Քրեական գործով Ռոբերտ Քոչարյանը կարդարացվի․ պաշտպան

Քրեական գործով Ռոբերտ Քոչարյանը կարդարացվի․ պաշտպան

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ շուրջ կես տարով հետաձգվեց «Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» գործով նախնական դատական նիստը։

Նիստի ավարտից հետո Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդքան ժամանակով նիստը հետաձգելուն՝ ասաց․ «Դա մեր դատական համակարգի լրջագույն խնդիրներից մեկն է, անձը տեղյակ է դատավարության մասին, մենք պետք է հասնենք մի մոդելի, երբ անձը գիտի իրեն դատի տալու մասին․․․ ընդունում եմ, որ կա օրենսդրական խնդիր եւ արդար դատաքննության իրավունքի իրականացման հարց, բայց 5,5 ամիսը երկար է ծանուցման համար։ Լրջագույն խնդիր է, մանավանդ հաշվի առնելով հայցի տեսակը, բայց մենք խոսում ենք բարոյական վնասի հատուցման մասին, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հայտարարությունը, ինչի հիման վրա հայց է ներկայացվել, եղել է անցած աշնանը։ Այսինքն՝ կլինի մոտավորապես 1 տարի առաջին նիստի օրը։ Կարելի էր ամիսը մեկ անգամ նիստ նշանակել, բա որ 5,5 ամիս հետո պարզվի, որ էլի ծանուցված չի։ Մոտավորապես կստացվի, որ քրեական գործով կարդարացվի Ռոբերտ Քոչարյանը, դրանից հետո կունենանք զրպարտության գործ»։

Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչները դիմել են դատարան՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել այն, որ Սիլվա Համբարձումյանը 2018 թվականի նոյեմբերի 2-ին ասուլիսի ժամանակ հնչեցրել է հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ ․․․»: