Անիրազեկությու՞ն, թե ապատեղեկատվությու՞ն

Անիրազեկությու՞ն, թե ապատեղեկատվությու՞ն

Ղարաբաղյան կարգավորման թեմայով միայն ծույլերն է, որ չեն խոսում: Մեկնաբանություններ են անում քաղաքագետները, մամուլը փոխանցում է տարատեսակ գնահատականներ եւ կանխատեսումներ: Քաղաքական դաշտի մի որոշակի հատվածը, որտեղ եղանակ են ստեղծում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, Նիկոլ Փաշինյանին վերագրումներ է անում գրեթե բաց տեքստով: Նպատակն, ըստ երեւույթին, Արցախում համարժեք վերաբերմունք կամ նույնիսկ ինչ-որ շարժում ձեւավորելն է: Այս ֆոնին լրատվամիջոցների ցանկացած հրապարակում կարող է հանրային տրամադրություններ հարուցել, ուստի խնդիր է դառնում տեղեկատվության հանդեպ խստագույն պատասխանատվությունը: Լրատվամիջոցներից մեկն, օրինակ, այսպիսի մեկնաբանություն է արել՝ կապված Ղազախի եւ Աղստաֆայի հատվածում Ադրբեջանի կողմից ՊՆ ստորաբաժանումների փոխարեն սահմանապահ զորքեր ներգրավելու հետ.

«...Զորքերի հետքաշումը Հայաստանի հետ սահմանից մեկնաբանվում է որպես բարի կամքի դրսեւորում: Սա անհրաժեշտ է հատկապես Վիեննայի օրակարգի իրականացումը թույլ չտալու համար, որը ոչ այլ ինչ է, քան Արցախի ճանաչումը»:

Միտքն այնքան էլ հաջող չի ձեւակերպված զուտ լեզվական տեսակետից, բայց իմաստը հասկացվում է այնպես, որ Վիեննայի օրակարգի իրականացումը ենթադրում է Արցախի ճանաչում: Վիեննայի օրակարգը մամուլի համար երբեւէ չի բացվել: Թե ի՞նչ է քննարկվել՝ կարելի է դատողություններ անել ըստ որոշ մեկնաբանությունների, որոնք հանգում են հետեւյալին՝ առաջարկվել է ամրապնդել հրադադարը, տեղադրել դիտարկման տեխնիկական սարքավորումներ եւ ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մշտադիտարկման հնարավորությունները, որպեսզի քաղաքական քննարկումների համար ստեղծվի բարենպաստ մթնոլորտ: Քննարկումներ, այսպիսով, ընթացել են երկու՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ կարգավորման բանակցությունները խթանելու հարթություններում:

Մինչդեռ մեզանում համառորեն շրջանառվում է տեսլական, որ Ադրբեջանը դեմ է Վիեննայի օրակարգի իրականացմանը, քանի որ այն ենթադրում է Արցախի ճանաչում՝ առկա շփման գծի ֆիքսման տեսքով: Դա գալիս է անիրազեկությունի՞ց, թե գործ ունենք կանխամտածված ապատեղեկատվությա՞ն հետ՝ ահա խնդիրը, որովհետեւ Վիեննայի պայմանավորվածությունների իրականացումը, կրկնենք, ենթադրում է շփման գծում կայունության հաստատում, որպեսզի քաղաքական կարգավորումը խթանվի: Իսկ թե ինչու՞ է Ադրբեջանը որոշել Հայաստանի հետ սահմանի մի հատվածում ՊՆ ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ զորքերով՝ առայժմ դժվար է որեւէ եզրակացություն անել: Առհասարակ, կանխատեսումներ անելն, ասում են, անշնորհակալ գործ է, նման բարդ թեմայով՝ առավել եւս: Ժամանակից առաջ ընկնելու անհրաժեշտություն չկա:

Հարկ է զինվել պատասխանատու համբերությամբ: Դիվանագիտությունն իր գործն անում է: Առաջիկա հունվարին կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարաները, որից հետո, գուցե, հնարավոր լինի հասկանալ՝ Փաշինյան-Ալիեւ ձեւաչափով բանակցություններ կսկսվե՞ն եւ՝ ու՞մ միջնորդությամբ: Հատկապես վերջին պարագան կհուշի, թե ո՞ր ուղղությամբ են զարգանալու իրադարձությունները: Մի բան, այդուհանդերձ, ակնհայտ է՝ ճեղքումային պայմանավորվածություններ, այդ թվում՝ Արցախի ճանաչման ուղղությամբ, հազիվ թե լինեն: