Ոչինչ այս կյանքում հարատեւ չէ՝ ո՛չ մեր գոյությունը, ո՛չ առավել եւս ձեր իշխանությունը

Ոչինչ այս կյանքում հարատեւ չէ՝ ո՛չ մեր գոյությունը, ո՛չ առավել եւս ձեր իշխանությունը

Քաղաքիս համար պատասխանատվություն ստանձնած հարգարժան այրե՛ր եւ տիկնա՛յք. Իմ՝ արժանապատիվ ՀՀ քաղաքացուս աչքերով Երեւանի դիմազրկումն ու պղծումը նախկինները սկսեցին երեւանյան գազոնների, հողածածկ կանաչապատ տարածքների ասպատակումից ու բետոնապատումից (ոչ միայն Օպերային թատրոնին հարող տարածքում), որն, ի թիվս այլ թերացումների, նրանց չներվեց: Իրականություն դարձած նոր իրավիճակից հետո, թերեւս, մի փոքր հույս էր արթնացել, որ գոնե նոր շինություններ չեն ավելանա առանց այդ էլ խիտ բնակեցված Երեւանի նոսր կանչ ծածկույթով օազիս դարձած գազոնների վրա: Հույս ունենալով, որ Ձեր ընտրության հարցում ԱԶԳՍ չի սխալվել, ահավասիկ ձեզ եմ ներկայացնում հերթական ապօրինությունը, որն իրականացվում է նույնպես գազոնի վրա` աննախադեպ ցինիկ նախագծով, որպես երկհարկանի կառույց Էրեբունի գլխավոր փողոցին հարող մայթին, ի դեպ, սկսված արդեն ձեր ժամանակ՝ 2018-ի սեպտեմբերին:

Փաստորեն, հերթական անգամ ինչ-որ մեկն իր պաշտոնական դիրքը չարաշահելով կամ համապատասխան կառույցներին կաշառք բաժանելով՝ հանրային սեփականությունը, քաղաքի էկոհամակարգի համար կենսական նշանակություն ունեցող գազոնային կանաչապատ տարածքը մասնավորեցնում է, ծառահատում ու բետոնապատում՝ քաղաքային իշխանությունների անհոգ մրափի տակ կամ հանցավոր թույլտվությամբ... Եվ ուրեմն... դուք կամ կիսում եք նախկինների անօրինական որոշումների բեռը՝ ստացված կաշառքների պատասխանատվությումբ, կառույցի շինարարությունը շարունակելու թույլտվություն տալով, կամ ի շահ հանրության ու բնակչի, հանուն մեր եւ ձեր երեխաների կանաչ ու զով քաղաքի ամառները վայելելու հնարավորությունն ապահովելու՝ լուծում հարցը՝ կառուցողին պարտադրելով վերականգնել գազոնի նախնական տեսքն ու հատված ծառերի փոխարեն գոնե նորերի տնկումը... Ոչինչ այս կյանքում հարատեւ չէ՝ ո՛չ մեր գոյությունը, ո՛չ առավել եւս ձեր իշխանությունը: Բայց առկա իրավիճակում հեղափոխականության նշաձողը պահելով` բարոյականության ու արժեհամակարգային նոր իրականություն կերտելու բացառիկ հնարավորություն հիմա դուք ունեք, որից կա՛մ կօգտվեք, կա՛մ կգնաք նախկինների ճանապարհով՝ կարճ ժամանակում դառնալով արժեզրկված, խոտան իշխանություն:

Հիշեցում… Մարդիկ, հանրությունը, հասարակությունը ոչինչ չեն մոռանում… ամեն ինչ տեսնում են եւ արժանագույնս գնահատում։ 

Հարգանքներով՝

Լուսինէ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ