Օբյեկտիվ լրատվությունը՝ պատժելի

Օբյեկտիվ լրատվությունը՝ պատժելի

Պրոբլեմների, կորուստների ու վնասների, մարդկանց տեղաշարժի մասին գրել չի կարելի, տեղեկատվությունը՝ միայն պաշտոնական, խուճապ չառաջացնող, ստուգված, որեւէ պաշտոնյայի շուրթերից հնչած: Ռազմական դրության առաջին օրերին հռչակված այս պահանջներին արդեն ընտելացել էինք եւ հնազանդորեն կատարում էինք: Պատերազմի մասին՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: Սակայն անցյալ շաբաթ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը լրացվեց, նոր սահմանափակումներ մտցվեցին: 

Այժմ մեզ արգելվել են անգամ քննադատել կամ կասկածի տակ դնել «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները)»: Ըստ վարչական իրավախախտումների մասին օրենքում արված փոփոխության, օբյեկտիվ լրատվությունն այսուհետ պատժելի է: Ահռելի տուգանքներ են սահմանվել՝ 700 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ: Միակ թույլատրելին պաշտոնական տվյալներն են եւ պաշտոնատար անձանց ելույթները, որոնց պետք է վերաբերվենք որպես վերջին ատյանի ճշմարտության, չպիտի քննադատենք, կասկածի տակ դնենք, չպիտի քննարկենք: Իսկ խնդրահարույց հրապարակումը չհեռացնողներն ավելի խիստ են տուգանվելու՝ 1 մլն-ից մինչեւ 1 միլիոն 500 հազար դրամ, «կրկնահանցագործների» համար թվերն այս կրկնապատկվում են, վերջում էլ կարող են քրեական գործ հարուցել: Հետո՝ ինչո՞ւ պետք է լրագրողը տուգանվի, իսկ Ֆեյսբուքում ստատուս գրող անհատը՝ ոչ: Նրանց համար էլ 300-700 հազար դրամ տուգանք է սահմանվում: Ըստ ոստիկանության տվյալների, 11 լրատվամիջոցի եւ 5 անհատի նկատմամբ վարչական վարույթներ են հարուցվել: Լրատվամիջոցների թվում են ընդդիմադիրները՝ «Հայելի», «7 օր»,  Yerevan.today կայքերը, «Փաստինֆո» գործակալությունը:

Վերջինիս խմբագիր Սոնա Տռուզյանն ասում է, որ ոստիկանության կողմից ծանուցվել է վարչական վարույթ հարուցելու մասին: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Տեղեկացվել ենք, որ վարույթ է հարուցվել ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի մեկնաբանությունների վերաբերյալ պատրաստված նյութի առնչությամբ։ Արցախյան այցից հետո տիկին Ալավերդյանի հետ լրագրողը զրուցել է Արցախի նկատմամբ իրականացվող ռազմական ագրեսիայի վերաբերյալ ու երկու տարբեր նյութ է պատրաստել՝ արցախյան ռազմաճակատում հայկական զինված ուժերի կողմից փաստացի ԻԳԻԼ-ի նման ահաբեկչական պետության դեմ պայքար մղելու եւ ներքաղաքական կյանքում միասնությունն ու համերաշխությունը կարեւորող գնահատականների մասին։ Ինչպես նշեցի՝ հրապարակվել է երկու նյութ՝ մեկ օրվա տարբերությամբ։ Թե կոնկրետ որ նյութն է ոստիկանությունը քննադատություն դիտարկել՝ դժվարանում եմ ասել, քանի որ այսօր միայն ծանուցվել եմ վարչական վարույթի շրջանակներում ոստիկանություն ներկայանալու անհրաժեշտության մասին։ Խմբագրություն այցելած ոստիկանության ծառայողը որեւէ տեղեկատվություն չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ ինքը եւս տեղյակ չէ, եւ դրան կարող եմ ծանոթանալ միայն ոստիկանությունում։ Իհարկե, տարակուսած եմ, բայց առայժմ զերծ կմնամ որեւէ գնահատական տալուց, քանի որ մանրամասներին չեմ տիրապետում։ Ավելին՝ նաեւ կաշկանդված եմ ռազմական դրության մասին որոշման մեջ կատարված վերջին սահմանափակումներով։ Բայց այդ ամենի մասին խոսելու ժամանակ ու առիթ դեռ կլինի»: 

Ժուռնալիստների միությունը եւ երկու տասնյակից ավելի լրատվամիջոցների ղեկավարներ երեկ հայտարարություն տարածեցին՝ պատկան մարմիններին կոչ անելով այս լարված օրերին անհարկի քաշքշուկների չենթարկել լրատվամիջոցներին։ «Փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը եւ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավապաշտպանները, լրագրողների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ արտասահմանյան ֆոնդերից գումարներ են ստացել ԶԼՄ-ներին կրթելու, սեմինարներ անցկացնելու, նրանց զարգացմանը նպաստելու նպատակով, տաքուկ տեղավորվել են իշխանության թեւի տակ ու լռում են կամ դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ ասեն: Մինչդեռ անցյալում ամեն մի փոքրիկ առիթով մեծ աղմուկ էին բարձրացնում՝ խոսքի ազատությունը սահմանափակելու, լրագրողների նկատմամբ ճնշումներ կիրառելու մասին։

«Ես նոր եմ վերադարձել Արցախից եւ պետք է ասեմ, որ այդ հարցն իմ առաջնահերթությունների թոփ 10-ի մեջ չի մտնում: Ես մանրամասն տեղյակ էլ չեմ: Այս պահին շատ ավելի կարեւոր հարցեր ունենք, քան այս խնդիրները»,- իրավիճակը գնահատելու մեր խնդրանքին ի պատասխան ասաց  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որն անցյալում խոսքի ազատության ամենաջերմ ջատագովներից էր: 

«Քանի որ իմ կարծիքը քննադատական է այս կարգավորումների նկատմամբ, հիմա ես եթե ամբողջությամբ արտահայտվեմ, կստացվի, որ օրենք եմ խախտում»,- պատասխանելով նոր սահմանափակումների մասին հարցին՝ ասաց «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Սակայն որոշ մտքեր, այնուամենայնիվ, իրեն թույլ տվեց: «Ես կարծում եմ, իհարկե, ռազմական դրության պայմաններում սահմանափակումներն անհրաժեշտ են բոլոր առումներով, եւ մենք՝ բոլորս, պետք է հասկանանք պահի լրջությունը, բայց սահմանափակումները, ամեն դեպքում, պետք է լինեն համաչափ: Օրենքի տեսք ստացած այս որոշումն այնքան էլ համաչափ չէ, եթե մենք տեսնում ենք գումարային տույժեր նշանակելը»,- ասաց փորձագետը: Բա՞րձր են: «Ոչ միայն բարձր են: Դրանց անհրաժեշտությունը չկար: Կարելի էր շատ ավելի մեղմ մեթոդներով ուզած արդյունքին հասնել: Բայց դրա մասին ավելի ճիշտ կլինի խոսել ավելի հարմար ժամանակներում,  իսկ հիմա ընդունված է օրենքը, եւ պետք է դրան ենթարկվել»: 

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ նոր սահմանափակումները՝ կապված պաշտոնյաների ելույթները չքննադատելու, կասկածի տակ չդնելու հետ, ծայրահեղություններ են: «Բացարձակ արգելքը երբեք ընդունելի չէ: Քննադատության բացարձակ արգելքը չի տեղավորվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում: Մենք հիմա ռազմական դրության մեջ ենք ու գտնվում ենք կոնվենցիայի 15-րդ հոդվածի ազդեցության տակ, որը թույլ է տալիս առժամանակ նահանջել հիմնարար իրավունքից, ոչ թե ամբողջությամբ դադարեցնել այդ իրավունքի ապահովումը: Այսինքն, մեզ իրավունք ենք վերապահել՝ շեղվելու հիմնարար իրավունքներից, բայց ոչ թե բացարձակապես արգելափակել դրանք: Սա անհամաչափ, անհամարժեք սահմանափակում է»,- ասում է նա: 

Հիշեցնենք․ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածով մասնավորապես սահմանվում է, որ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ իրավիճակներում կողմը կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ»: Ըստ Արա Ղազարյանի, նոր որոշման ձեւակերպումներում անորոշություն կա: «Ասենք, պետական մարմինը որոշում է կայացնում, եւ թերթերը դրա շուրջ քննարկում են ծավալում: Հանրային բանավեճ է խթանվում, որը լրատվամիջոցի հիմնական ֆունկցիաներից է: Հիմա այն կարող է համարվել որպես անհամաձայնություն, իսկ անհամաձայնությունն էլ որակվել որպես քննադատություն: Իսկ սա ժողովրդավարության ամենակարեւոր բաղադրիչներից է՝ հանրային բանավեճի խթանումը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմայի վերաբերյալ»: