«Սրճարանատերերի  ապստամբություն»  չի լինելու․ Վ․ Հակոբյան

«Սրճարանատերերի  ապստամբություն»  չի լինելու․ Վ․ Հակոբյան

Դեռ այն ժամանակ, երբ  տրակտորը  չէր մտել Օպերայի տարածք՝   քանդելու միլիոնավոր դոլարների եկամուտ բերող սրճարանները, դեռ  չէին լսվել անեծք, հայհոյանք, ինքնահրկիզման սպառնալիքներ,  ակնհայտ էր, որ այս անգամ սովորականից ավելի լուրջ է։ Բայց դեռ պարզ  չէ, թե, այնուամենայնիվ, Օպերայի տարածքում սրճարանի տարածք ստանալու համար բավականաչափ փող ու կապեր ունեցող այս անձանց միավորված պայքարը մինչև ուր կարող է հասնել և ինչի վերաճել, չնայած «Ջազզվե» ընկերության համասեփականատիրոջ կոչին, որ ոչ մի բիզնես շահ չարժե, որպեսզի հասարակության տարբեր խմբեր միմյանց բախվեն։ Այս մասին «Հրապարակը» զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

- Պարոն Հակոբյան, ինչո՞ւ հենց այս անգամ բողոքի ակցիան այսքան միավորված էր, ագրեսիվ՝ կոշտ։

- Կոշտ, որովհետև այստեղ կար սրճարանների տերերի ու աշխատողների շատ կոնկրետ շահերի բախում և հանրային շահ, որը ձևակերպված է քաղաքապետարանի որոշման մեջ։ Բայց քանի որ այս ամիսների ընթացքում իշխանությունը բազմաթիվ անգամ հայտարարել է իր ինչ-որ որոշումների մասին ու դրանցից ընկրկել է դիմադրության պարագայում, հանրության շրջանում իշխանության հայտարարություններին սկսել էին մի քիչ անլուրջ վերաբերվել՝ մտածելով, որ եթե ինչ-որ բան հայտարարվում է, դա դեռ չի նշանակում, որ վերջնական է։ Իսկ իշխանությունն էլ, որն իշխանության է եկել հանրային աջակցությամբ, այսպես էր վարվում՝  այս հարցում ունենալով կոմպլեքս։ Հիշենք մշակութային ՊՈԱԿ-ների նախագիծը՝ միանգամից հետ քաշվեցին։ Առհասարակ, բոլոր որոշումներն էլ այդպես են եղել… oպտիմիզացիա․ սկզբից խոսում էին տասնյակ հազարավորների մասին, հետո դարձավ 10 հազար, հիմա  չգիտեմ․․․ էլ չեն խոսում։
Եթե հիշում եք՝ սրճարանների մասին հայտարարվել էր դեկտեմբերի կեսերին, մի անգամ էլ՝ փետրվարին, որ դա լինելու է։ Եվ կարծում եմ՝ սրճարանների տերերն անլուրջ են վերաբերվել այդ զգուշացումներին և դրա համար այս երկու օրը անցան բավականին կազմակերպված դիմադրության՝ այդ որոշումը կանգնեցնելու համար։ Բայց կարծում եմ՝ դատելով սրճարանների հարցում հետևողականությունից՝  քաղաքապետարանն այս անգամ իր դիրքորոշման մեջ վստահ է, համոզված է, որ ճիշտ է, և չի նահանջելու։ 

- Բայց մյուս կողմն էլ է շատ վճռական։

- Այդ վճռականը մինչև այն պահն է, երբ իրենք զգում են, որ իշխանությունը վճռական է իսկապես։ Թեև այս բողոքը շատ կոնկրետ դրսևորում ունի՝ շատ հստակ շահերի բախման արդյունքում։ Ի վերջո, չմոռանանք, որ այս տարածքում գոնե պատահական մարդ երբևէ չի եղել, այս սրճարանները տրվել են միայն յուրայիններին և տրվում էին անգամ ոչ թե քաղաքապետի, այլ 1-ին դեմքերի մակարդակով։ Եվ զարմանալի է, որ այս ամբողջ կռիվների մեջ ես որևէ սեփականատեր չտեսա, մենեջերներ տեսա, մատուցողներ։

- Իսկ այս հարցում հասարակության աջակցությունը, համակրանքը, այնուամենայնիվ, ո՞ր կողմինն է։

- Գլոբալ առումով, հասարակության աջակցությունը տվյալ դեպքում քաղաքապետարանինն է։ Ժամանակին որպես լրագրող, որպես խմբագիր կամ որպես քաղաքական գործիչ՝ այս հարցի շուրջ միշտ  էլ  խոսել եմ և մի առիթով ասել, որ իմ մանկությունն անցել է կանաչ Օպերայում, երիտասարդությանը՝ սրճարանային։ Եվ այն, որ քաղաքապետարանը քիչ թե շատ փափուկ կամ միքսված  տարբերակի է գնացել՝ չքանդելով ամբողջը, այլ միայն Ազատության հրապարակին հարող սրճարանները, կարծում եմ՝ ամենաօպտիմալ որոշումն է։ Երևանցիները հիշում են, որ Օպերայի հրապարակը  կանաչ տարածք էր, բայց ավելի ժամանակակիցներն էլ հիշում են, որ այն սրճարանային մշակույթի տարածք է։ Եվ մեզ պետք է տարբերակ, որ մնա և՛ այն հիշողությունը, և՛ այս։