Իրենք երկու տարի մսխել են անիմաստ ու բթացնող քարոզչության վրա

Իրենք երկու տարի մսխել են անիմաստ ու բթացնող քարոզչության վրա

«Հրապարակի» զրուցակիցն է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

-Ինչպե՞ս կգնահատեք Նենսի Փելոսիի այցը Հայաստան: Ինչու՞ Ադրբեջանը նման սուր արձագանքներ հնչեցրեց այցի վերաբերյալ:

-Ես կարծում եմ սա կարևոր այց էր, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Փելոսին և նրան ուղեկցող կոնգրեսականները հստակ շեշտեցին, որ վերջին պատերազմական գործողությունները հրահրվել էին Ադրբեջանի կողմից: Այս հայտարարություններից անմիջապես հետո Ադրբեջանը ԱԳՆ մակարդակով հայտարարեց, որ «նման անհիմն հայտարարություններն ավելի են մեծացնում լարվածությունը»: Սա փաստացի սպառնալիք էր նոր գործողությունների գնալու վերաբերյալ: Պատահական չեմ համարում, որ դրանից անմիջապես հետո պետքարտուղար Բլինքենը զանգահարեց Ալիևին: Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ «Բլինքենը կոչ է արել պահպանել հրադադարը, հետքաշել զորքերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կարևոր խնդիրների լուծմանը դիվանագիտական ճանապարհով»: Սա դիտարկում եմ որպես ազդակ Վաշինգտոնից, որպեսզի Բաքուն չգնա նոր էսկալացիայի և պահպանի ձեռքբերված հրադադարը: Նշեմ նաև, որ Փելոսիի այցի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև Ադրբեջան Միլլի Մեջլիսի խոսնակը՝ կրկնելով ԱԳՆ-ի նույն թեզերը: Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ լավ է, որ Վաշինգտոնը փորձում է օգնել զսպելու ադրբեջանական կողմի հետագա ագրեսիվ գործողությունները, բայց ցավոք, այդ ամենը ժամանակավոր բնույթ է կրում, քանի դեռ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ միջազգային իրավական մեխանիզմներով չեն պատժվել ագրեսիվ պատերազմ սանձազերծելու համար: Եթե ուզում ենք, որ Ալիևը չկարողանա ագրեսիան ու պատերազմն օգտագործել որպես գործիք խնդիրները լուծելու համար, ապա պետք է գործընկերների հետ խելացի աշխատենք այդ ուղղությամբ: Հակառակ դեպքում մեկ երկու կոչերից հետո, որոշ ժամանակ անց Ադրբեջանը կանցնի նոր գործողությունների:

-Կարծում եք` հնարավո՞ր է պատժել Ադրբեջանին:

-Խելացի աշխատանքի դեպքում ամեն ինչ հնարավոր է, իսկ մենք ոչ միայն խելացի չենք աշխատել, այլ ընդհանրապես չենք աշխատել, ինչ աշխատանք էլ տարվել է, սխալ ուղղությամբ է տարվել: Օրինակ, եթե 2020 թ. արցախյան պատերազմից հետո ՀՀ ղեկավարությունը կեղծ «խաղաղության դարաշրջանների» ու վտանգավոր, հանրությանը բթացնող համակեցության քարոզի փոխարեն աշխատանք տաներ միջազգային իրավական ատյաններում ագրեսիան պատժելու և կանխարգելելու ուղղությամբ, մենք միգուցե և կանխեինք 2021 թ. մայիսյան ներխուժումը ու հետագա ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Կամ` եթե 2021 թ. մայիսյան ներխուժման ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ շատ վտանգավոր «հայելային հետքաշման» առաջարկի փոխարեն աշխատանք տաներ միջազգային հանրության՝ հասցեական հայտարարություններից զատ (որոնք մենք այդ ժամանակ ունեցել ենք, օրինակ, Ֆրանսիայից, Կանադային, ԱՄՆ-ից ու Հնդկաստանից) հարցը տանեինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ապա կարող էինք կանխել 2022 թ. սեպտեմբերի պատերազմը: Այսինքն՝ բացառապես ներքաղաքական օրակարգերով առաջնորդվող, պետական շահի գիտակցումից զուրկ և սեփական աթոռը փրկել ցանկացող իշխանությունը իրերը իրենց անուններով կոչելու և դրա միջոցով կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու փոխարեն արել է վտանգավոր, ՀՀ շահերից չբխող, հակասական հայտարարություններ՝ ավելի բարդացնելով մեր իրավիճակը: Փաստերը շատ խոսուն են: Հիշու՞մ եք, երբ հայտարարում էին, որ եթե իրենք չլինեն իշխանության, պատերազմ կլինի: Օրեր առաջ մենք պատերազմական գործողությունների մեջ էինք, բայց ոմանք դա «սահմանային միջադեպ» կոչեցին: Ինչո՞ւ, որպեսզի չընդունեն, որ ձախողել են խաղաղության վերաբերյալ անբովանդակ բանակցությունները կամ որ նորից պատերազմ է, իսկ իրենք հանրությանը ոչ մի ձևով դրան չեն նախապատրաստել և մսխել են երկու տարի անիմաստ ու բթացնող քարոզչության վրա: Պետական շահի նվազագույն գիտակցում ունեցող իշխանությունը իրերը կկոչի իր անուններով, որպեսզի կանխի հետագա զարգացումները: Իսկ ներկայիս իշխանությունները դա չեն անում:

-Փելոսիի այցի հետ կապված հանրության որոշ շերտեր շատ ոգևորված են, ոմանք էլ համարում են, որ դա խնդրահարույց է: Ի՞նչ կարծիք ունեք:

- Ես կարծում եմ` մենք պետք է դադարենք ծայրահեղական մոտեցումներով առաջնորդվել: Այցը կարևոր էր, ինչպես նշեցի, բայց հարցն այն է, որ այսօրվա որոշում կայացնողները ի՞նչ օրակարգ են դրել սեղանին, ինչպե՞ս են պատրաստ օգտվել ԱՄՆ առաջարկած օժանդակությունից կամ ի՞նչ կարգի օժանդակություն է մեզ առաջարկվում: Այս ամենը մենք չգիտենք, մենք միայն Փելոսիի հանրային որոշ ելույթներ ենք տեսել, որոնք մեծամասամբ ՀՀ շահերից են բխում: Բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք դադարենք փրկիչներ փնտրել, քանի որ դա սխալ է ու անօգուտ: Յուրաքանչյուր երկիր իր շահն է սպասարկում և եթե ունենք շահերի համընկնում, ապա պետք է խելամտորեն օգտվել դրանից: Այսօր Վաշինգտոնի զանգը կարող է կարճաժամկետ զսպել Ալիևին, բայց երկարաժամկետ առումով պատերազմը կարող ենք կանխել միմիայն մենք՝ մարտունակ բանակով ու պատրաստված, զինված, կամային հատկանիշներ ունեցող հանրությամբ: Այդ ամենը պետք է զուգահեռվի միջազգային գործընկերների հետ խելացի աշխատանքով: Մենք պետք է գիտակցենք, որ մեզանից շատ Հայաստանի հանրապետության` որպես պետության գոյության մեջ ուրիշ ոչ ոք չի կարող հետաքրքրված լինել: Այս առումով ևս մեկ անգամ կմեջբերեմ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքերը, որոնք հաճախ եմ ասում ձեզ հետ զրույցներում. «Լա՛վ իմացեք, պատերազմից խուսափելու լավագույն ձևը միշտ պատերազմին պատրաստ լինելն է: Ուզո՞ւմ ենք խաղաղություն լինի, պետք է ունենանք ամուր բանակ»:
Վ