Ամերիկայում տարակուսած են Նիկոլ Փաշինյանի՝ միտինգ անելու մտահղացումից

Ամերիկայում տարակուսած են Նիկոլ Փաշինյանի՝ միտինգ անելու մտահղացումից

Ամերիկահայ համայնքը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 22-ի հանդիպմանը։ Մենք արդեն գրել ենք, որ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Արմեն Բայբուրդյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապված հանձնաժողով, որտեղ ընդգրկված են ավանդական երեք կուսակցությունների ներկայացուցիչները՝ ՀՅԴ-ից, ռամկավարներից եւ հնչակյաններից, ինչպես նաեւ բարեգործական միություններից, առաջնորդարանից։ Հիմնական միջոցառումը նախատեսված է անցկացնել Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմաց՝ «Գրանդ պարկ» կոչվող տարածքում։ Լոս Անջելեսի քաղաքապետարանը տվել է թույլտվությունը։ Նախատեսվում է մոտ 20 հազար մարդու ներկայություն՝ Կալիֆորնիայի մեկ միլիոնանոց հայ համայնքից։

Սակայն, պարզվում է, այսպես խանդավառված են հատկապես լոսանջելեսահայերը։ ԱՄՆ արեւմտյան հատվածի հայերն այլ տեսակետ ունեն։ Մասնավորապես, մեզ հետ կապվեց Վաշինգտոնում բնակվող մեր հայրենակիցներից մեկը, ով ԱՄՆ-ում է հաստատվել մոտ 10 տարի առաջ, եւ ասաց, որ իրականում ամերիկյան իշխանական շրջանակները տարակուսած են Փաշինյանի նախաձեռնած այս հանրահավաքից։ ԱՄՆ-ում նման հանդիպումներ բնակչության հետ տեղի են ունենում բացառապես ընտրությունների նախօրյակին, երբ կուսակցությունների ներկայացուցիչները փորձում են ստանալ ընտրողների քվեն եւ բոլոր նահանգներում հանդիպումներ, փիառ արշավներ են կազմակերպում։

Մեր զրուցակիցը նշում էր, որ, ճիշտ է, Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ հանդիպել իր համայնքի հետ, ամերիկյան իշխանությունները չեն մերժել, եւ անգամ հնարավոր է Կալիֆորնիայի իշխանությունները ներկայացուցիչ ուղարկեն այդ հանդիպմանը, սակայն կաբինետներում զվարճանում են մեր իշխանությունների միտինգային նախասիրությունների վրա եւ ասում են, որ հեղափոխական միտինգների ոճից ձեր իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում երկրի պրակտիկ կառավարման անցնել։

Ի դեպ, աննախադեպ քանակի մարդ է մեկնել ԱՄՆ՝ Լոս Անջելես, Նիկոլ Փաշինյանի այցը կազմակերպելու։ Այս հանրահավաքը, թերեւս, իշխանությունը դիտում է որպես ուժի ցուցադրություն՝ հատկապես ուղղված արտաքին աշխարհին։