Գաղտնի ոչինչ չի եղել․ «Կոմպասի» նախագահը՝ Գյումրու փողոցաշինության հետ կապված քրգործի մասին

Գաղտնի ոչինչ չի եղել․ «Կոմպասի» նախագահը՝ Գյումրու փողոցաշինության հետ կապված քրգործի մասին

Գյումրու փողոցաշինությունը, որն արդեն իսկ չարչրկված թեմա է, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի հանգամանքները: Նշված ծրագիրն իրականացրել է «Կոմպաս»   գիտահետազոտական կենտրոնը, որի դիտորդական խմբի անդամների կողմից 2018 թվականի հուլիսի 1-ից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Գյումրի քաղաքի մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են շեղումներ՝ սահմանված նորմատիվներից:  

«Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի նախագահ Ղարիբ Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում մանրամասնեց․ «Մեր  կենտրոնը 5 տարի է՝ գործում է, եւ այդ ընթացքում ՏԻՄ-երի գործունեության, համայնքների զարգացման ոլորտում բազմաթիվ  ուսումնասիրություններ ենք անցկացրել։ Սա հերթական ուսումնասիրությունն էր՝ կապված Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի՝ Գյումրիին տրամադրված 23 մլն եվրո գումարը ծախսելու հետ, չհաշված, որ բազմաթիվ դժգոհություններ կային․ փողոցները քարուքանդ վիճակում են, մարդկանց ճանապարհներն են փակ, շարժվելու հնարավորությունը սահմանափակ է; Ուսումնասիրություն անցկացնելիս մեթոդաբանություն ենք մշակել, փորձագետներ ենք ընդգրկել, սոցիոլոգներ, շինարարներ, ֆինանսիստ։ Գաղտնի ոչինչ չենք արել, քաղաքապետարանը տեղյակ է եղել, առաջինը ներկայացրել ենք քաղաքապետարանին եւ ավագանուն։ Ճիշտ է, քննարկումներ եղան, որոշ մասի հետ իրենք համաձայն չէին, բայց ընդհանուր տեղեկացված էին, գաղտնի ոչինչ չի արվել»։ Կենտրոնի նախագահի խոսքերով, հայտնաբերված խախտումները տարբեր են եղել՝ շինարարական նորմերի խախտումից մինչև ժամանակացույց։ «Այս գործընթացում  փողոցաշինության աշխատանքները վերահսկող աշխատանքային խումբը վերջին 8 ամիսներին անգործության է մատված եղել»։  

Ի դեպ, աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արա ՄԵլիքջանյանը, ով նաև Շիրակի նախկին փոխմարզպետն էր, հայտարարել է, որ պաշտոնից հրաժարվելուց հետո դադարել է նաև վերահսկել Գյումրու փողոցաշինությունը, սակայն, ի զարմանս իրեն, քաղաքապետարանի կայքում հայտնաբերել է, որ դեռևս աշխատանքային խմբի ղեկավար է։ Ղարիբ Հարությունյանը նկատեց, որ քաղաքապետարանից իրենց պատասխանել են, որ այս պահին աշխատանքային խմբի ղեկավար ընտրված չէ։

Հարցին, թե վարչապետն իր վերջին ասուլիսի ժամանակ անդրադառնալով Գյումրու փողոցաշինությանը՝ նշել էր, որ Շիրակի մարզպետի հորդորով հնարավոր է քրեական գործ հարուցվի, արդյոք հենց «Կոմպաս»-ի ուսումնասիրության արդյունքնե՞րն ի նկատի ուներ, Ղարիբ Հարությունյանը  պատասխանեց․ «Չգիտեմ վարչապետը կոնկրետ ինչը նկատի ուներ, բայց, հավանաբար այո, որովհետև մարզպետը նույնպես տեղեկացված  էր մեր ուսումնասիրության արդյունքների մասին»։ Նշենք, որ Գյումրու փողոցաշինության հետ կապված՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: