Ձերբակալել են Հրազդանի քաղաքապետարանի հարկային բաժնի նախկին պետին եւ աշխատակիցներին

Ձերբակալել են Հրազդանի քաղաքապետարանի հարկային բաժնի նախկին պետին եւ աշխատակիցներին

Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ ձերբակալվել են Հրազդանի քաղաքապետարանի հարկային բաժնի նախկին պետն ու աշխատակիցները: 2018թ.-ին Հրազդանի քաղաքապետարանում արտաքին աուդիտը միլիոնների հասնող չարաշահումներ էր հայտնաբերել: Միայն հարկային բաժնում վերջին 2 տարում հայտնաբերել էին 138մլն. 534 հազար դրամի չարաշահում։

Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյան հաստատեց տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չասաց: Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական նախկին բաժնի պետ Ռադիկ Հարությունյանը, որը եւս բարձրաձայնել էր Հրազդանի քաղաքապետարանում միլիոնների հասնող չարաշահումների մասին նշեց, որ եթե իր դիմումին նախորդ իշխանությունները ընթացք տային 2 տարի առաջ, ապա այսպիսի պատկեր չէր ստացվի. «Մարդիկ տարիներ շարունակ գույքահարկ են մուծել, սակայն հարկային բաժնի կողմից այն յուրացվել է: Հարկային բաժնի աշխատակիցները ձերբակալվել են հանրապետության դատախազի, ավագ քննիչ Իվանյանի եւ քննչական անձնակազմի մեղքով: Եթե 2 տարի առաջ չկաշառվեին եւ օբյեկտիվ քննություն կատարվեր, իմ բողոքը բացահայտած լինեին, էս մարդիկ նոր հանցագորոծություններ չէին անի, 2 երիտասարները չէին ձերբակալվի, եւ չէին դատվի: Ես հիմա էլ ասում եմ, ոչ թե 138 միլիոնի, այլ միլիարդի հասնող չարաշահումներ են եղել քաղաքապետարանում, որը չէր կարող տեղի ունենալ առանց Դանիելյան Արամի հովանավորությամբ: Դանիելյան Արամը ինձ տալիս էր թղթերը, ես դիմում էի դատարան, հետո պարզվում էր, որ մարդիկ տանում փող էին տալիս Դանիելյանին, իսկ հարկային բաժնի պետն էլ զրոյացնում էր պարտքերը: Սա է եղել տարիներ շարունակ Հրազդանի քաղաքապետարանում»- ասաց Ռադիկ Հարությունյանը:

Մեր նախորդ զրույցում Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը ասում էր, ովքեր մեղավոր են, թող պատասխան տան, այդ ամենը իրեն չի մտահոգում: