Սա վտանգավոր չափերի է հասնում, անհապաղ վերացնել է պետք

Սա վտանգավոր չափերի է հասնում, անհապաղ վերացնել է պետք

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, մեզ հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե որ խնդիրներն են քրեակատարողական հիմնարկներում կալանավորների ու բանտարկյալների կողմից հացադուլներ իրականացնելու պատճառները, եւ ինչու է հացադուլների թիվն աճում, մի քանի ընդհանուր խնդիր նշեց, որոնց համար էլ վերջիններս դիմում են բողոքի այս ձեւին․ «Հացադուլների ճնշող մեծամասնությունը պայմանավորված է քրեական գործից ունեցած դժգոհություններով, այսինքն՝ մարդը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ եւ հացադուլ հայտարարելով՝ պահանջում է, որպեսզի իրեն առաջադրված մեղադրանքը կա՛մ փոխվի, կա՛մ վերացվի։ Սա կալանավորված անձանց պարագայում է, որոնց մոտ մինչդատական վարույթի ընթացքն է, երբ սպասում են դատավճռին։

Կան դեպքեր նաեւ, երբ արդեն դատավճռով դատապարտվածներն են հացադուլ հայտարարում․ դա բոլոր այն դեպքերում է, երբ նրանք, օրինակ, պահանջում են իրենց դատական գործի վերանայում կամ դատավճռի բեկանում։ Սրանց հետ համեմատած՝ շատ քիչ են դեպքերը, երբ հացադուլը հայտարարվում է՝ կոնկրետ պահանջ ունենալով, օրինակ, խուցը փոխել, քրեակատարողական հիմնարկը փոխել եւ այլն։ Գլխավորապես քրեական գործերի հետ է կապված՝ մեղադրանք, ապացույցներ եւ այլն։ Օրինակ՝ մարդը հացադուլ է հայտարարում, ասում է՝ բոլոր ապացույցները շինծու են, մեղադրանքը շինծու է։ ՄԻՊ-ը կոնկրետ մեղադրանքի շինծու լինել-չլինելու հետ կապված լիազորություն չունի, բայց մենք ամեն դեպքում միշտ քննչական մարմնին նամակ ենք ուղարկում եւ միշտ հրավիրում ենք իրենց ուշադրությունն այս հարցի վրա։ Նաեւ առաջարկում ենք գործընկերներին իրականացնել քննություն՝ հացադուլավորի նշած հանգամանքների հետ կապված»։

- Հացադուլների հետ մեկտեղ նաեւ աճել է բողոքի այլ ակցիաների՝ ցույցերի ու հանրահավաքների թիվը, հիմա գրեթե ամեն օր են տեղի ունենում նմանատիպ ակցիաներ։ Ձեր դիտարկմամբ՝ ինչպիսի՞ն են ոստիկանների գործողությունները։

- Եթե վերցնենք հավաքները, ապա հավաքների ժամանակ, օրինակ՝ անցյալ տարի, իրավունքի կոպիտ խախտումներ էին տեղի ունենում։ Խոսքը վերաբերում է ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին, փողոցից մարդուն բերման ենթարկելու այդ պրոցեսին։ Պրակտիկան ցույց էր տալիս, որ խախտումները բերման ենթարկելու փուլում ավելի շատ էին, քան արդեն ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում։ Խոսքը վերաբերում է մարդուն հիմքերը պատշաճ չպարզաբանելուն, ոչ համաչափ ֆիզիկական ուժ գործադրելուն, փաստաբանի օգնության իրավունքից օգտվելուն խոչընդոտելուն։

Շատ են եղել դեպքերը, երբ փաստաբաններին չէին թողնում, որ մտնի անձի մոտ, փաստաբանները նույնիսկ մեզ էին դիմում։ Այս ընթացքում՝ փոփոխություններից հետո, քանի որ նման զանգվածային հավաքներ էլ չկան, այլ կան լոկալ հավաքներ, մեր բողոքների թիվն էլ, բնականաբար, այն չէ, ինչ կար նախկինում։ Բայց ես մի բան եմ ուզում նշել, որ կալանքների դեպքում եւ ոստիկանություն բերման ենթարկելու դեպքում պետությունը նշում է, որ, օրինակ, միջնորդությունների թիվը նվազել է։ Բայց ես հարց եմ տալիս՝ ինչպե՞ս եղավ, որ նույն օրենսդրության պայմաններում մենք ունեինք մի պրակտիկա, որ ակնհայտ չարաշահվում էր կալանքը, մենք անընդհատ քննադատում էինք, եւ հիմա նույն օրենսդրության պայմաններում ամեն ինչ փոխվեց։

Ես կարծում եմ, որ սա քաղաքական փոփոխությունների ուղիղ հետեւանք է եւ սա կարճաժամկետ հեռանկարում լավ է միգուցե, բայց երկարաժամկետ հեռանկարում՝ ոչ: Մենք հիմա պետք է շտապ օրենսդրություն փոխենք եւ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնենք, որովհետեւ վաղը, օրինակ, կարող է քաղաքական դիրքորոշում փոխվել, եւ էլի պրակտիկան կշարունակվի։ Ազատությունից զրկելը պետք է լինի վերջին միջոցը, իսկ մեզ մոտ հիմա հակառակն է՝ օրենսդրության մակարդակով գոնե, եւ նախկինում էլ շատ վատ պրակտիկա գոյություն ուներ, որ առաջին հերթին կալանք, իսկ եթե հնարավոր չէ՝ նոր մյուսները։ Պետք է հակառակը լինի, մյուսներից սկսեն գալ, եթե չի լինում, նոր վերջում կալանքին անդրադառնալ։

- Մենք տեսնում ենք, որ դատարանների արգելափակման ժամանակ ոստիկանությունը չի միջամտում, սակայն երբ, օրինակ, ցանկանում են բողոքի ակցիա իրականացնել որեւէ կազմակերպության գրասենյակի առջեւ, ոստիկանությունը թույլ չի տալիս։ Սրանք երկակի ստանդարտներ չե՞ն։

- Ոստիկանությունն առհասարակ պարտավորություն ունի կանխարգելելու իրավախախտումները, ապահովելու ինստիտուտների բնականոն աշխատանքը եւ այլն։ Կոնկրետ դատարաններն արգելափակելու հետ կապված՝ ես իմ դիրքորոշումը հստակ ասել եմ, ինչ վերաբերում է բողոքի ցույցերին եւ ոստիկանության գործողություններին, ապա մեզ հասցեագրված կոնկրետ բողոք մենք չենք ունեցել, բայց մենք հետեւել ենք եւ մոնիթորինգի ենք ենթարկել։ Պետք է ասեմ, որ գնահատական տալու համար մենք պետք է օֆիցիալ պրոցես սկսենք, հարցումներ անենք, դիմումներ գրենք եւ այլն, սակայն մենք մեզ ուղղված կոնկրետ այդպիսի դիմում կամ խնդրանք չենք ունեցել։ Շատ եմ կարեւորում ոստիկանների կողմից քաղաքացու հետ հարաբերություններում գիտելիքի առկայությունը, որովհետեւ ես չեմ կարծում, որ մեկ տարվա մեջ իրավիճակն այնքան փոխվեց, որ բոլորը զինվեցին այդ գիտելիքներով։ Ես կարծում եմ՝ պրակտիկան էլ է շատ կարեւոր, բայց այս պահին մենք պետք է շտապ օրենսդրություն փոխենք, որ այն, ինչ հիմա կա, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնենք։

- Ինչպե՞ս  եք գնահատում այժմ խոսքի եւ մամուլի ազատության վիճակը։

-  Ես կարծում եմ, որ ներկայումս ամենամեծ մարտահրավերը սոցիալական ցանցերում առկա վիճակն է։ Մարդիկ խմբերի բաժանված են, իրար անվանում են հեղափոխականներ ու հակահեղափոխականներ, իրար մեղադրում են ինչ-որ ճամբարների մեջ լինելու, խմբերի պատկանելու մեջ եւ այլն, ինչը վտանգավոր է՝ հանրությունում համերաշխության տեսանկյունից։ Դեռ նման բան չի եղել, ակնհայտ շատ են միմյանց վիրավորելն ու արժանապատվությունը նվաստացնելը, դրանք, կարծես թե, սովորական երեւույթներ են դարձել՝ սպառնալը, ատելության խոսքը, խմբերի բաժանելը։ Սա վտանգավոր չափերի է հասնում, այս ամենը պետք է անհապաղ վերացվի, եւ չի հանդուրժվում այլախոհություն։ Լրագրողների հետ կապված՝ ես խնդիր եմ տեսնում սոցցանցերում, որ լրագրողին հաճախ նույնականացնում են այն անձի հետ, ում հետ նա հարցազրույց է վարել, եւ ամբողջ վիրավորանքն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններն ուղղվում են դեպի լրագրողը՝ անվանարկելով «դավաճան», «ծախված» եւ նման այլ բաներ։ Այստեղ կարեւոր են հանրային գործիչների դերը, նրանց կողմից հնչող հորդորները, բառապաշարը եւ այլն։

- Ձեր այցը Ռոբերտ Քոչարյանին նմանատիպ արձագանքի արժանացավ։ Ինչո՞ւ որոշեցիք այցելել նրան։

- Ես չեմ աշխատում ինչ-որ մեկի դուրը գալու կամ չգալու համար։ Ես կատարում եմ իմ աշխատանքը, ինձ համար կապ չունի, թե ինչպիսին է մարդու վերաբերյալ հանրային ընկալումը, նրա հանրային հեղինակությունը, եթե մարդն ունի խնդիր, բարձրացնում է իրավունքների պաշտպանության հարց, ես պարտավոր եմ արձագանքել։ Ես դա անում էի ինչպես ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունների ժամանակ, այնպես էլ անում եմ հիմա։ Սա է ՄԻՊ-ի կոչումը, եւ դրա համար է, որ աշխատանքն օբյեկտիվ է՝ անկախ քաղաքական զարգացումներից, սիմպատիաներից եւ այլն։