Ապագա խորհրդարանի հմայքն ու թշվառությունը

Ապագա խորհրդարանի հմայքն ու թշվառությունը

Գործող պառլամենտում, ըստ նախնական հաշվարկների, «Իմ քայլը» կունենա 88 պատգամավոր՝ 84 պլյուս 4 ազգային փոքրամասնություններ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստանը»՝ 18։ Այս պատկերն ստացվել է ԸՕ պահանջների բերումով, քանի որ խորհրդարանի 1/3-ը պետք է լինի ընդդիմություն։

«Նախ հաշվվում է, թե որ կուսակցությունը քանի մանդատ է ստանում, ինչպես է բաշխվում 101 մանդատը։ 101-ը բաշխում ենք, տեսնում ենք, որ համամասնորեն «Իմ քայլը» ստանում է 84 մանդատ, ԲՀԿ-ն՝ 10 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝ 7։ Որպեսզի պահպանվի 1/3-ի դրույթը, պետք է ԲՀԿ-ին ու «Լուսավորին» համապատասխան քանակով մանդատ ավելացվի, որ նրանք իրենց քանակով բավարարեն 1/3-ի դրույթի չափանիշներին»,- ասաց Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ այդ հաշվարկի արդյունքում պարզվել է, որ ընդդիմության մանդատների թիվը պետք է հասցվի 44-ի, եւ ստացվել է այս պատկերը՝ 88, 26, 18։ Այդ 88 մանդատից 4-ն ազգային փոքրամասնությունների մանդատներն են, որոնք եւս «Իմ քայլին» են գնում։

Ահա սա է լինելու ժողովրդի ձեւավորած խորհրդարանը, որտեղ իշխանությունը լինելու է բացարձակ՝ գրեթե 100 տոկոսանոց, որտեղ ընդդիմություն, կարելի է ասել, չկա, քանզի երբ նայում ենք, թե ովքեր են լինելու այդ ընդդիմությունը, մեր հույսը մնում է միայն իշխանությունը, որ գոնե ինքն իր ներսում ընդդիմացողներ կձեւավորի։ 

Պառլամենտական համակարգով երկրում առաջին անգամ արդար ու թափանցիկ համարվող ընտրություններում ձեւավորված ԱԺ-ում ունենալու ենք պառլամենտարիզմի հետ զրո աղերս ունեցող խորհրդարան։ Այ, սա է մեր նոր խորհրդարանի հմայքն ու թշվառությունը։ Ունենալու ենք մի խորհրդարան, որտեղ ընդդիմությունը սոսկ դեկորացիա է լինելու, մեր հարկերի հաշվին ղժղժացողների հավաքածու, որը որեւէ գործառույթ չի ունենալու, բացի իրենց խրոխտ ներկայությունն ապահովելուց։ Ու մենք՝ լրագրողներս, կարոտ ենք մնալու մի ընդդիմադիր խոսքի ու ելույթի, մի սուր մտքի ու քննադատության։

Ողբերգությունն այն է, որ մերժված ՀՀԿ-ի օրոք ձեւավորված խորհրդարանը շատ ավելի լիբերալ ու դեմոկրատական պատկեր ուներ, շատ ավելի համահունչ էր պառլամենտարիզմի ոգուն ու գաղափարին, քան նոր ձեւավորվելիքն է։ ՀՀԿ-ն վեցերորդ գումարման խորհրդարանում ուներ ընդամենը 58 պատգամավոր՝ 105-ից։ Այսինքն՝ սահմանադրական օրենքների ընդունման ժամանակ այլ ուժերի, օրինակ՝ Դաշնակցության օգնության կարիքն էր զգում, որ ապահովեր նվազագույնը 63 ձայն՝ անցկացնելու համար 3/5-ով ընդունվող օրենքները։ Հիմա «Իմ քայլն» ունենալու է 88 պատգամավոր եւ թքած է ունենալու ԲՀԿ-ի եւ «Լուսավորի» վրա․ ցանկացած օրենք կարողանալու է ինքնուրույն անցկացնել։ 

Ուշագրավ է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ ՀՀԿ-ն առաջարկում էր այս հարցում փոփոխություն մտցնել եւ իշխանության մանդատների քանակը սահմանափակել ոչ թե 2/3-ով, այլ 3/5-ով, բայց կառավարությունը մերժել է սա։ ՀՀԿ-ն, իհարկե, հիմա է «գլխի ընկել» այս վտանգը ու որոշել է այն շտկել, բայց նման «հարմար» դրույթների իմաստը հասկացած նորերն այլեւս չեն պատրաստվում հրաժարվել ՀՀԿ-ական հարմարություններից։ 

Սրան կգումարվի նաեւ նոր կադրերի «հմայքը»՝ ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ ու պատվիրակությունների ղեկավարներ։ Պատկերացնելն արդեն իսկ մտահոգվելու լուրջ առիթ է տալիս։ Բայց սա այն իշխանությունն ու խորհրդարանն է, որը մենք ենք ընտրել եւ որին մենք արժանի ենք։