Վերջ տվեք սիրողական մոտեցումներին 

Վերջ տվեք սիրողական մոտեցումներին 

Սեւանի շուրջ ստեղծված վիճակը տագնապի տեղիք է տվել անգամ այն մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն լողում Սեւանում, չեն հանգստանում Սեւանի ափին, Սեւանից ձուկ չեն որսում, Սեւանի ձուկը չեն ուտում, եւ Սեւանն իրենց համար ընդամենը հեռվից դիտելու եւ դրսից եկած հյուրերին ցուցադրելու օբյեկտ է։ Անգամ նրանք են հասկանում, որ ոչ մեկիս չի հաջողվելու խուսափել Սեւանի աղետից, եւ այն ազդելու է բոլորիս վրա՝ այնպես, ինչպես նույն նավում հայտնված ուղեւորներին է նույն ճակատագիրը սպառնում։ Մանավանդ՝ եթե ջուրն իսկապես ախտահարված է, եւ այդ ջրով գյուղատնտեսական ոռոգում է կատարվում Արարատյան դաշտում, ընդհանրապես ոչ մի շանս չկա «փրկվելու»՝ այդ գյուղմթերքը տառացիորեն մտնում է բոլորիս տները՝ ե՛ւ ՀՀ վարչապետի, ե՛ւ մեր շենքի պահակի, ե՛ւ առողջապահության նախարարի ու Գեղարքունիքի մարզպետի։

Այնպես որ, նախեւառաջ մեզ հարկավոր է շիտակ ու առանց իրականությունը խեղաթյուրելու հասկանալ, թե ինչպիսին է իրերի վիճակը՝ որքանով է այն վտանգավոր, ինչ հարուցիչներ կան ջրի մեջ, եւ ինչպես է այն անդրադառնալու մարդկանց կյանքի եւ առողջության վրա։ Սա այն դեպքն է, երբ կեղծիքն ու սուտը մերժելի են ու ավելի վտանգավոր, քան իրականությունը՝ որքան էլ այն դառը լինի, տնտեսապես ոչ շահավետ, տուրիզմի եւ մարզի բնակչության բիզնեսին վնասող։

Եվ ամոթ է, որ մենք ոչ միայն մեր լիճն ենք հասցրել այդ վիճակին, այլեւ տարրական անալիզներ, փորձաքննություններ անելու ունակ չենք, որոնք կլինեն համոզիչ եւ վերջնական՝ բոլոր հարցերի պատասխանները տվող։ Այս պարագայում սիրողական մոտեցումները՝ իբր հայրենասիրության, իբր երկրի տնտեսության համար սրտացավության տեսանկյունից, երբ մերկանում եւ ջուրն են մտնում՝ իբր Սեւանի անվտանգ լինելն ապացուցելու համար, անհեթեթ են ու ծիծաղելի։