Հունվարի 20-ի կեղծիքը

Հունվարի 20-ի կեղծիքը

1990թ. հունվարի լույս 20-ի գիշերը խորհրդային իշխանությունները զորքեր մտցրին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Ռազմագործողության նպատակն էր կանխել Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից իշխանության տիրացումը, հաստատել կարգուկանոն: Օդանավակայանից Բաքու ճանապարհին, քաղաքի մուտքերում եւ որոշ այլ տեղերում խորհրդային զորքերը հանդիպեցին կատաղի դիմադրության եւ ստիպված եղան զենք կիրառել:

Զիված բախումների հետեւանքով երկուստեք եղան զոհեր եւ վիրավորներ: Ադրբեջանական կողմն արդեն 29-րդ տարին է՝ ներքին լսարանի համար տարածում է այն տեսակետը, որ խորհրդային բանակը «կրակել է անկախության եւ ազատության համար պայքարի ելած խաղաղ ցուցարարների վրա, նրանց ճզմել տանկերով, զրահամեքենաներով, ինչի հետեւանքով հարյուրավոր անմեղ մարդիկ են զոհվել»: Այդ կապակցությամբ ծագում է համեմատության խնդիր. վերջերս հայտնի դարձավ, որ Լիտվայի դատարանը մոտ ժամանակներս կհրապարակի Վիլնյուսի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով դատավճիռը: Մեղադրյալների ցուցակը գլխավորում է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը:

Ինչու՞ Ադրբեջանում «սեւ հունվարի» դեպքերով քրեական գործ այդպես էլ չի հարուցվել, նախաքննություն չի ընթացել եւ չեն պարզվել, թե ինչ հանգամանքներում է Բաքու զորք մտցվել, ինչ գործողությունների է դիմել բանակը, ովքեր եւ ինչ պայմաններում են տուժել: Ադրբեջանցի որոշ հեղինակներ դա բացատրում են նրանով, որ պաշտոնական Բաքուն ձեռնպահ է մնում Մոսկվայի հետ հարաբերությունների բարդացումից: Ըստ այդ տեսակետի, եթե Ադրբեջանը գնա նման քայլի, ապա որպես մեղադրյալներ պետք է ներգրավվեն Ռուսաստանի քաղաքացիներ, իսկ դա կբերի երկկողմ լարվածության: Քաղաքական առումով, թերեւս, այս բացատրությունը հասկանալի է: Բայց Ադրբեջանի լռության պատճառն, ամենայն հավանականությամբ, այն է, որ քարոզչությունը եւ իրականությունը չափազանց տարբերվում են: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը չի կարող հիմնավոր փաստերով ապացուցել, որ խորհրդային զինվորները կրակել են բացառապես անզեն մարդկանց վրա: Իրականություն է, արձանագրված փաստ, որ Բաքվում գործել են ԱԺՃ կողմից կազմակերպված զինված խմբեր, որոնք առաջինն են կրակ բացել քաղաք մտնող զորքերի ուղղությամբ:

Փաստ է նաեւ, որ այդ դեպքերն ուղղորդվել են Հեյդար Ալիեւի կողմից: Նա ինքն է հարցազրույցներից մեկում խոստովանել, որ այդ օրերին իրեն զանգել է Գորբաչովը եւ խնդրել, որ կարգավորի Բաքվի իրավիճակը: «Բայց դրա համար ես լիազորություններ չունեմ»- պատասխանել է Ալիեւը՝ փաստացի ակնարկելով, որ եթե իրեն վերադարձնեն Ադրբեջանում իշխանության, ապա ամեն ինչ կխախաղվի: Գորբաչովը չի ընդառաջել Ալիեւին, ընտրվել է խռովությունը զինված ուժերի միջամտությամբ ճնշելու տարբերակը: Այս իրողությունը հնարավոր չէ շրջանցել: Ահա թե ինչու Բաքվում իրավական գնահատական չի տրվում «սեւ հունվարին»: