Խորովածի ծուխ ծխանի

Խորովածի ծուխ ծխանի

Ընդ մանղալի փող ծուխ ելաներ,
Ընդ մանղալի փող բոց ելաներ,
Եվ ի բոցոյն վազեր անթրաշ պատանեկիկ,
Նա շամփուրներ ուներ,
Ապա թե լավաշ ու միս,
Եվ ամբոխի առաջ զամենս ճաշակեր:

«Մինչ Հայաստանում տրանսգենդերություն էր քարոզվում, իսկ Նիկոլը մայրաքաղաքի փողոցներում 124 միլիոնանոց խորոված էր համտեսում, Ադրբեջանն ու Թուրքիան Ադրբեջանում մեծ զորավարժության են նախապատրաստվում»: Բա Ֆեյսբուքում օրը ցերեկով այսպիսի բան կգրե՞ն, պարոն Շարմազանով, որ Դուք եք գրել: Մարդիկ մի կտոր հաց են կերել` քթներից եք բերելո՞ւ: Սա ի՞նչ սաբոտաժ է, չեմ հասկանում: Տրանսգենդերին դեռ մի կողմ թողնենք: Ի՞նչ վատ բան կա խորոված անելու եւ ուտելու մեջ: Խորովածն էլ հո հայկական է․ խոզը` Իջեւանից, ուտողները` հայ: Ես կողմ եմ, որ հայերը միշտ խորոված անեն ու հավեսով ուտեն: Թուրքերն էլ թող տեսնեն ու սրտների ուզած չափ զորավարժություն անեն: Լաչինի, Շուշիի, Քելբաջարի եւ Աղդամի ազատագրման օրերից մեր խորովածի ծուխը նրանց վրա «կարմիր լաթի» ազդեցություն է ունենում, իսկ դա այնքան էլ վատ չէ: Բայց ես մի քիչ դեմ եմ, որ խորովածը Մաշտոցի պողոտայում անեն: «Թումանյանի շավուրման» քիչ էր, հիմա էլ` «Մաշտոցի խորոված»: Խեղճ Մեսրոպ Մաշտոց, տեսնես` երբ գրերը շալակած Հայաստան մտավ, խորոված արեցի՞ն… Բայց լավ է, որ մենք խորոված ենք անում հաճելի, երբեմն էլ հատուկ առիթներով: Խորովածի հարգը պետք է լավ իմանանք ու պահենք: Այսօր այն միակ ուտեստն է, որ ռեստորաններում` հարսանիքներին, կնունք-ծնունդներին հատուկ երգուպարով են մատուցում:

Հայաստանում առաջին անգամ էր նշվում Քաղաքացու օրը, եւ առանց խորովածի այն չէր ուտվի… կներեք` ստացվի: Դե հիմա բոլորին չհասավ, ո՞վ է մեղավոր: Ընդամենը 124 միլիոն փող ունեին, որից 100-ն ուղարկեցին Տավուշի մարզ` Իջեւան, խոզի միս գնելու նպատակով: Էն 24 միլիոնն էլ, սազանդարներ էին բերել, նրանց բաժանեցին, պրծավ: Մյուս կողմից էլ` հեչ պարտադիր չէր, որ ՀՀ բոլոր քաղաքացիները մասնակցեին Քաղաքացու օրվա ուրախությանը: Մեր տելեները, միեւնույն է, միայն Նիկոլ Փաշինյանին էին ցույց տալու խորոված ուտելիս, այնպես որ մասովկայի անհրաժեշտություն էլ չկար: Այնքան քիչ մարդ տեսա, որ ակամայից սկսեցի կասկածել` տեսնես բոլոր խոզե՞րն են մորթել, թե՞ այս խորոված փարթիից էլ հարստացողներ եղան, ինչպես ասֆալտի գործից: Ասֆալտի հետ կապված Փաշինյանի շարժումները չեմ կարողանում մոռանալ․ ասֆալտը դա ասֆալտ է՝ ասում էր նա` ձեռքերը գրպանները մտցնելով: Բա խոզը խոզ չի՞: Ի՞նչ արժե մեկ խոզն այսօրվա գներով. հաստատ մի 100 քառ․ մետր ասֆալտից ոչ պակաս: Ինչ որ է, անուշ լինի:
Մենք կրկին գանք Շարմազանովի չուզողությանը:

Պարոն Շարմազանով, Դուք իջաք Մաշտոցի պողոտա, եւ Ձեզ խորոված չտվեցի՞ն: Աշոտյանի հետ գնայիք, ինչո՞ւ չմասնակցեցիք: Դա նույնիսկ այդ օրվա ասելիքը կդառնար, այդ կադրերը կթռչեին բոլոր հեռուստաալիքներով, այդ լուսանկարները կզարդարեին մեր թերթերի առաջին էջերը, ու մենք կունենայինք իսկական քաղաքացու օր: Խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք, ես նույնպես չեմ մասնակցել Մաշտոցի խորովածին, ավելին, Ֆեյսբուքում խնդրել եմ ինձ չշնորհավորել: Բայց Ձեր հանգամանքը, պարոն Շարմազանով, բոլորովին այլ է, դուք հանրահայտ ՀՀԿ-ականներ եք, եւ ձեր մասնակցությունը խորովածին կմիավորեր ազգը: Այլապես մարդիկ խորովածը կերել-վերջացրել են, Դուք զարթնել, ահ եք տալիս, թե թուրքերը զորավարժություն են անում: Բա որ այդքանը հասկանում եք, ինչո՞ւ բերեցիք, խորովածի մեծ վարպետ Նիկոլին դարձրիք վարչապետ: Սերժի իրավահաջորդ… Ես մեռա: Տեսնես էն խոզերն իմացա՞ն, թե ում պատվին մորթվեցին ու խորովվեցին Մաշտոցի պողոտայում: Բա գայիք, ձեր իրավահաջորդի կողքին կանգնեիք, մի կտոր խորոված ուտեիք, ինչպես ԱԺ-ում, երբ անցնում էիք «հեղափոխության» կողմն ու, իրար հերթ չտալով, քվեարկում Նիկոլի վարչապետ դառնալու օգտին:

Կարծում եմ` ճիշտ չէ Քաղաքացու օրվա կապակցությամբ քննադատել միայն նախկին իշխանություներին: Իբր ներկանե՞րն ինչ արեցին: Քաղաքացու օրը Էստոնիայում ցույց են տալիս տաղանդավոր մարդկանց, այդ տարվա մեծ գործեր արած քաղաքացիներին, վերջում էլ երկրի մշակույթի եւ ՆԳ նախարարները մեդալներ ու պարգեւներ են հանձնում հատուկ ժյուրիի ընտրյալներին: Ճիշտ է, մենք մշակույթի եւ ՆԳ նախարարներ չունենք, բայց տաղանդավոր մարդիկ էլ հո շա՞տ ունենք: Ո՞ւր էին այդ մարդիկ Քաղաքացու օրը, ինչո՞ւ խորոված չէին ուտում Փաշինյանի հետ: Էն անտաղանդ սազանդարներն էլ որ փողոցներում «չզռզռացնեին», տպավորություն կստեղծվեր, որ հայերը մի կտոր հաց կերան Մաշտոցի պողոտայում եւ, քանի որ «ռազմախի» հարց էր, 124 միլիոնի հաշիվ փակեցին:

Մենք Փաշինյանի կառավարությանն առաջարկում էինք ՀՀ քաղաքացու օր հռչակել մեր հայտնի օրերից մեկը, Սահմանադրության օրը, օրինակ: Չլսեցին: Ես նույնիսկ գրեցի` քաղաքացու օր թող դառնա մեր թիվ 1 կապույտ անձնագրի հանձնման օրը: Այդ անձնագիրը, եթե չեմ սխալվում, Լեւոն Տեր-Պետրոսյանին են տվել, բայց ոչինչ, կարեւորն այս դեպքում ՀՀ քաղաքացու անձնագիրն է: Ինձ էլ չլսեցին: Մարդիկ որոշել էին տոնն իրենցով անել եւ «հեղափոխական» ապրիլի վերջին շաբաթ օրը պատմության մեջ մտնել: Եվ այնքան հաստատ էին որոշել, որ ընկան պատմության մեջ: Հիմա գոնե հասկացա՞ն, որ չի կարելի ուրիշին նսեմացնելու գնով վսեմանալ: Կերա՞ք Մաշտոցի խորովածը, անուշ լինի, իսկ ո՞ւր մնացին Քաղաքացու օրն ու քաղաքացին: