգու սպասարկել եմ, որպեսզի իմ աղջիկը որեւէ մեկի սովորելու իրավունքը չխախտի: Արդյունքում գիտե՞ք ինչ եմ ստացել. երբ դասարանից դուրս եմ եկել այդ 30 երեխան ինձանից լավ են իմ աղջկան մամայություն արել: Շատ-շատ բարդ է այդ գործընթացը: Այսինքն՝ մտածել, որ Գոհարին՝ իմ աղջկան, պարտավոր են բոլորը, պարտավոր են ընդունել…չէ՜, պարտավոր չեն, չէ՞ որ իր կողքինն  էլ է երեխա: Ինքը մեղավոր չէ, որ իմ կյանքում այդպես է ստացվել, դա իմ բաժին փորձությունն է: Բայց արդյունքում այսօր  մենք՝ աղջկաս դասարանի հետ, դարձել ենք մեկ ընտանիք»: 

Չհաշտվելու ուժը
«Ես երբեք չեմ հաշտվում, որ իմ երեխան նման չէ մյուսներին: Երբ ինքն ինչ-որ սխալ բան է անում, ես չեմ ընդունում, որ իրեն չպետք է նկատողություն անեմ, որովհետեւ չանել ու ասել՝ դե, հիվանդ երեխա է(տանել չեմ կարողանում այդ արտահայտությունը), սխալ եմ համարում: Ես պայքարում եմ նաեւ իմ հետ համագործակցող ծնողների առաջ՝ ցույց տալով, որ, այո՜, ձեր երեխաները կարող են կարդալ, երգել, նվագել…այնքան, որքան կարողանում են: Հասկանու՞մ եք՝հենց հաշտվեցիր այն մտքի հետ, որ դե, ինքը հիվանդ երեխա է, ուրեմն վե՜րջ, ակնկալիքներ ունենալ պետք չէ: Գիտե՞ք՝ ես ինչքան ուրիշներին օգնում եմ, այնքան իմ աղջկա գործն առաջ է գնում: Բումերանգի օրենքն աշխատում է: Դա իմ առողջ էներգետիկ դաշտի աղբյուրն է, որը ես ինձ հետ տուն եմ բերում: Այսինքն՝ երբ ծնողը բավարարված է իր արած աշխատանքով, այդ տրամադրությունը նա փոխանցում է նաեւ ընտանիքի մյուս անդամներին: Ախր դուք չեք պատկերացնում, թե իրենք ինչքա՜ն լավն են: Ես՝ որպես ծնող-մասնագետ, օրինակ եմ իմ բալիկների ծնողների համար: Երբ իրենք տեսնում են, որ ես աշխատում եմ իմ աղջկա հետ ու արդյունքի հասնում, իրենք էլ են ոգեւորվում ու սկսում աշխատել: Մեր ծնողները շա՜տ լավն են: Հայ մաման մեկ է՝ մնում է հայ մամա»: 

Ծնող-մասնագետը
«Հատուկ մանկավարժն աշխատում է ոչ միայն առանձնահատուկ երեխայի, այլև նրա ծնողի հետ: Այդ աշխատանքը եռանկյան նման է: Ծնողը, մանկավարժն ու երեխան եռանկյան գագաթներն են: Այստեղ պետք է հավասարազոր ու հավասարակշռված աշխատանք»,-նկատում է Զեմֆիրա Եգանյանը: Նրա համոզմամբ՝ առանձնահատուկ երեխայի ընտանիքի կենցաղային պայմաններն ամենակարևորն են: Իր փորձից է ասում՝ եթե առաջին անհրաժեշտության պայմաններն ապահովված են, դու այդ պահից նոր կարող ես աշխատել երեխայի հետ, քանի որ եթե դա չկա, աշխատանքը վալսի նման բան է դառնում. մի քայլ՝ առաջ, երկու քայլ՝ հետ: Այսինքն՝ ծնողը պիտի կարողանա երեխային ապահովել ամենապարզ բաներով՝ մատիտներով, թղթերով, այլ պիտույքներով, որպեսզի մասնագետը կարողանա հանգիստ իր աշխատանքը կատարել: Վստահեցնում է՝ ծնողի մասնակցությունն այս գործընթացին անհրաժեշտություն է. «Ծնողը պիտի վստահի մասնագետին: Այս դեպքում իմ ծնող լինելն ինձ շատ է օգնում, քանի որ ես այդ բոլոր խնդիրներն իմ մաշկի վրա եմ զգում՝ թե՛ կենցաղային, թե՛ մասնագիտական առումներով: Ես զգում եմ, թե որ թելը՝ զգացմունքի, գովեստի, խրախուսանքի, որ պահին ձգեմ, որպեսզի իմ մասնագիտական տիկնիկն աշխատի: Ինչպես դերասանն է, խամաճիկին շարժելով, աշխատում, այնպես էլ մենք ենք աշխատում: Շատ դեպքերում ծնողներին եմ խրախուսում, ապա նոր՝ երեխաներին: Քանի որ հասկանում եմ, որ իմ անուղղակի կապը երեխաների հետ է, ուղղակի կապը՝ ծնողների: Մանկավարժ-երեխա կապող կամուրջը ծնողով է անցնում»: 

Չընդհատվող շղթա
«Ցանկացած մեկն ունի էներգետիկ դաշտ: Պիտի շրջանառություն լինի. Էներգիան երբեք չի անհետանում: Ֆիզիկայի պարզ օրենքն է. մի ձեւից վերածվում է մեկ այլ ձեւի: Նույն կերպ մեր փոխհարաբերություններն են: Այսինքն՝ ես իմ էներգիան շրջանառության մեջ եմ դնում՝ այդ երեխաների շնորհիվ: Մեղմ ասած՝ իրենք ինձ ավելի են պետք, քան ես՝ իրենց: Իսկ իրենց պատկերացմամբ՝ ես եմ իրենց ավելի պետք: Հասել ենք մի վիճակի, երբ առանց իրար չենք կարող, ծնող-երեխա-մանկավարժ շղթայում մենք անընդհատ պիտի փոխազդեցության մեջ գտնվենք: Ես իմ սպառած էներգիան իմ ձագուկներից եմ ստանում: Նրանք իմ փոխանցած էներգիան կրկնապատկած են ինձ վերադարձնում, երբ թեկուզ մի փոքր քայլ են անում դեպի առաջ:
Ես ուզում եմ հավատալ, որ այս մասնագիտությունն ընտրած մարդը վատը լինել չի կարող: Եթե ինքն ընտրել է այս ոլորտը, ուրեմն ինքը հուզական է, զգացմունքային, բարի: Միաժամանակ չափազանց կարեւոր է մասնագիտական հմտությունների ու մարդկային որակների ճիշտ հավասարակշռումը»:

Անահիտ ԳԵւՈՐԳՅԱՆ