Լոռու մարզպետը բարկանո՞ւմ է․ հիմնավոր կասկած բենզինի բաշխման թեմայով

Լոռու մարզպետը բարկանո՞ւմ է․ հիմնավոր կասկած բենզինի բաշխման թեմայով

Լոռու մարզպետարանը «Հրապարակի»՝ ապրիլի 13-ին տպագրված «Լոռու մարզպետարանում բենզինը ծախսում են «հին ձևերով»» վերտառությամբ հոդվածի առիթով որոշել է առանձին պաշտոնական դիրքորոշում արտահայտել, յուրօրինակ «հատուկ կարծիք»։ Հոդվածում, հիշեցնենք, օգտագործել էինք մարզպետարանի նախկին վարորդ Հայկ Հակոբյանի տեղեկություններն առ այն, որ երկու մեքենա է ծառայում մարզպետ Ղուկասյանին, որ նա ամիսը 350 լիտր բենզին է դուրս գրել, որով, իբր, ամիսը 35 անգամ գործուղման է գնացել Երեւան, այնինչ օգտագործել է միայն 50 լիտրը, մնացածը յուրացվել է։ Որպես հին ՔՊ-ական՝ Հայկն այս ամենի վերաբերյալ բողոքել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին եւ ստացել պատասխան․ «Ի՞նչ է եղել որ, եղածը 300 լիտր բենզին է, նախկինների նման կաշառք չի վերցրել»։ Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղարն ասում է, որ նման խոսակցություն չի եղել, իսկ Լոռու մարզպետի դիրքորոշումը հոդվածում արդեն ներկայացրել էինք։ Բայց մարզպետին դուր չեն եկել նյութը շարադրելու մեր ոճը և հոդվածի վերնագիրը, ուստի նա հետևյալ գրությունն է ուղարկել մեզ և պնդում է իր խոսնակ Հրայր Հակոբյանի միջոցով, որ մենք անպայման կրկին անդրադառնանք իր պատասխանին։ 

««Հրապարակ» օրաթերթի ապրիլի 13-ի՝ «Լոռու մարզպետարանում բենզինը ծախսում են «հին ձևերով»» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ Լոռու մարզպետարանը հայտնում է իր պաշտոնական դիրքորոշումը: 

Նախ հոդվածի խորագիրը թյուրիմացության մեջ է գցում ընթերցողներին՝ միանգամից չարտացոլելով իրականությունը և հակակրանք ու ատելություն առաջացնելով սոսկ վերնագիրը կարդացող քաղաքացիների մոտ:  

Նման պարագայում կա՛մ վերնագրից միանգամից պետք է հասկանալի լինի, որ կեղծիք, ապատեղեկատվություն և հերյուրանք պարունակող նախադասությունը մարզպետարանի նախկին աշխատակից Հայկ Հակոբյանի ուղղակի խոսքն է և անձնական կարծիքը, կա՛մ պետք է զուգահեռաբար նշվի մարզպետարանի հերքում պարունակող խոսքը։ Մենք հաստատում ենք մեր կողմից հնչեցրած պաշտոնական մեկնաբանությունը»,- ասված է տեքստում։ Հիշեցնենք, որ, ըստ այդ մեկնաբանության, մարզպետարանի նախկին աշխատակից Հայկ Հակոբյանը՝ որպես վարորդ, սպասարկել է ոչ թե նախկին փոխմարզպետ Արշակ Հովսեփյանին, այլ մյուս փոխմարզպետ Արամ Խաչատրյանին, որը ներկայումս ԱԺ պատգամավոր է:

 «Նրան իր աշխատելու ընթացքում տրվել է այնքան վառելիք, որքանի դիմաց ստացականում ստորագրվել է: Արամ Խաչատրյանի՝ ԱԺ պատգամավոր ընտրվելուց և փոխմարզպետի պաշտոնը լքելուց հետո Հայկ Հակոբյանը շարունակել է աշխատել որպես վարորդ՝ սակայն ո՛չ Արշակ Հովսեփյանի ծառայողական ավտոմեքենային կցագրված գրանցված վարորդ: Իր համաձայնությամբ նա մարզպետարանից ստացել է դիզվառելիքի կտրոն եւ փոխմարզպետ Արշակ Հոսեփյանին, ըստ անհրաժեշտության, գործուղումների է տեղափոխել սեփական մեքենայով:  

Աշխատանքային յուրաքանչյուր օրվա համար փոխմարզպետի ծառայողական մեքենան շահագործելու նպատակով դուրս է գրվել 10 լիտր բենզինի կտրոն»,- կրկին պնդում են մարզպետարանից, և մենք այս պատասխանը կրկին հրապարակում ենք՝ մարզպետարանի մեր կոլեգաներին չնեղացնելու համար։ 

Այնուամենայնիվ նկատենք, որ պատասխանում որևէ թվային տվյալ չի ներկայացվել, և մեր հիմնավոր կասկածն առ այն, որ Լոռու մարզպետարանում հին ձևերով են բենզին բաժանում, մարզպետարանի այս գրությամբ չի վերանում։ Մենք կապվեցինք Հայկ Հակոբյանի հետ, և տեղեկանալով մարզպետարանի այս դիրքորոշմանը՝ նա պնդեց․ «Թող ներկայացնեն դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսների երթուղաթերթիկները։ Այնտեղ նշված բենզինի չափը չի համապատասխանում իրենց ներկայացրած թվին, և նույն երթուղաթերթիկի մեջ նշված են մեքենայի մակնիշը և պետհամարանիշը»։  

Իսկ մարզպետին խորհուրդ ենք տալիս իր մամուլի պատասխանատուներին հատուկ դասընթացի ուղարկել, որ նախ հասկական, թե ինչ է նշանակում հերքում, որն է պատասխանը, որը՝ պարզաբանումը, ինչը լրագրողական հոդվածում կարող է հերքման առարկա հանդիսանալ, ինչը՝ ոչ, որտեղ է ավարտվում խոսնակի լիազորությունը և սկսվում լրագրողի՝ իրեն հայտնի տեղեկատվությունը հանրությանը բարեխղճորեն ներկայացնելու պարտավորությունը։