Ծնկաչոք հայրենիքիս հողն եմ համբուրելու

Ծնկաչոք հայրենիքիս հողն եմ համբուրելու

Վերջին օրերին ցմահ դատապարտյալների ներման աղմուկի հետ կապված հետաքրքրվեցինք «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի հարցով։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը ներման խնդրագրով դիմել է երկրի իշխանություններին։ Նրա որդին մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ ամեն րոպե սպասում են՝ դռան բացվելուն եւ հոր տուն մտնելուն։ Իսկ խմբագրություն զանգահարած Ստեփան Գրիգորյանը ասաց, որ օրերն արդեն տարի են թվում։ «Սպասում եմ։ Ներքին զգացում ունեմ, որ մոտ օրերս կհայտնվեմ ազատության մեջ»,- ասաց ցմահ դատապարտյալը։

Մեր այն հարցին թե որն է լինելու քրեակատարողական հիմնարկի դարպասներից դուրս գալուց հետո նրա առաջին քայլը՝ ասաց. «Ծնկաչոք հայրենիքիս հողն եմ համբուրելու։ Հետո գերեզման պիտի գնամ՝ խոնարհումս իմ հարազատ ննջեցյալներին»,- ասաց նա։ Ըստ Ստեփան Գրիգորյանի առաջին քայլերից մեկը կլինի նաեւ անձամբ հանդիպելու ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին եւ ՀՀ արդարադատության նախարարին։ «Ամեն կերպ աշխատելու եմ հանդիպել նրանց , ձեռք սեղմեմ ու հայտնեմ իմ խորին շնորհակալությունը»,- ասաց նա։ Ստեփան Գրիգորյանը երախտապարտ է Ազգային ժողովի այն պատգամավորներին, ովքեր փորձեցին լսել նրան, իրեն մտահոգող հարցը բարձրաձայնել երկրի գլխավոր ամբիոնից։ «Շնորհակալ եմ նրանց, հասարակական-քաղաքական գործիչներին, լրատվամիջոցներին եւ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին էին, ովքեր ժամանակ հատկացրին ինձ ու հասարակությանը ներկայացրի իրական Ստեփան Գրիգորյանի կերպարը»,- ասաց նա։

Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ մոտ 24 տարվա անազատությունից հետո ներում կշնորհվի նրան։ Դատապարտյալի խոսքով՝ ներման հանձնաժողովի որոշմանը սպասում են նաեւ ՔԿՀ-ի աշխատակիցները, բախտակից դատապարտյալները։ «Հոգիս ցնծության մեջ է , չեք պատկերացնի ինչ եմ զգում այժմ։ Հավատացեք՝ ներում ստանալու օրը կլինի իմ երկրորդ ծննդյան օրը։ Կհամարեմ ՝որ կրկին լույս աշխարհ եմ եկել»,-եզրափակեց Ստեփան Գրիգորյանը։