«Հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզն անընդունելի է․ Դավիթ Տոնոյան

«Հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզն անընդունելի է․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է վարչապետի վերջին մամուլի ասուլիսում հնչած հայտարարությունը մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքին։ Փաստաբանական խումբը ստացված հարցերը միավորել է մեկում։

-Վերջին մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսել է 2020թ. պատերազմի ընթացքում բանակում գործող «հինգերորդ շարասյան» մասին և որ պատերազմի ընթացքում կամ դրա ավարտից հետո Փաշինյանը Ձեզ երբեւէ ասե՞լ է, որ զինված ուժերում «հինգերորդ շարասյուն» կա:

– Ոչ, այդպիսի ակնարկ անգամ չի եղել: «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը եւ դրա քննարկումն անընդունելի են ինձ համար, քանի որ այն ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է:

Նաև չգիտեմ՝ ՀՀ վարչապետը որեւէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա:

Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը եւ սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաեւ նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը: