Ժողովրդի իշխանությունը սահմանափակված է

Ժողովրդի իշխանությունը սահմանափակված է

Վերջին ժամանակներում թերևս ամենաշահարկվող եզրույթը «ժողովրդի իշխանությունն» է։ Այս եզրույթը ոչ միայն շահարկվում է, այլ նաև պարբերաբար բռնությունների է ենթարկվում, քանի որ հիմնականում կիրառվում է առանց հասկանալու, թե ինչի մասին է խոսքը։ Օրինակ՝ վստահ եմ, որ պատգամավորներից շատերը դա կիրառում են պարզապես կիրառելու համար, ինչ ոչ նաև՝ բուն հարցադրումներից խուսափելու և վարչապետին կրկնելու նպատակներով։
Ասվածից հետևում է, որ կառավարող թիմի գաղափարախոսները (եթե իհարկե կան) պետք է բացատրեն, թե կոնկրետ ինչ նկատի ունեն «ժողովրդի իշխանություն» ասելով։

Հավատացնում եմ ձեզ, դա չափազանց աբստրակտ և հազարավոր մեկնաբանություններ ունեցող եզրույթ է, ավելին՝ կրոնական տեքստի կարգավիճակով, ինչպես մեկնաբանես, այնպես էլ կմեկնաբանվի։ Օրինակ՝ «ժողովրդի իշխանություն» ասելով կարելի է հասկանալ պրոլետարիատի դիկտատուրա կամ էլ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորված ֆաշիստական մի ռեժիմ, որը ժողովրդի կամքով բնաջնջում է հրեաներին։

Բայց էս ամենից անդին մի հարց եմ ուզում տալ։ Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների մի զգալի հատվածը ատելությամբ է լցված փոքրամասնությունների նկատմամբ։ Այսինքն ժողովրդի մի պատկառելի զանգված ցանկանում է ոչնչացնել իրենից տարբերվող հատվածերին։ Հիմա հարցը․ Ինչո՞ւ չեք փոխում Սահմանադրության հիմնարար, անփոփոխ հոդվածները, որպեսզի կյանքի կոչենք ժողովրդի կամքն ու ցանկությունը։
Ենթադրում եմ, որ իմքայլականների առավել կրթված հատվածը այսպես կպատասխանի․ Հիմնարար, անփոփոխ սկզբունքները փոփոխման ենթակա չեն, քանի ժողովրդի իշխանությունը անսպառ և անվերջանալի չէ և «ժողովրդի իշխանություն» եզրույթը սահմանափակված ու հավասարակշռված է մեկ այլ հիմնարար սկզբունքով, որն է՝ իրավական պետության գաղափարը։
Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որը մասին արդեն 500 տարի է, ինչ խոսում են ու գրում։ Հոբսից սկսած մինչև մեր օրերը։
Ցավոք սրտի Հայաստանում արժեքները դատապարտված են դեգրադանալու և բերանի ծամոն դառնալու հեռնկարին։