Պետեր Հանդկե. «Երբ գործ է ծնվում, ես արթնանում եմ»

Պետեր Հանդկե. «Երբ գործ է ծնվում, ես արթնանում եմ»

Գրականության ոլորտում 2018–2019 թվականների համար Նոբելյան մրցանակը շնորհվեց լեհ վիպասան Օլգա Տոկարչուկին եւ ավստրիացի արձակագիր, դրամատուրգ Պետեր Հանդկեին: Հայտնի սեքս-սկանդալից հետո Շվեդական ակադեմիայի անդամներն այս մրցանակաբաշխության նախօրեին մի շարք հայտարարություններով էին հանդես եկել՝ մասնավորապես ընդգծելով, որ ցանկանում են վերականգնել Ակադեմիայի հեղինակությունն ու դերը՝ առհասարակ գրականության մեջ կարեւորելով կին հեղինակների ձայնը, այլ լեզուներով ստեղծագործող, քիչ թարգմանված գրողների եւ այլն: Եվ ահա այսպիսի որոշում, որը պարզապես ցնցել, մինչեւ հոգու խորքը վիրավորել է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի մտավորականությանը, քաղաքական գործիչներին, լրագրողներին, ինչպես ասում են՝ արեւմտյան իսթեբլիշմենթին: 

Պատճառը Պետեր Հանդկեն է, պատճառը 1996 թվականին Բալկաններում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ նրա դիրքորոշումն է, փլուզված Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի հուղարկավորությանը մասնակցելը, ինչպես բնորոշում են մի շարք վերլուծաբաններ՝ պատճառը Հանդկեի սերբասիրությունն է, իր համբավն օգտագործելով՝ Սերբիայի Հանրապետությանը, սերբ ազգայնականներին զգալի աջակցություն ցուցաբերելը: Երեկվանից արեւմտյան մամուլում, ողջ մեդիադաշտում պարզապես ժամառժամ քննադատական նոր հոդվածներ են հրապարակվում՝ ընդդեմ Հանդկեի եւ Շվեդական ակադեմիայի եվրոպակենտրոն հայացքի: ԱՄՆ PEN միջազգային կազմակերպության գրասենյակը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում իր մտահոգությունն է հայտնում՝ գտնելով, որ Պետեր Հանդկեին Նոբելյան մրցանակ շնորհելն անթույլատրելի եւ խիստ հիասթափեցնող արարք է: Հայտնի ամերիկացի լրագրող Պետեր Մաասը երեկ «The Intercept»-ում մի հոդված հրապարակեց՝ այն վերնագրելով այսպես․ «Շնորհավորանքներս, Նոբելյան կոմիտե, դուք մրցանակը շնորհեցիք ցեղասպանության ջատագովի»: 

Այս որոշումն ամբողջովին քաղաքականացնելով (ի դեպ, կարելի է ասել՝ գրեթե մոռանալով ու շրջանցելով մյուս մրցանակակրին՝ Օլգա Տոկարչուկին)՝ դեռեւս շատ հազվադեպ հրապարակումներ են հայտնվում, որոնք վերաբերում են Պետեր Հանդկեի գրքերին, իսկ դրանք մոտ հարյուրն են: 
Պետեր Հանդկեն հայերեն թարգմանվել է դեռ 2000-ականներից՝ «Ճակատագրական դժբախտություն» (Երեւան, «Տոներ», 2004, թարգմանությունը գերմաներենից՝ Ամալյա Ալեքսանյանի), «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» (Երեւան, «Նաիրի», 2005, թարգմանությունը գերմաներենից՝ Կարլեն Մատինյանի), «Դանդաղ վերադարձ տուն» (Երեւան, «Անտարես», 2015, թարգմանությունը գերմաներենից՝ Կարլեն Մատինյանի): 
Ստորեւ, փոքր-ինչ խմբագրումներով, ներկայացնում եմ «Հրապարակ» օրաթերում 2011 թվականին լույս տեսած իմ ակնարկը, որ նվիրված է Պետեր Հանդկեին:  

Կան պատմություններ, որոնք պատմվում են եւ՝ առանց հեղինակների․  նկատի ունեմ ներգծված հեղինակային ձայնի, որովհետեւ այդ պատմությունների իսկական հեղինակներն արդեն պատկանում են անձնական աշխարհի կերպարանափոխություններին, որոնց մասին սովորաբար հավաստի տեղեկություններ չենք ունենում: Գուցե ներկայի կեղծ պատրանք ստեղծելու համարձակությունն է դրդում պատմել կամ պատի ժամացույցին սովորույթի համաձայն մերթընդմերթ նետված հայացքի տագնապը, ժամանակի անցողիկությունը տկտկացնող ճոճանակը, ինչպես Ֆոլքների «Զինվորական պարգեւ» վեպում, որը գուժում է՝ կյանք-մահ, կյանք-մահ, եւ այս երկու պարադոքսների միջեւ՝ մի կեցություն, մարդկային մի աննշան պատմություն՝ մոր կյանքը, որ ասես գոյություն է ունեցել որդու երկում վերարթնանալու համար:

«Ճակատագրական դժբախտության» սակավ էջերում մոր ինքնասպանությամբ ոգեշնչված երիտասարդ Հանդկեն նստում է փաստագրելու նրա կյանքը: Երեւակայության եւ փաստի այս մենամարտը սկսվում է օրաթերթի լուրով՝ 51-ամյա տնային տնտեսուհին, որ պարզվում է՝ իր մայրն է, ինքնասպանություն է գործել՝ ընդունելով քնաբերների մեծ չափաբաժին: Ո՞վ է ինքնասպան մայրը որդու համար, ով իր ստեղծած ժամանակի մեջ, միայն գուցե իրեն հասկանալի տրամաբանությամբ, թաքցնում է նրա անունը, կարծես այդ անվան բացահայտումով կթալանվի այն վերջին գաղտնիքը, որ միայն երկուսին է պատկանում: 

…Ես գրում եմ մորս պատմությունը, որովհետեւ նախեւառաջ ինչ վերաբերում է նրա մահվան հանգամանքներին՝ դրանց մասին ինձ ավելի շատ բան է հայտնի, քան որեւէ թղթակցի, ով հնարավոր է առանց դժվարությունների կկարողանա ինքնասպանության մանրամասները բացատրել, ասենք՝ կրոնական, անձնական-հոգեբանական կամ սոցիոլոգիական, երազներ մեկնող աղյուսակների օգնությամբ: Բացի դրանից, ես գրում եմ զուտ հետաքրքրասիրությունից ելնելով: Երբ ստեղծագործություն է ծնվում, ես արթնանում եմ եւ վերջապես ցանկանում, ոմանցից ոչ վատ, ասենք՝ որեւէ թղթակցից, թերեւս ավելի հետաքրքիր ոճով այս ինքնասպանությունից մի օրինակելի դեպք ստանալ…

…Մի անգամ խմբով սարը բարձրանալիս նա ուզեց մի փոքր հեռանալ խմբից՝ բնական կարիքը հոգալու համար: Ես ամաչում էի եւ նրան հետ կանչեցի: Նա հետ վերադարձավ…
Հանդկեն գրում է՝ ոչնչանալով որպես մոր որդի, գրում է՝ ոչնչացնելով որդու մորը, հետեւապես վեպում հեղինակային բոլոր իրավունքները վերակտակվում են ընթերցողին:

Կերպարային անողոք ոչնչացումը նրան ազատագրում է ճշմարտության իր վարկածին հարազատանալու արգելքներից: Դժվար ընտանիքում ծնված մոր կյանքը, անշուշտ, մենակության ու անհաջողության է դատապարտված, որ բնավ չստացված ճակատագրի միստիկ աղերս ու տեսաշար չէ, այլ զուտ կեցության, քաղաքականության, պատմության արդյունք, եւ, ինչ խոսք, կա նաեւ աղքատությունը, որը, ըստ որդու, պարզապես սերնդեսերունդ դաժանորեն փոխանցվող անշարժ գույքի է վերածվում: «Երբեմն ոչինչ չցանկանալով՝ նա քիչ երջանիկ էր, իսկ երբեմն ոչինչ չցանկանալով՝ քիչ դժբախտ»: Մոր՝ մեկը մյուսի հետեւից փշրվող երազանքների նախախնամությունն ասես կանխորոշված է ամուսնու եւ նրան շրջապատող հասարակության հոգեւոր տկարությամբ, պատմական աղետալի իրադարձություններով, Երկրորդ աշխարհամարտի հետքերը վերապրելու գրեթե անհնարինությամբ: 

Մոր մասին գրել՝ որպես ուրիշի, պատմել ուրիշ մի կնոջ կյանք, այդ կյանքի իրականությունը տեղավորելով մի քանի էջում (վերջին հաշվով, Հանդկեի այս ստեղծագործության ժանրն անվանակոչելի չէ), փորձել հանդես գալ որպես լոկ անշահագրգիռ դիտորդ, բայց նրան՝ «…ոչ մի տուփի մեջ չես տեղավորի, չես որսա. բառերը մթության մեջ կորչում են եւ հետո պարզապես լողում թղթին՝ ինչպես պատահի»: Արդյոք բնագրում բավակա՞ն են մոր կենսագրությունը շերտառշերտ սղագրող փաստերը, եւ արդյոք Հանդկեն, ում փաստերը գնալով ձեռք են բերում ինքնաստեղծ հատկություններ՝ բավարարվո՞ւմ է միայն վկայությունները հանդարտ շարադրելով:
Արձանագրելով մոր ողբերգական սերը նացիզմին հարող բանկային ծառայողին եւ բանկային ծառայողի ու մոր միմիայն իրենց հասու հարաբերություններից նրանց զավակի լույս աշխարհ գալու այդքան պարզորոշ ապօրինությունը՝ Հանդկեն, կենսագրական փաստերին չմիջամտելով, այդուհանդերձ, զանցառում է նաեւ վավերագրության փեղկված սահմանները: 

…Ամենուրեք իր մասին հայտարարող գարուն, ցեխ, տաք քամի, ձյունից ազատված ծառեր՝ հեռվում՝ գրամեքենայից այն կողմ…

…«Նա իր գաղտնիքն իր հետ գերեզման տարավ»…

…Երազներիցս մեկում նա երկրորդ դեմքն ուներ, բայց այն նույնպես չափից դուրս մաշված էր…
Հերոսաբար զսպելով հույզերը, նաեւ ցուցանելով այդ հույզերը զսպելու ողջ ձեւակարգը՝  Հանդկեն քայլառքայլ նկարագրում է թվացյալ աննկարագրելին, գրում է թվացյալ անգրելին` ցավելով, որ բառերը վերջիվերջո ունակ չեն միաբովանդակ եւ պարզ անդրադարձումների: Մոր գիտակցության ու մարմնով անցնող վախերի, նրա պատկանելիքների մասին անկեղծ հիշատակումներից բացի Հանդկեն ուրիշ ոչ մի ասելիք չունի, եւ սա է, որ հանձն է առել պարզել պատմության ներքին ճշմարտությունը՝ դեպքի նախապատճառները կամ գոնե մի մասը դրանց: Մոր չստացված թե՛ անձնական եւ թե՛ հանրային կյանքի կործանումն անխուսափելի է, քանի որ նրա մենակությունն այլեւս ոչ մի միջոց չունի հետազոտելու եւ ճանաչելու իրականությունը: 

Սենտիմենտալ երանգավորումներից զուրկ, խստակեց կարգապահությամբ առաջնորդվող բնագիրը, ուր չկա ոչ մի անավարտ նախադասություն, չկան սին խորհրդավորություններով լցոնած ալեգորիաներ, բառերին սերտաճած քառիմաստություններ, ինքն իրեն հավատարիմ մնալով՝ չի հեռանում այն պատուհանից, որից այն կողմ բացվում է շատ ծանոթ կնոջ անցյալը, եւ Հանդկեն, որ հենց հիմա ինքնաթիռով վերադառնում է այդ շատ ծանոթ կնոջը՝ ինքնասպան մորը վերջին հրաժեշտը տալու, գարեջուր է խմում ու գոհունակությամբ քթի տակ շշնջում․ «Ահա թե ինչ, ահա թե ինչ - շատ լավ է, շատ լավ է եւ լավ է: Թռիչքի ընթացքում հպարտությունից տեղս չէի գտնում՝ վերջապես նա քաջություն ունեցավ անելու դա - մայրս ինքնասպանություն գործեց»:  

Այն, ինչը Հանդկեն զորու չէ փոխանցելու, փոխանցվում է անզորությամբ, որովհետեւ, ահա, մայրը` ինքնասպանությունից րոպեներ առաջ, վերջին անգամ սեղմում է զուգարանակոնքի ջրի կոճակը, ինչպես միշտ իր ողջ կյանքում՝ երկու անգամ: Հեռանալու անխուսափելիությունը Հանդկեի մոր տխուր քայլերի համար անշրջելի է, եւ Հանդկեն ասես մեղմորեն շոյում է մոր հեռացող մենակությունը: