Հետո կերևա՝ աշխատավարձերը բարձրացվո՞ւմ են, թե՞ ոչ

Հետո կերևա՝ աշխատավարձերը բարձրացվո՞ւմ են, թե՞ ոչ

«Այդ հարցը մի քիչ պրոբլեմատիկ է, որովհետև պետք է ճշտենք, թե «հեղափոխություն» ասելով ինչ ենք հասկանում, որ տեսնենք՝ երևույթները համապատասխանո՞ւմ են դրան, թե՞ ոչ»,- պատասխանելով «Հրապարակի» հարցին արդեն երևո՞ւմ են ճանապարհները, որոնք կարող են տանել «տնտեսական հեղափոխության», ինչի մասին իշխանությունները ամեն օր խոսում են, պատասխանեց ֆինանսների նախկին փոխնախարար, Լոմոնոսովի անվան համալսարանի հայաստանյան մասնաճուղի գործադիր տնօրեն Պավել Սաֆարյանը։

«Այն, որ բարեփոխումներ միշտ կարելի է անել, և որ դրանք միշտ անհրաժեշտ են, հասկանալի է։ Մեկը արմատական բարեփոխումները բնութագրում է որպես հեղափոխություն, մյուսն՝ ընդամենը որպես խոր բարեփոխումներ։ Ես կարծում եմ՝ տերմին այնքան էական չէ, որքան այն նպատակները, որոնք դրվելու են, և այն միջոցառումները, որոնք այդ նպատակին ծառայելու են։

Դրա համար զուտ ֆինանսների տեսակետից շատ կարևոր է առաջիկայում ընդունել հարկային օրենսդրության մեջ փոփոխությունները, ծախսային քաղաքականությունը, միջինժամկետ ծախսային ծրագիրը, որ օրենքով մինչև հուլիսի 10-ը պետք է ընդունվի։ Այդ փաստաթղթերը հնարավորություն կտան ավելի առարկայական խոսել այդ հարցի վերաբերյալ»։

- Դժգոհություններ կան նաև նույն հարկային օրենսգրքի վերաբերյալ, համահարթեցման սկզբունքը, որը առաջարկեցին իշխանությունները, ասում են, առաջին հերթին հենց փոքր ու միջին բիզնեսին է հարվածելու։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք։

- Ընդհանրապես տնտեսության մեջ՝ այդ թվում նաև հարկային բնագավառում չկան բացարձակ աքսիոմատիկ ճշմարտություններ, ցանկացած միջոցառում ունի իր պլյուսներն ու մինուսները։ Դուք բացեք ցանկացած դասագիրք և կտեսնեք, որ հաճախ, երբ խոսում են այդ թեմայով, դասագրքային ճշմարտություններ են ասում, մեկը ծայրահեղացնում է համահարթի պլյուսները, մյուսը՝ պրոգրեսիվի։

Երկուսն էլ ունեն պլյուսներ ու մինուսներ, այլ բան է, թե կոնկրետ այս պահին որքանով է նպատակահարմար այդ համահարթ տարբերակը ընդունելը։ Իհարկե, դրա դեմ կարելի է նաև դեմ փաստարկներ բերել, կարելի է նաև կողմ խոսել։ Օրինակ՝ պրոգրեսիվային համակարգով մարդկանց եկամուտների շատ մեծ տարբերությունը, դիֆերենցացիան սոցիալական տեսակետից ինչ-որ չափով արդար էր, համահարթը, կարծես թե,  այդ արդարությունը խախտում է։

Համահարթն էլ ունի իր առավելությունները, օրինակ, հարկերը թաքցնելու հնարավորություններն է մի քիչ սահմանափակվում, և ըստ էության, այն սկզբունքը, որ հավասար եկամուտները պետք է հավասար չափով հարկվեն, ավելի շատ համապատասխանում է դրան։ Հիմա կառավարությունը փաստորեն ավելի շատ նախապատվությունը տվել է այս 2-րդ փաստարկնեին, ինչն, այսպես ասած, նախընտրության հարց է։

- Ի՞նչ եք կարծում համահարթ հարկման համակարգը կաշխատի՞ մեր երկրում՝ նկատի ունենալով, որ կան մի քանի խոշոր խաղացողներ, որոնց դա ձեռնտու է, և մանր ու միջին բիզնես։

- Այն բիզնեսը, որտեղ ավելի բարձր եկամուտներ կան, իրենց մոտ փաստորեն հարկային թեթևացում է գնում։ Այստեղ կարևոր է, թե ինչքան է այդ բիզնեսում եկամուտը, աշխատողների վճարվող եկամտահարկը, որովհետև բիզնեսը որպես կանոն շահութահարկ վճարող է, ոչ թե եկամտահարկ։ Այսինքն՝ աշխատողների մակարդակով  կարող է խնդիր առաջանալ։

- Ինչպիսի՞ն է Հայաստանի ֆինանսական վիճակը ներկայումս։ Վարչապետն ասում է, որ բյուջեն գերակատարել է, հավելյալ գումարներ են մուտքագրվել, սեպտեմբերից աշխատավարձեր են բարձրանալու, իսկ ընդդիմախոսներն էլ ասում են, որ նա թվերի հետ մանիպուլյացիա է անում։ Եվ ռիսկեր չկա՞ն, երբ չկա կայուն տնտեսական աճ։

- Այն, որ աշխատավարձեր պետք է բարձրանան, հիմա քննարկելը անպտուղ գործ է, որովհետև ժամանակը կգա, կերևա՝ աշխատավարձերը բարձրացվո՞ւմ են, թե՞ ոչ։ Մի մասն ասում է, որ բարձրացնելու են, մյուսներն էլ ասում են, որ չեն բարձրացնելու։ Երբ  վերջին անգամ աշխատավարձերը բարձրացրին 2015 թվականին, դրա համար պահանջվեց 80 միլիարդ դրամ, այն ժամանակ կային կարծիքներ, որ կարելի է աստիճանաբար բարձրացնել աշխատավարձերը, որովհետև երբ միանգամից բարձր սանդղակ ես վերցնում, հետո շատ դժվար է լինում։