Ուսանողներին մնում է համակերպվել եւ շարունակել ուսումը  

Ուսանողներին մնում է համակերպվել եւ շարունակել ուսումը  

2019 թվականի մայիսի 2-ին ՀՀ Կառավարությունը որոշում էր կայացրել Կրթության եւ գիտության նախարարության «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու եւ ամրացնելու մասին: Նպատակը՝ Հրազդան քաղաքում ուսումնական հաստատությունները խոշորացնելու եւ ուսումնական գործընթացը ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցնելու նպատակով  «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի միավորումն է ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ»  պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: «Հրազդանի պետական բժշկական քոլեջի» իրավահաջորդը «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ»-ն է լինելու:

Այս  որոշմանը դեմ էին Հրազդանի բժշկական քոլեջի ուսանողներն ու կոլեկտիվը: Նրանք անգամ  հանդիպում կազմակերպեցին պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ, հույս ունենալով, որ իրենց խնդրանքը տեղ կհասցնի եւ «Հրազդանի պետական բժշկական քոլեջը» չի միավորվի «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ»-ին: Ուսանողների եւ Սասուն Միքայելյանի հաջորդ հանդիպումը արդեն Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ եղավ, սակայն կառավարության որոշումը փոխել չէին կարող, ուստի ուսանողներին մնում է համակերպվել եւ շարունակել ուսումը:  
«Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի տնօրեն Գագիկ Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ   միայն Հրազդանում չի, որ բժշկական քոլեջը միավորվել է, Շամշադինում էլ՝  քոլեջները միավորվել են. «Դպրոցը, որտեղ տեղակայված էր քոլեջը, քանդում են, նորն են կառուցում: Առայժմ միացում չի եղել, հիմա ես հաշվարկում եմ, ահագին ֆինանսական խնդիրներ կան, արձակուրդային չեմ կարողանում վճարել: Երեւի անարդյունավետ կառավարելուց է, որովհետեւ 100 ուսանող ունեն, 45 աշխատող: Ուսանողները հերյուրանք էին տարածել, թե մեր քոլեջը ինչ-որ թուղթ է տալիս: Նրանց դիպլոմում գրվում է մասնագիտությունը եւ որոկավորումը:  Մենք երաշխավորում ենք, ավելի լավ կրթություն,  քան նախկինում իրենք ստացել են: Իրենք կունենան լաբորատորիաներ, իսկ իրենց քոլեջում ոչինչ չեն ունեցել »:

-Պարո՛ն Գեւորգյան,  միավորման արդյուքնում հաստիքների կրճատում կլինի՞: 

-Ես չգիտեմ,  եթե ուսանողները չգան մեզ մոտ,  իհարկե  շատ հաստիքներ կկրճատվեն, բայց եթե նորմալ գան,   կկրճատվեն հավաքարարի, տնտեսվարի հաստիքները,  բայց դասախոսական կազմը ամբողջովին կտեղափոխվի մեզ մոտ:

-Շենքային առումով, խնդիր չի առաջանա,  քոլեջի կոլետկիվը նշում էր, որ շենքը փոքր է, ուսանողները՝ շատ:

-Մեր շենքը 600 ուսանողի համար է նախատեսված: Միավորվելուց հետո կունենանք մոտավորապես 550 ուսանողներ: 400-ից ավելին՝ մերն է, եթե ընդունելություն լինի, մի 100 ուսանող էլ իրենցից կլինեն: Առայժմ կառավարությունը դեռ տեղերը չի հաստատել, կարծում եմ ընդունելությունը կլինի հուլիս 10-ից հետո: