Պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց՝ ի նպաստ մեր պետության. Գնել Սանոսյան

Պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց՝ ի նպաստ մեր պետության. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ վարչապետի առաջարկով, արդեն պաշտոնապես, նշանակվել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Հայաստանի Հանրապետության համար այս դժվարին և կարևոր ժամանակահատվածում նման վստահության համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը եւ հավաստիացնում, որ ամբողջ իմ  ներուժը,  փորձը եւ  գիտելիքը ծառայեցնելու եմ  ՀՀ-ի տարածքային համաչափ զարգացմանը եւ  մեր հայրենիքի հզորացմանը։

Գեղարքունիքի մարզպետ նշանակվելն ընկալել եմ որպես իմ ծննդավայրի, իմ մարզի զարգացմանը, բարգավաճմանը նպաստելու մեծագույն  հնարավորություն։
Առաջնորդվելով այդ մոտեցումներով` պաշտոնավարմանս շուրջ երեք տարիների  ընթացքում գործընկերներիս հետ միասին աշխատել ենք հանուն մարզի զարգացման, տարիներով կուտակված խնդիրների լուծման, նոր ծրագրերի ներգրավման ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ արել ենք առավելագույնը` համակողմանի զարգացած և գործուն ենթակառուցվածքներով մարզ ունենալու համար: 
Մարզում` իմ ղեկավարման ժամանակահատվածում, պետական բյուջեի միջոցներով իրականացված ծրագրերն անհամեմատ շատ եւ բազմաբնույթ   են եղել մարզի պատմության մեջ։ 

Մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված մեր ծրագրերը կյանքի են կոչվել ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլև առանձին անհատների, բարերարների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։ 

Թողնելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը՝ շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, համայնքապետերին, Գեղարքունյաց թեմին, մարզի ուժային ու իրավապահ համակարգի կառույցներին, պետական տարբեր գերատեսչությունների, առողջապահական եւ կրթական հաստատությունների աշխատակիցներին՝ ծավալած համատեղ աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար։

Առանձահատուկ շնորհակալություն  եմ հայտնում  բուժաշխատողներին եւ զինծառայողներին՝ հատկապես կորոնավիրուսային ու պատերազմական ծանր իրավիճակներում  անձնուրաց նվիրվածության ու  անմնացորդ ծառայության  համար։
Եվ իհարկե շնորհակալ եմ իմ մարզի բնակչությանը, ՀՀ քաղաքացիներին`   մեր մոտեցումները կիսելու, մեզ վստահելու և գործուն աջակցություն ցուցաբերելու համար:
Հայաստանի և ողջ հայության համար դժվարագույն այս շրջանում, աշխատանքը պահանջում ու ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն, քան երբևէ։

Ուստի մեր աշխատանքն ուղղված է լինելու տարածքային ներդաշնակ  զարգացմանը, մարզերում, համայնքներում ծառայությունների հասանելիության մեծացմանը, համայնքների տնտեսական զարգացմանն ու ենթակառուցվածքների հարստացմանը՝ քաջ գիտակցելով, որ մեր երկրի յուրաքանչյուր վարչատարածքային միավոր ունի իր առանձնահատկությունները, որոնք և հաշվի են առնվելու տարածքային կառավարում իրականացնելիս։

Գոյություն ունեցող խնդիրներին փորձելու ենք տալ համակարգային լուծումներ։

Պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց՝ ի նպաստ մեր պետության ու ժողովրդի բարօրության։

Եվ մենք հաջողելու ենք, անկասկած հաջողելու...

Աստված պահապան մեր հայրենիքին  ու  ժողովրդին»։