ԵԱՀԿ ղեկավարը կհանդիպի Միրզոյանի և Բայրամովի հետ

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուկար Օսմանին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այս մասին ԵԱՀԿ նախագահը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նիստի շրջանակներում ես կհանդիպեմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ևս մեկ անգամ կոչ կանեմ շարունակել դիվանագիտական աշխատանքը․ շփումներն ու ջանքերը կայուն խաղաղության ուղղությամբ»,- նշել է նա։
«Խորապես անհանգստացած եմ ռազմական գործողությունների և քաղաքացիական բնակչության համար դրա հետ կապված վտանգի կապակցությամբ: Ես կոչ եմ անում անհապաղ դեէսկալացիա անել: Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և մարդասիրական նկատառումները պետք է գերակայեն», - շեշտել է ԵԱՀԿ գործող նախագահը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ին ժամը 13։00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: ԼՂ ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի ՊԲ պաշտպանության խորքը։ Լեռնային Ղարաբաղում երկու զոհերից մեկը երեխա է։ Կա 11 վիրավոր։
Կարծիքներ