Ինչո՞ւ ավարտվեց От Ильича до Ильича պաշտոնավարող Հարությունյան եղբայրների էպոխան

Ինչո՞ւ ավարտվեց От Ильича до Ильича պաշտոնավարող Հարությունյան եղբայրների էպոխան

1991 թվականից ցայսօր Հայաստանի պետական կառավարման համակարգի հիերարխիայում կարեւորագույն տեղ զբաղեցնող Սահմանադրական դատարանի, ապա Բարձրագույն դատական խորհրդի նախկին  նախագահ, նախկին վարչապետ Գագիկ Հարությունյանը երեկ հրաժարական տվեց։ Այն կարծես թե սպասելի էր, այլ բան էր նրա հետ նույն օրը հրաժարականի դիմում ներկայացրած եղբոր՝ Արզուման Հարությունյանի պարագան։ Նա էլ ազգային անվտանգության համակարգում էր 1996 թվականից,  1999-ից  Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Երեւանի քաղաքային վարչության պետն էր, 2008 թվականից ուներ գեներալ-մայորի զինվորական կոչում, իսկ 2010-ի հունիսից ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալն էր։ Արդյոք սա պարզ պատահականությո՞ւն էր, թե՞ օրինաչափություն եւ կամ խորհրդանշական։ Այս մասին զրուցել ենք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

- Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Հարությունյան եղբայրների հրաժարականները։ 

- Ճիշտն ասած՝ ավելի շատ կարող եմ մեկնաբանել Գագիկ Հարությունյանի տեսանկյունից, կոնկրետ բացատրություն գտնել։ Ըստ իս՝ Գագիկ Հարությունյանին արդեն առանձնապես պետք չէր դիմադրություն ցույց տալ, եթե նույնիսկ ցանկություն ուներ, որովհետեւ, էսպես ասեմ՝ թիկունքը պինդ չէր։ Այսինքն՝ չկա քաղաքական որեւէ հենարան, քաղաքական ուժ, որն աջակցի, եթե ինքը նույնիսկ իր սեփական կարծիքն ուզենա արտահայտի եւ այլն։ Առավել եւս, որ Գագիկ Հարությունյանը երբեք էլ աչքի չի ընկել որպես մարտնչող մարտիկ, միշտ գնացել է փոխզիջումային ու կոմֆորմիստական  լուծումների։ Դրա համար էլ, ինչպես  ասում են, Միկոյանի նման էր․  От Ильича до Ильича։ Եթե չեմ  սխալվում՝ 91-ից  իշխանության մեջ է եւ բոլոր իշխանությունների օրոք ունեցել է իր  դիրքերը՝ շատ սահուն կերպով մի համակարգից տեղափոխվելով մյուսը․ Կոմունիստական կուսակցությունից՝ ՀՀՇ, ՀՀՇ-ից՝ Քոչարյան, ՀՀԿ համակարգ։ Անգամ ինձ թվում է, որ այս մի տարում էլ նա փորձեց ադապտացվել նոր պայմաններին, եւ միայն այն ժամանակ, երբ հասկացավ, որ իր ծառայություններով հետաքրքրված չեն, որոշեց անցնել թոշակի։ Առավել եւս՝ տարիքն էլ դրան նպաստում է։ Բայց համոզված եմ՝ եթե նոր իշխանությունն իր կարիքն ունենար, ինքն էլի կմնար։

- Նրա եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, ԱԱԾ-ում առանցքային պաշտոն էր զբաղեցնում։

- Իհարկե, եղբոր կտրվածքով ավելի շատ ենթադրությունների մակարդակով է, բայց չեմ բացառում, որ այդ «վեթթինգ» կոչվածը չի տարածվում միայն դատական իշխանության վրա, այլ իրավական եւ այլ համակարգերի վրա։ Այսօր Վանեցյանը հենց այդպես էլ ասաց։ Իր համոզմամբ՝ վեթթինգը պետք է ամբողջ պետական համակարգում լինի։ Եվ միգուցե մեկ օրվա մեջ 2 եղբայրների պաշտոնանկությանն այս տեսակետի՞ց պետք է նայել։ Այս պահին միանշանակ չեմ կարող ասել։ Ասեմ, որ եթե Գագիկ Հարությունյանի պարագայում ամեն ինչ հասկանալի էր՝ ինչի հետ էր կապված, ինչ պրոցեսների հետեւանք է, ինչ եզրահանգումների է եկել, կարծում եմ՝ ինչ-որ խոսակցություններ էլ են եղել այսօրվա ղեկավարության հետ, ապա ԱԱԾ համակարգի պարագայում միանշանակ չեմ կարող ասել՝ ինչ պրոբլեմ կա։ Ի դեպ, ճիշտն ասած, ես դա ամենաքիչը կապում եմ հենց Գագիկ Հարությունյանի գործունեության հետ։

- Արտահոսքեր, կապեր նախկին իշխանության վերջին «միջնաբերդի» հետ։

- Ամեն ինչ էլ կարելի է ենթադրել, բայց սա այն ենթադրությունների շարքից է, երբ ասում են՝ սաբոտաժ են անում։ Ո՞վ է անում, ինչի՞։ Ասեմ, որ պետական համակարգում այսօր մեծ մասը մարդիկ են, որոնք այսօր մոտավորապես 3 տասնամյակ աշխատում են համակարգում։ Ե՛վ ԱԱԾ, ե՛ւ ուժային այլ կառույցներ։ Եվ նրանց թվում շատ են այն մարդիկ, ովքեր իրենց նախասիրություններն ունեն, իրենց քաղաքական ուղղվածությունները։ Ու բոլորին չես կարող կասկածել, որ իրենցից այսօր արտահոսք չի լինի։ Պատկերացրեք, որ այս ողջ ինֆորմացիան միայն Արզուման Հարությունյանինը չէ, այլ շատ մարդկանց։ Եվ եթե զտումը լինի այն սկզբունքով, որ  էս մեկը սրա բարեկամն է, սա աշխատել է էս  մեկի հետ եւ այլն,  ապա առաջիկայում կարելի է սպասել հրաժարականների ու պաշտոնանկությունների շարքի։ Ըստ որում, ասեմ, որ եթե այդ պաշտոնանկությունները լինեն, ապա նրանց դժվար է կոչել անգամ  2-րդ էշելոն․ ԱԱԾ-ում գեներալին, ով համակարգում է տասնամյակներով, դժվար է համարել 2-րդ պլանի խաղացող։ Հա, կառավարության անդամ չեն, կաբինետի ներկայացուցիչներ չեն, բայց բավականին կարեւոր դիրքեր ունեն։ Եվ չեմ բացառում, որ այդ վեթթինգ կոչվածը, նաեւ այդ՝ ոչ հրապարակային վեթթինգն արդեն իսկ սկսվել է։