Ո՞վ պետք է Սևանի համար պատասխան տա, ի՞նչ են կարծում «Իմ քայլում»

Ո՞վ պետք է Սևանի համար պատասխան տա, ի՞նչ են կարծում «Իմ քայլում»

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս գրառում է կատարել՝ անդրադառնալով Սևանի խնդրին և նշել, որ վիճակի իրական պատճառները հասկանալու համար գիտնականներին անհրաժեշտ են հավաստի և վստահելի ամբողջական տվյալներ Սևանա լճի ջրի որակի, կենսաբազմազանության, լճի աղտոտման աղբյուրների բոլոր պարամետրերի վերաբերյալ առնվազն վերջին 20 տարվա կտրվածքով։ « Եթե չկան այդ տվյալները, ապա պատասխանատվություն պետք է կրեն բոլոր այն մարմինները, ովքեր դա պարտավոր էին անել։ Եթե կան այդ տվյալները և դրանք թաքցրել են հանրությունից, ապա թաքցնողները պետք է պատասխանատվություն կրեն»,-գրել է բնապահպանը։ Նրա խոսքով՝ ափամերձ տարածքները չմաքրողները կամ վատ մաքրողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, ինչպես նաև լճի մակարդակի բարձրացումը 2012 թվից արհեստական կասեցնողները։
Նշենք, որ այս օրերին բազմաթիվ բնապահպաններ նշելով, որ Սևանը հավաքական պատասխանատվության խնդիր է, ասում են, որ իրենք 20 տարի զգուշացրել են՝ չի կարելի լճից 55 խորանարդ միլիոնից ավելի ջուր վերցնել, հյուծել լճում ձկան ու խեցգետնի պաշարները, կերային տնտեսություններ հիմնել․ լսող չի եղել, և հիմա հնձում ենք այն, ինչ տարիներ շարունակ ցանել ենք։
Վաղն Աժ-ում Սևանի հարցով աշխատանքային քննարկում է լինելու, որի ժամանակ հնարավոր է հնչեն նաև Սևանն այս վիճակի հասցրած մարդկանց պատասխանատվության ենթարկելու առաջարկներ։ Արդյո՞ք «Իմ քայլում» տեսնում են Սևանի խնդիրը, այնպես, ինչպես ապրիլյան քառօրյայի ռազմական գործողություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի մակարդակով ուսումնասիրելու, նաև քրեաիրավական գնահատական տալու խնդիր։

«Որևիցե երևույթի քաղաքական գնահատական տալուց առաջ անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ փորձագիտական եզրակացություն, որը ենթադրում եմ՝ համապատասխան գերատեսչությունները հիմա դրանով զբաղվում են։ Եվ երբ այդ եզրակացությունը կունենամ ձեռքիս տակ, կարտահայտեմ իմ մասնավոր կարծիքը՝ հիմնվելով դրանց վրա»,-ասում է Վահագն Թևոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ 2 պետական գերատեսչության՝ Առողջապահության նախարության և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ իրարամերժ տեղեկություններ էին տրամադրում։ Մասնավորապես, նախարար Թորոսյանը խորհուրդ էր տալիս ջրիմուռների ջրերում չլողալ, Գնել Սանոսյանը հերքելում համար, որ լճում լողանալը վտանգավոր է, լիճն էր մտել։
Ո՞ւմ է վստահում Վահագն Թևոսյանը․Գեղարքունիքի մարզպետարանին, թե՞ Առողջապահության նախարարությանը։
Ասաց, որ առավել հակված է մասնագիտական գնահատականներին հավատալ, իսկ մասնագիտորեն ավելի ընդունելի է նախարարության հաղորդագրությունը։

«Եվ վստահելով այդ գերատեսչության կոմպետենցիային՝ Սևան չեմ գնում լողանալու, որովհետև կարծում եմ, որ կարող է կոնկրետ էդ հատվածներում վտանգավոր է»,-ավելացրեց իմքայլական պատգամավորը։
Նաև նա ասաց․ «Իսկ ճշտե՞լ եք Սանոսյանը ջրիմուռների մե՞ջ է լող տվել։
Դա էական է, որովհետև Սևանը քառակուսի մետր չէ, էլի, Սևանը լայնածավալ տարածք ջրիմուռներով է պատված, հնարավոր է՝ վտանգավոր է, մնացածը՝ ոչ»։