Մամեդյարովը սադրու՞մ է

Մամեդյարովը սադրու՞մ է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը երկար ժամանակ ի վեր առաջին անգամ հաջողվել է հասնել փոխըմբռնման:

Հայաստանի ԱԳՆ այս առթիվ մեկնաբանության մեջ նշված է, որ Միլանում հաջողվել է համաձայնեցնել համատեղ հայտարարություն, ինչից ադրբեջանական կողմը նախկինում խուսափում էր, նախարարները պայմանավորվել են շարունակել քննարկումները: Հասկացվում է, որ այլ փոխըմբռնման մասին խոսելու իմաստ չկա: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան գրառման տոնայնությունից կարելի է ենթադրել, որ Մամեդյարովի պաշտոնական հայտարարությունը  Ստեփանակերտի համար բավական անսպասելի էր:

Իսկ գուցե հենց ա՞յդ հաշվարկով է Ադրբեջանի արտգործնախարարը կառուցել իր խոսքը: Այնպես, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե, ինչպես ռուսաստանյան Regnum-ն է հասկացել, Հայաստանը եւ Ադրբեջանը քննարկում են կարգավորման ինչ-որ նախագիծ, որի մանրամասնությունները դեռեւս չեն բացահայտվում եւ որ գործընթացը տեղի է ունենում առանց Ստեփանակերտի մասնակցության

Եթե նկատի ունենանք, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ուղեւորվել էր Արցախ եւ հայտարարել բանակցություններին ԼՂ մասնակցության անհրաժեշտության մասին, ինչը որոշակի ընկալման էր բերել, թե դա Ադրբեջանի հետ քննարկումները շարունակելու հայկական կողմի նախապայմանն է եւ այդ հայտարարությունները փորձենք համադրել կարգավորման շուրջ տեղեկատվական արտահոսքերով փոխանցվող հավանական զարգացումներին, ապա առաջին եւ բավական կայուն տպավորությունն այն կլինի, որ վերջին մեկ-երկու ամսում «նախաձեռնությունն անցել է Ադրբեջանին»՝ ինչպես ձեւակերպել է ռուս մեկնաբանը:

Որքանո՞վ է իրականությանն առնչվում այսօրինակ մեկնաբանությունը՝ ահա այս հարցն է, թերեւս, ամենահիմնականը: Ադրբեջանին իրո՞ք հաջողվել է լիովին չեզոքացնել բանակցություններին Արցախի ներգրավվածության գաղափարը: Քննարկումներն ի՞նչ տրամաբանությամբ են ընթանում: Մեկնաբաններն ուշադրություն են հրավիրում իրողության վրա՝ վեց ամսում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն ընդհանուր առմամբ բանակցությունների սեղանի շուրջ ավելի քան տասը ժամ են անցկացրել: «Այդ ընթացքում, ի՞նչ է, նրանք նարդի՞ էին խաղում»- իրոնիկ հարցադրում է արել Regnum-ի մեկնաբանը՝ հասկանալ տալով, որ խոսքը լրջագույն քննարկումների մասին է:

Այժմ Ադրբեջանի արտգործնախարարն ասում է, որ հայաստանցի գործընկերոջ հետ հասել են փոխըմբռնման: Ինչի՞ շուրջ: Փոխըմբռնումը վերաբերում է բանակցությունները շարունակելու անհրաժեշտությա՞նը, թե բուն քննարկումների առարկայի՞ն: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան գրառման մեջ երեք ընդգծում է արված՝ կարելի է ենթադրել, որ Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, Ադրբեջանը բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության ընդունման ուղու վրա է, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Արցախի Հանրապետությունը:

«Եթե կա համապատասխան պայմանավորվածություն եւ այդ անհրաժեշտության ընդունում Ադրբեջանի կողմից, ապա կարելի է խոսել բանակցային գործընթացի նոր որակի մասին»- ամփոփել է Դավիթ Բաբայանը: Այս ձեւով պաշտոնական Ստեփանակերտը, կարծես, նախանշում է կողմերի միջեւ փոխըմբռնման եւ բանակցություններում առաջընթացի՝ իր համար ընդունելի նշաձողը: Եզրակացությունը թողնված է հասցեատերերին: Եւ, գուցե, կարելի է եզրահանգել, որ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունն արդեն իսկ բանավե՞ճ է սադրում: