Աշոտյանը Պուտինի խոսքերում ակնարկներ է որսացել

Աշոտյանը Պուտինի խոսքերում ակնարկներ է որսացել

ՀՀԿ-ն, նաև անձամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերջին շրջանում մշտապես պնդել են, որ իշխանափոխությունից հետո անցած 7 ամիսներին Նիկոլ Փաշինյանի թիմին հաջողվեց անհուսորեն փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, մինչդեռ այսօր Վլադիմիր Պուտինը Հայաստանն անվանել է Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն ու դաշնակիցը Հարավային Կովկասում: Նաև պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ այնտեղ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, փոքր ինչ զարմացել է հարցից՝ նշելով, որ հայ-ռուսական հարաբերություններում որեւէ բան վերականգնելու խնդիր չկա: «Մենք չունենք որեւէ բան, ինչ քանդվել է եւ կարիք ունի վերականգնման: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում եւ աշխարհում, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ է: Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք»,- հայտարարել է Պուտինը:

Նախ,Արմեն Աշոտյանն ասաց, որ հարցադրումը 2 տարբեր կարծիքներ 1 «սոուսի» տակ անցկացնելու փորձ է, քանի որ իր գնահատմամբ՝ ՌԴ նախագահի շուրթերից որևէ տարօրինակ գնահատական չի հնչել․իրականում ՀՀ և ՌԴ փոխհարաբերությունները ռազմավարական են, դաշնակցային են, իսկ ժողովուրդների միջև առկա պատմական, քաղաքակրթական կապն՝ անխզելի։

«Խոսքը ժողովուրդների ու պետությունների միջև հարաբերությունների մասին չէ, այլ, և այդ ակնարկը կար նաև ՌԴ  նախագահի խոսքում, կառավարության հետ հարաբերություններում, եղած պոտենցիալի վրա զարգացնելու անհրաժեշտության մասին։ 7 ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, յոթ ամսվա մեջ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկար չի ուրվագծվել և դրա մասին նրբորեն ակնարկեց նաև ՌԴ նախագահն՝ ասելով, որ նախորդ ղեկավարների կառուցած բազայի հիման վրա պետք է զարգացնել հարաբերությունները»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Ուստի՝ նա այս ակնարկը դիտարկում է որպես նոր, կամ արդեն ոչ նոր Հայաստանի կառավարությանը մարտահրավեր, որպեսզի հայ-ռուսական քաղաքական կապիտալը, ինչպես ձևակերպվում է՝ ոչ թե մսխվի, այլ զարգացվի։

Նա նշեց, որ առկա քաղաքական ու կնճռոտ խնդիրները տեսանելի են թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմերի համար, պարզապես Արմեն Աշոտյանը դժվարանում է ասել՝ արդյոք դրանք այս պահին Վլադիմիր Պուտինի կողմից ավելի կտրուկ գնահատականի արժանի զարգացումներ պետք է լինեի՞ն, թե ոչ։

Այսուհանդերձ, Արմեն Աշոտյանը պնդում է, որ հայ-ռուսական հարաբերություններում նոր կառավարության ստեղծած խնդիրների բազում ապացույցներ կան, որոնց ռուսական կողմը հաճախ անդրադառնում է ՌԴ արտգործնախարարության մակարդակով կամ նախարար Լավրովի, փոխարտգործնախարար Կարասինի կամ Մարինա Զախարովայի կողմից։

Անուշ Դաշտենց