Արսեն Թորոսյանի կինը գազպրոմցիներին գրեթե հավասար աշխատավարձ է ստանում

Արսեն Թորոսյանի կինը գազպրոմցիներին գրեթե հավասար աշխատավարձ է ստանում

Առողջապահության նախարարի կինը՝ Վարդանուշ Թևանյանը պաշտոնը ստանձնելու պահին ներկայացված հայտարագրում բավականին բարձր աշխատավարձ է հայտարարագրել ՝ 17 միլիոն դրամ։ 
«Միբս» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը Առողջապահության նախարարի կինը ստանձնել է 2018-ի մայիսից։
Hraparak.am-ի հետ զրույցում Վարդանուշ Թևանյանը հասկացնել տվեց, որ դա իր 10-11 տարվա աշխատավարձը չէ, հիշեցնելով, որ նախկինում ևս աշխատում էր ամուսնու հիմնադրած բուժհիմնարկում, սակայն աշխատավարձի  կոնկրետ թիվն այդպես էլ չհայտնեց։

Դիտարկմանն էլ, թե, փաստորեն, լավ բարձր աշխատավարձ է ստանում, առողջապահական ոլորտի 1-ին դեմքի կինն ասաց․ «Այո, մասնավոր սեկտոր է»։
Վարդանուշ Թևանյանի խոսքով, այնուամենայնիվ, նման բարձր աշխատավարձ իր համար ինքը չի սահմանել՝ որպես տնօրեն, այլ ընկերության մասնակից-անդամները կամ կազմակերպության սեփականատերերն են այդպես որոշել։
Հիվանդանոցի տնօրենը նաև հստակ չպատասխանեց, թե «Միբս»-ում որքան է կազմում միջին աշխատավարձը՝ ասելով, որ  շատ ավելի բարձր, քան միջին 150 հազար աշխատավարձը։
Վարդանուշ Թևանյանի մասին նյութը պատրաստելիս հայտնաբերեցինք 2008 թվականի մի տեղեկատվություն, երբ մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ Արարատ Միրզոյանն և Վարդանուշ Թևանյանը մասնակցել էին փակման եզրին գտնվող ԳԱԼԱ հեռուստաընկերության համար անցկացված հանգանակությանը իրենց 5000-ական դրամներով։


Հարցումից հետո ԱՆ նախարարի կինը հիշեց, որ տարիներ առաջ նման մի հանգանակության մասնակցել է։ Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին, ապա ասաց՝ չգիտի՝ այդ Արարատ Միրզոյանը Արարատ Միրզոյա՞նն է, թե ոչ, քանի որ այն ժամանակ նրան անգամ չէր էլ ճանաչում։