Ծիրանային ռևյու. Հարավկորեական, մակեդոնական եւ իրանական սոցիալական դրամաներ

Ծիրանային ռևյու. Հարավկորեական, մակեդոնական եւ իրանական սոցիալական դրամաներ

Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 16-րդ մեկնարկը տրվեց Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» (Հարավային Կորեա) ֆիլմով:

«Մակաբույծը» սատիրայի ու բռնության տակ քողարկված սոցիալական դրամա է, աղքատների ու հարուստների դասակարգային պայքար, որը ռեժիսորը ներկայացրել է չափազանց լարված եւ անսպասելի լուծումներով։ Հետաքրքիր է, որ ինքը՝ ռեժիսորը, իր ֆիլմի մասին ասել է, որ ֆիլմում մակաբույծն աղքատ ընտանիքը չէ, որ աշխատանքի տեղավորվելով հարուստ ընտանիքում՝ ուզում են ի վերջո տիրանալ նաեւ նրանց տանը։

«Ինձ համար նրանք չեն այդ պատմության չարագործները, բոլոր կերպարներն էլ ոչ միանշանակ իրավիճակում են։ Ֆիլմը նախեւառաջ համակարգի մասին է, որը ստիպում է նրանց հայտնվել նման իրավիճակում»։ Չուն-հո Պոն երգիծանքի ու սարսափի միջոցով ներկայացնում է երկու տարբեր սոցիալական խավի ընտանեկան դրամաները։

Մակեդոնացի ռեժիսոր Թեոնա Ստրուգար Միտեւսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա» ֆիլմի պրեմիերան, որն ընդգրկված է «Ոսկե ծիրան» փառատոնի «Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ» անվանակարգում, այս տարի կայացել է Բեռլինալեում։ Շտիպ մակեդոնական փոքրիկ քաղաքում ամեն տարվա հունվարին ծխական քահանան գետն է շպրտում փայտե խաչը, եւ հարյուրավոր տղամարդիկ խաչի հետեւից սուզվում են գետը: Բարեբախտության ու հաջողության երաշխիքը բաժին է ընկնում նրան, ով կգտնի խաչը: Այս անգամ Պետրունյան եւս պահի մղումով սուզվում է ջուրն ու մյուսներից առաջ ընկնելով՝ հանում խաչը:

Մրցակիցները բորբոքված են. ինչպե՞ս է համարձակվել կինը մասնակցել իրենց ծեսին: Բանը հասնում է նրան, որ Պետրունյային տանում են ոստիկանություն եւ հորդորում խաչը հանձնել՝ իր իսկ անվտանգությունից ելնելով, որովհետեւ գյուղի տղամարդիկ սպառնում են, հայհոյում աղջկան, ով դեմ է դուրս եկել ավանդույթներին եւ դա արել է մի տեսակ ինքնաբերաբար, ներքին մղումով, քանի որ ուզում է երջանիկ լինել։

Իսկ փոքրիկ գյուղում դժվար է լինել երջանիկ, հատկապես երբ անգործ ես, 32 տարեկան, չհասկացված ծնողներիդ եւ համագյուղացիներիդ կողմից։ Եվ միայն այս միջադեպը լուսաբանող լրագրողն է հաստատակամ, ով փորձում է քաջալերել Պետրունյային՝ իսկ ի՞նչ կասեր պատրիարխալ եւ քարկոծող այս հասարակությունը, եթե Աստված կին լիներ։

Ոստիկանապետը հետաքրքրվում է պատմաբան Պետրունյայից՝ ո՞ր պատմական ժամանակաշրջանն է սիրում, հավանաբար՝ Ալեքսանդր Մակեդոնացո՞ւ, բայց՝ ոչ, Չինական հեղափոխությունը, երբ մարդիկ ձգտում էին հավասարության։ Մի բան, որին փորձում է հասնել նաեւ Պետրունյան։ Չնայած բարձրացած աղմուկին, Պետրունյան չի հանձնվում եւ մտադիր չէ խաչը զիջել մինչեւ այն պահը, երբ հասկանում է, որ այն, ինչ իրեն պետք էր, արդեն ունի, իսկ խաչը գյուղի հովիվին եւ նրա հոտին ավելի է պետք։

«Ոսկե ծիրանի» տարածաշրջանային համայնապատկերում ներկայացված է իրանցի դերասան եւ ռեժիսոր Բեհրուզ Շոայբիի «Փայտփորը» ֆիլմը: Կախվածությունից տառապող Մահսան կարծում է, թե իր դուստրը մեռած է, բայց պատահաբար պարզում է, որ աղջիկը ողջ է եւ ապրում է հոր՝ իր նախկին ամուսնու հետ։ Մայրական բնազդն արթնանում է թմրամոլ դարձած Մահսայի մոտ, ով այդ պահից որոշում է աղջկան հետ բերել:

Մահսան ստիպված է առերեսվել նախկին ամուսնու եւ նրա նոր կնոջ հետ, որոնց կյանքը վերածում է իսկական դժոխքի։ Իրանական այս ֆիլմում տեսնում ենք «հատակում» հայտնված տարբեր տարիքի կանանց, ովքեր փողի դիմաց երեխա են ունենում եւ վաճառում նրանց, ովքեր կախվածություն ունեն թմրանյութից եւ դրա պատճառով կորցրել են իրենց ընտանիքները։ Իրանցի ռեժիսորը կարծես վարագույրը մի կողմ է տանում, եւ մենք տեսնում ենք այն խնդիրները, որ կան նաեւ այսօրվա Իրանում։ Իսկ դրանք միայն սոցիալական չեն, դա նաեւ բարոյական ճգնաժամն է, որը կարելի է հաղթահարել, եթե մեջդ մի քիչ սեր ու հավատ կա։