«Երեւանի աղբահանության դժբախտ պատմությունը»

«Երեւանի աղբահանության դժբախտ պատմությունը»

       Հարմարվել աղբին եւ հարմարվել աղբի բացակայությանը․ ահա, այս երկու եղելությունների համար էլ հսկայածավալ ժամանակահատված է անհրաժեշտ, մինչեւ որ «հարմարություն» կոչվածի ողջ գործուն կառույցն աննկատ կերպով կփոխակերպվի կոգնիտիվ սովորույթի: Աղբի սովոր աչքի, աղբ տարածելու (խոսքն իրական հին ու բարի աղբի մասին է, այլ ոչ էքզիստենցիալ կամ ներհայեցողական) եւ ըստ ամենայնի՝ աղբի հարգը չիմացողի համար իսկապես հեշտ չէ արագորեն հեղաշրջվել, բաց լինել փոփոխությունների եւ արդի քաղաքական, սոցիալական եւ էկոլոգիական իսկությունների առջեւ, ընդառաջելով նոր իրականությանը, ձեւակերպելով այլ սովորույթներ, այլ սկզբունքներ: Արդեն իսկ փաստերի, արձանագրությունների ու առասպելների բավականաչափ մեծ պաշար կա, որպեսզի օրերից մի օր ինչ-որ մեկը նստի եւ գրի «Երեւանի աղբահանության պատմութունը» գիրքը կամ ավելի շուտ՝ այն վերտառելով «Երեւանի աղբահանության դժբախտ պատմությունը»: 

       Դեռ 19-րդ դարի վերջին Երեւանի քաղաքային բժիշկ, հասարակական գործիչ (1894 թվականին Երեւանի քաղաքապետ) Լեւոն Տիգրանյանը 1881 թվականին քաղաքային ճարտարապետի միջոցով կազմել է սանիտարական պահանջներին համապատասխանող զուգարանի եւ աղբարկղի նախագծեր: Տիգրանյանը հրատարակել է սանիտարական հարցերի վերաբերյալ մի շարք կարգադրություններ, որոնք փակցվել են Երեւանի տարբեր անկյուններում: Ահա դրանցից մեկը․ «Յուրաքանչյուր խանութի ծայրում պետք է լինի մի հատ փայտյա արկղ՝ աղբի համար, որ քաղաքից դուրս է տարվելու առանձին կապալառուի միջոցով: Արկղերը շինվում են խանութներում ծախ անողների հաշվով: Հայտնելով այս մասին Երեւանի բազարում եղող վաճառականներին՝ Երեւանի քաղաքային վարչությունն առաջարկում է անպատճառ շինել մինչեւ եկող փետրվարի 8-ը… հակառակ դեպքում բազարը ման կգան, եւ արկղ շինելուց հրաժարվողների մասին արձանագրություն կազմելով՝ կհանձնվի ուր հարկն է»: 

       Ռ. Փարսադանյանն իր «Հայ բժշկության պատմությունից» գրքում Լեւոն Տիգրանյանի կողմից ստեղծված քաղաքն աղբից մաքրելու հատուկ հանձնաժողովի գործունեության մասին է գրում․ «Հանձնաժողովը հասնում է այն բանին, որ մաքրվում են առուները, եւ սարքվում են հարմարավետ կամուրջներ: Բացի այդ, մի շարք փողոցներ հանձնաժողովի պահանջով խճապատվում են, իսկ փոսերը՝ հարթեցվում: Հանձնաժողովն իր աշխատանքները չի սահմանափակում միայն քաղաքը մաքրելով: Բացի նշած հրապարակային դասախոսություններից, հանձնաժողովի անդամները բնակչության շրջանում կատարում են նաեւ սանիտարական-լուսավորական այլ աշխատանքներ՝ կազմակերպում են զրույցներ, տարածում թռուցիկներ: Հանձնաժողովը, բնակչության շրջանում բացատրական աշխատանք կատարելուց բացի, կիրառել է նաեւ սանիտարական կանոնները խախտողներին տուգանելու մեթոդը: Ինչպես ցույց են տալիս արխիվային փաստաթղթերը, հանձնաժողովը սանիտարական միջոցառումներն իրականացրել է իր նախաձեռնությամբ՝ չստանալով քաղաքային վարչության եւ ոստիկանության աջակցությունը: Հայաստանի պետական արխիվում պահվող մի քանի տասնյակ դիմումները, նամակները եւ զեկուցագրերը վկայում են այն ջանասիրության եւ եռանդուն գործունեության մասին, որ ծավալել է Տիգրանյանը: Տիգրանյանն այդ նամակներում բողոքում է այն մասին, որ աղբահանությունը ձախողվում է, հանձնաժողովի անդամները չեն օգնում իրեն, աղբահանող բանվորների աշխատավարձը չի վճարվում, քաղաքային վարչությունն անհոգություն է հանդես բերում սանիտարական գործում եւ այլն»: 

       Կարելի է միայն տարեթվերը փոխել, իսկ մնացյալը իրողություն առ իրողություն գրեթե զուգակից համընկնում է: Խոսքն ասես «Սանիթեք» ընկերության, քաղաքային իշխանությունների հեղհեղուկ կառավարման, քաղաքը, տնամերձ եւ հարակից տարածքներն անմաքուր պահող քաղաքացիների անտարբերության մասին է: Եվ բնավ խնդիրը միայն այն չէ, թե, ահա, պատմությունը կրկնվելու սովորույթ ունի, հավանաբար՝ ավելի կարեւոր է, թե ինչպես է գործածվում պատմության կրկնման գիտակցումը, վերջապես ինչ է տեղի ունենում այդ գիտակցման հետ: Թեպետ քաղաքում առկա աղբի, թափոնների քանակն արդեն իսկ աղետալի շեմի է հասնում, այդուհանդերձ, դրական շարժում եւս կա: Կան եռանդուն  անհատներ, խմբեր, աղբը վերամշակող կազմակերպություններ, թափոններ, հավելումներ ընդունող կետեր, որոնք կարեւոր գործ են անում: Ստեղծվել է բնապահպանական կայք՝ Recycling.am, որտեղ կարելի է ծանոթանալ աղբը վերամշակող կազմակերպությունների հետ, նաեւ քարտեզ, որի վրա նշագրված են տեսակավորվող թափոններ վերամշակելու նպատակով բացված հանձնման կետերի հասցեները: Եվ գուցե հենց այս անհատների, այս կազմակերպությունների գործունեության հետեւանքը ոչ հեռավոր ապագայում հանգեցնի լայնածավալ շարժման՝ էկոլոգիական աղետի կանխումն ամրագրելով որպես Հայաստանում (եւ ոչ միայն) ապրող յուրաքանչյուր անհատի պատասխանատու գործառույթ: 

       Իսկ այս գործառույթն իր հեռակետին է հասել Գերմանիայի դաշնային նահանգներից մեկում՝ Բավարիայում, որի գլխավոր քաղաքը Մյունխենն է, որտեղից էլ հիմա գրում եմ: Մյունխենում աղբ չկա, այսինքն՝ գոյություն ունի, սակայն անզեն աչքով չես տեսնի: Մյունխենը մի քաղաք է, ուր փողոցներում, բակերում աղբի, թափոնների գոյություն մասին միայն կռահում ես: Ինչ-որ առումով կարելի է ասել, որ աղբն այստեղ սկսվում եւ ավարտվում է անձնական տարածքում: Այս պահի դրությամբ Մյունխենն ամենաքիչ աղբ արտադրող քաղաքներից է, որն ունի աղբի վերամշակման 12 գործարան, ուր աղբի 60 տոկոսը վերամշակվում է, 40-ն այրվում է եւ քաղաքը ջեռուցելու համար փոխակերպվում հավելյալ էներգիայի: 
        1954 թվականից ի վեր Մյունխենում գործում է աղբ բաժանելու սիստեմ, բնակիչները «թղթի», «մթերքի», «պլաստիկի եւ ապակու» համար նախատեսված տարանջատ աղբամաններում ժողովում են (այստեղ աղբը չեն «թափում», այլ «ժողովում» են) հավելումները, որոնք վերստին տեսակավորվում են, ապա գործարաններում վերամշակվում է, իսկ դրանից գոյացած մնացուկն այրվում է գերժամանակակից տեխնոլոգիաներով հատուկ քամոցների միջոցով, որից ստանում են գազ եւ պարարտանյութեր: Քաղաքում ամեն 200 մետրի վրա տեղադրված աղբամանները, տարաները պարբերաբար մաքրվում են, վերանորոգվում, իսկ, ահա, պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը գրեթե ամբողջովին դուրս է մղվել քաղաքաբնակների կենցաղից: Քաղաքում ամեն օր աշխատանքի է դուրս գալիս 200 աղբատար մեքենա: 2009 թվականի տվյալներով, եկամուտն աղբից կազմում է տարեկան 247 միլիոն եվրո: 

       Մյունխենը կյանքի ամենաբարձր կենսամակարդակ ունեցող քաղաքներից է՝ արդյունաբերության խոշոր կենտրոն, հասարակական, քաղաքական կենսագործունեությունն ապահովող օժանդակ ենթակառույցների կուռ միավորում եւ այս ամենով հանդերձ՝ բացառիկ կանաչ քաղաք, որ շերտատված է պարզապես անվերջանալի անտառներով, զբոսայգիներով, բակային ծառուտներով, ճեմուղիներով: Քաղաքի միջով հոսող Իզար գետի էկոլոգիական վիճակը դեռ տարիներ առաջ ամբողջովին վերականգնվել է, ափամերձ տարածքներում աղբի եւ հավելումների եւ ոչ մի նշույլ: Մյունխենում հանրային տարածքներ մաքուր պահելու, կարելի է ասել, «առաքելության» մեջ քաղաքաբնակները չափազանց ուշադիր եւ խստապահանջ են թե՛ իրենց եւ թե՛ մյուսների հանդեպ, եթե աղբը չնախատեսված տեղում թափելու առիթ ընձեռվի, նրանց կողմից պահանջկոտ նախատինքը ոչ մի վայրկյան չի հապաղի, սակայն ոչ ոք չի զլանա նաեւ ուրիշի թափած աղբը վերցնել եւ համապատասխան վայր հասցնել: Սա կարեւորագույն հանգամանք է եւ ինչու չէ՝ նաեւ կենսափիլիսոփայություն, որով առաջնորդվում են եւ որով սեփական քաղաքի նկատմամբ իրենց վերաբերմունքն են արտահայտում մյունխենցիները:

         Անշուշտ, Երեւանի եւ Մյունխենի միջեւ աղբահանության, աղբի վերամշակման, վերարտադրման հանրային տարածքների, կանաչ գոտիների շուրջ համեմատության եզրեր անցկացնելն այնքան էլ «արդարացի» չէ՝ հաշվի առնելով մի շարք ծանրակշիռ հանգամանքներ, հատկապես, երբ իրողությունները սոսկ հրապուրված պրովինցիալի հայացքով ես բաղդատում: Սակայն երբ փորձում ես սթափ ու անխնա նայել Հայաստանում հասունացած աղբահանության, աղբի վերամշակման, ընդհանրապես՝ Երկիր մոլորակի էկոլոգիայի համար աղբի «ինչ» լինելը հասկանալու հիմնախնդրին, անխնա լինելով հանրային տարածքները, թեկուզ սեփական բակը, հարազատ փողոցը մաքուր պահելու մի «անմեղ» զանցառության հանդեպ, ահա՝ չի գտնվում աղետը վերացնելու, աղետը բարիքի վերածելու այլ ճանապարհ, քան ուղենշված բարեհաջող ու հուսալի նախադեպը: 

        Հայաստանում, հավանաբար, քիչ չեն մարդիկ, որոնք կարող են հարյուրավոր ձեւեր ու մեթոդներ թվարկել, կառավարությանը ներկայացնել բարեփոխման փաթեթներ, հաշիվ-հաշվարկ անել, խորհուրդներ տալ, քարոզ կարդալ, խնդիրը նույնիսկ մշակութային, բարոյական հարթակ տեղափոխել, այդուհանդերձ, «ուրիշի» աղբը հավաքելու եւ աղբամանին մոտեցնելու վճռականություն այդպես էլ չունենալ:  «Ուրիշի» աղբին մոտ չգալու «հպարտությունը» կամ ժամանակակից քաղաքներում աղբահանության, աղբի վերամշակման, բնության վերականգնման կատարելագործված նախադեպերին քաղքենու երկակի հայացքով նայելը կաթվածի տրամաբանության մեջ հարմարավետ տեղավորված այս աղետի բնականոն ու անշրջելի շարունակությունն է թվում: