Արմենուհի Սիսյան. Զինվորիս

Արմենուհի Սիսյան. Զինվորիս

Հեշտ մի՛ գնա դեպի գիշերն այդ բարի
Դիլըն Թոմաս

***
Այդքան արագ մի՛ հեռացիր,
թույլ տուր հրաժեշտ տալ քեզ,
գիշերն առնում է քեզ իր մեջ,
մութն է պատում մեր ուղին…
Այդքան արագ մի՛ հեռացիր,
թույլ տուր փնտրեմ քեզ բարձրում,
հեշտ է լույս դառնալը ձեր, 
դժվար՝ մեր ապրելը առանց ձեզ…
Ցավ ու մորմոք, դառն ու ցուրտ,
ամեն մի նոր անվան հետ 
սառչում է արյունս երակներում…
Զանգեր անտես, ղողանջ ցավի,
ո՞նց վճարենք մեր պարտքը ձեզ,
ու լինենք ձեզ արժանի…
Այդքան արագ մի՛ հեռացիր,
թույլ տուր հրաժեշտ տալ քեզ...

 

***
Աշունն այս անգույն էր կարծես.
տերեւից էլ շատ տղաներն ընկան՝
հզոր ու հուժկու…
Աշունն այս սառն էր կարծես.
արցունք կա աչքերում արեւի
ու ծառերին նվվում է կսկիծ…
Աշունն այս դառն էր կարծես.
գուցե եւ քաղցր է պտուղը նրա,
մեր հոգում մնաց դառնահամ…
Աշունն այս զուր էր կարծես.
ցավից մթնում են սրտերը մեր,
հերոս տղաները՝ դառնում լույս...


***
Քո չապրած տարիները 
հիմա քայլում են ինձ հետ
այն պահից սկսած, 
ինչ պարզվեց,
որ էլ չես քայլելու այս հողին...
Մի օր ես չեմ լինի,
իսկ դու էլի լինելու ես, զինվո՛ր,
քո չապրած տարիները
քեզ հավերժ ապրեցրին
այսօր, 
վաղը, 
հավե՛տ...


***
Իմ լուսաբացները ծանր են բացվում,
քանի արյունում են վերքերդ, երկի՛ր,
ես մոլորվել եմ այս բիրտ ներկայում,
իսկ անցյալը չթողեց անգամ հասցեն իր:

Քեզ սպառում ու սպառնում են, երկի՛ր,
մսխում ոգեղեն գանձերդ ողջ,
ու ձայնդ վսեմ ու ձայնդ խրոխտ, 
իմ երակներում դառնում է բոթ:

Քո լուսաբացները ծանր են բացվում,
ջահել որդիներդ սրբացան անթաղ,
դեռ լսվում են ինձ ձայներ պատանդված, 
իմ լուսաբացները չեն էլ բացվում…

 

***
Քո հիշատակին, զինվո՛ր, 
ես լուռ կհեռանամ իմ մեջ,
ուր Արցունքի ծովը կլիացնի 
քարտեզի ծովերը բոլոր…

Քո հիշատակին, զինվո՛ր, 
նոր անուններ կծնվեն,
որ օրհնանք դառնան
գալիքի շուրթերին…

Քո հիշատակին, զինվո՛ր, 
բառեր կդողան, 
որ բանաստեղծություն երկնեն
քեզ համար…

Քո հիշատակին, զինվո՛ր, 
կցոլա եռագույնը մի օր,
որ հոգիդ խաղաղվի բարձրերում,
երկնքում գտնի անդորր…

 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ