Ինչպե՞ս կարող էր ՀՀ-ն 30 տարի գոյատևել առանց կառավարման համակարգի

Ինչպե՞ս կարող էր ՀՀ-ն 30 տարի գոյատևել առանց կառավարման համակարգի

Այսպես շարունակելու դեպքում Փաշինյանը կարող է դառնալ մեր ազգային անվտանգության թիվ մեկ խնդիրը: Ովքեր նրան տեսան երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում, կարծում եմ, հերթական տագնապալի գիշերն անցկացրեցին:

Փաշինյանն այլևս ձեռնահասություն ունի պետական գաղտնի փաստաթղթերին, իսկ դա նրա անհավասարակշիռ պահվածքի ֆոնին բավականին լուրջ խնդիր է:
Երբ որևէ ընդդիմադիր թերթ կամ գործիչ սենսացիաներ է անում պատահաբար ձեռքն ընկած թղթի կտորի շուրջ, դեռ հասկանալի է՝ դիվիդենտների խնդիր են լուծում: Իսկ ի՞նչ խնդիր է լուծում երկրի վարչապետը՝ սենսացիաներ անելով՝ բա գիտե՞ք, այսպես ու այսպես, իմ ձեռքում է հայտնվել 2014թ. մի գաղտնի զեկույց, որը դեռ լրիվ չեմ կարդացել, բայց արդեն փշաքաղվել եմ… Պատկերացնո՞ւմ եք, նախկին կառավարման համակարգը հիմնված է եղել կոռուպցիայի վրա, ու երբ կոռուպցիան հանում ես, պարզվում է տակը կառավարման համակարգ չկա: Ասեմ, որ առանձնապես չտպավորվեցի նրա այդ սենսացիայից, քանզի շատ դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարող էր Հայաստանի Հանրապետությունը 30 տարի գոյատևել առանց կառավարման համակարգի: Բանն այն է, որ մենք հիրավի առանց կառավարման համակարգի ենք մնացել վերջին 1.5 տարում և արդեն շատ մոտ ենք անդունդի եզրին: Այնպես որ իսկական սենսացիան սա է, և ոչ թե վարչապետի հայտարարությունը, թե իր ձեռքում մի Նոյի թվի գաղտնի զեկույց է հայտնվել:

Համաձայնեք, որ Հայաստանի վրա կարդացած դամբանականի նման են հնչում Հայաստանի վարչապետի հետևյալ խոսքերը. «Այս զեկույցը տալիս է ամբողջական պատկերացում այն մասին, թե ինչ վիճակում է եղել կամ հիմա ինչ վիճակում է Հայաստանը, որովհետև այն պրոբլեմները, որոնց մասին այստեղ գրված է, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր շտկել… Շատ կարևոր է արձանագրել, թե ինչ իրավիճակում ենք մենք ժառանգել Հայաստանը։

Եզրակացությունն այն է, որ մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, պետական ինստիտուտները կաթվածահար են և մեր պետությունը ձախողված է»։  Նույնիսկ Իլհամ Ալիևը նման բան չի ասել Հայաստանի մասին: Ի՞նչ է նշանակում՝ «պետական ինստիտուտները կաթվածահար են և մեր պետությունը ձախողված է» արտահայտությունը: Եվ սա ասում է մեկը, որ պատրաստվում է նայել արցախցիների աչքերի մեջ և կարևոր հարցերի շուրջ խոսել նրանց հետ: Ավաղ…

Փաշինյանին, անշուշտ, ձեռնտու չէ խոստավանելը, որ ժառանգել է մի երկիր, որտեղ լավից-վատից դեռ քանդելու բաներ կային, լավ-վատ տնտեսություն կար, քիչ-միչ, բայց ներդրումներ կային, տրանսպորտ էր աշխատում, ճանապարհներ էին սարքվում, աղբ էր հավաքվում, աշխատատեղեր կային, սոցիալական հարցեր էին լուծվում, մի երկիր, որ որոշակի արտաքին քաղաքականություն էր վարում, մասնակից էր տարածաշրջանային զանազան քաղաքական ու տնտեսական միությունների, մի երկիր, որ ուներ ավանդույթներ ու կարող էր հարկ եղած դեպքում ինքն իրեն պաշտպանել: Փաշինյանին պետք է այս ամենը սևացնել, որպեսզի չընկնի Տեր-Պետրոսյանի վիճակի մեջ, որ ժառանգելով Խորհրդային Հայաստանը, թալանեց ու ոչնչացրեց ամեն ինչ: Մենք շատ բան, անշուշտ այդ քանդածից դեռ չէինք հասցրել վերականգնել մինչև Նիկոլ Փաշինյանի տեսքով Տեր-Պետրոսյանի երկրորդ գալուստը, բայց բառիս բուն իմաստով անշնորհակալություն է այդ քիչն էլ չնկատելն ու ճամարտակելը, թե ինքը ոչինչ չի ստացել և զրոյից է սկսելու: Մեկ տարուց ավելի ժամանակ է անցել: Քանի՞ քայլ եք արել պետական ինստիտուտներ ստեղծելու ճանապարհին, պարոնայք , եթե, իհարկե, չեք հասցրել այդ ընթացքում եղածներն էլ քանդել:
Իսկ այժմ մի պահ ձեզ դրեք այն օտարերկրյա փողատիրոջ տեղը, որը, պատրաստվում էր ներդրումներ անել Հայաստանում ու հանկարծ լսում է ՀՀ վարչապետի հետևյալ հայտարարությունը. «Եզրակացությունս այն է, որ մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, պետական ինստիտուտները կաթվածահար են և մեր պետությունը ձախողված է»: Պարզ է, որ այսքանից հետո այդ ներդրողը պետք է գիժ լինի կամ, առնվազն, գլուխը քամուն տված սփյուռքահայ, որ համահայկական արյան կանչով գա Հայաստան ու ներդրումներ անի:
Փաշինյանին խորհուրդ կտայի գաղտնի զեկույցների շուրջ սենսացիաներ անելու փոխարեն, կարդալ «հեղափոխական» մամուլի վերլուծությունները, որոնք հաստատ «փողով չեն գրվում իր դեմ»: Այդպիսի մի վերլուծություն-գնահատականի օրինակով էլ կավարտեմ այսօրվա ասելիքը. «Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական կոմֆորտն ապահովում է սուպերվարչապետական համակարգի պահպանման ու նախկին համակարգի հետ հակադրության համատեքստում, ինչը ոչնչացնում է քաղաքական ու տնտեսական մրցակցային միջավայր ստեղծելու բոլոր սպասումները։ Հեղափոխության հաղթանակից անգամ մեկ ու կես տարի հետո մենք ունենք քաղաքական համակարգ, որն ինքնին ավտորիտարիզմի վերածնման աղբյուր է ու այս համատեքստում անկարելի է  պատկերացնել, որ տնտեսական հարաբերություններում տեղի է ունենալու օլիգարխիկ մտածողության վերացում»:
Հ.Գ. Ասում են՝ Սինգապուրն իր պետական ինստիտուտներն սկսել է ձևավորել գեյերին պետական ինստիտուտներ լցնելով: Փողն էլ, վայթե, Սորոսն է տվել: