Որպեսզի Երեւանում չկրկնվի Բեյրութի ողբերգությունը

Որպեսզի Երեւանում չկրկնվի Բեյրութի ողբերգությունը

Լիբանանի իշխանությունները հանցագործ անտարբերություն են ցուցաբերել ահազանգներին, թե Բեյրութի նավահանգստում տարիներ շարունակ պահվում է պայթունավտանգ նյութ՝ սելիտրա: Արհամարհել են առաջարկները՝ բեյրութցիներին ազատել այդ պոտենցիալ վտանգից: Երևի թե պատասխանել են, որ ամեն ինչ ապահով է, պահեստի անձնակազմը հետևում է անվտանգությանը: 

Եթե ես հիմա անհանգստություն հայտնեմ «Նաիրիտում» պահվող պայթյունավտանգ և խիստ թունավոր նյութերի կապակցությամբ, կստանամ նույն պատասխանը: Մինչդեռ գոյություն ունեն անկանխատեսելի «մարդկային գործոն» հասկացողություն, մարդկային ագահությունից բխող վտանգներ, թշնամական պետությունների և կազմակերպությունների կողմից հնարավոր հրետակոծումներ ու ռմբակոծումներ և այլ, մինչ աղետը անհնարին թվացող հանգամանքներ: 
Այն, որ Հայաստանի իշխանությունները որոշել են փակել «Նաիրիտը», ինձ համար պարզ էր 1990-ականներից, երբ նրանք փակեցին այդ գործարանի համար կադրեր պատրաստող՝ Ամիրյան փողոցի վրա գտնվող Քիմիական տեխնիկումը: Բայց գործարանը միանգամից չփակեցին, քանի որ ըստ իրենց սովորության, պետք է որքան կարելի է շատ փող սարքեին նրա վրա: Եթե հիշում եք, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը բազմիցս ահազանգում էր նախկին վարչապետի եղբոր մեքենայությունների մասին:

Պատասխանն եղավ այն, որ այդ վարչապետը ընկերացավ Առաքելյանի ՀՌԱԿ հակառակորդների հետ և միասնական ջանքերով վերջիններին վերադարձրեց ՀՌԱԿ ղեկը: Իսկ Հարություն Առաքելյանը ստիպված էր շտապ լքել Հայաստանը: 

Այդ նույն վարչապետը, երբ դարձավ Եվրասիական տնտեսական բանկի ղեկավարներից մեկը, այդ բանկը ևս համաձայնեց միլիոնավոր դոլարների վարկ տալ այդ անհույս գործարանին, ինչը, ինչպես գրում էին լրատվամիջոցները,  հաջողությամբ մսխվեց բարձր աշխատավարձեր ստանալու համար հավաքագրված ղեկավար անձնակազմի կողմից: Եվ, երբ արդեն «Նաիրիտն» այնքան պարտք կուտակեց, որ ոչ ոք այլևս չէր համաձայնվում գնել, գործարանը փակվեց: Փակվեց, բայց այնտեղ գտնվող վտանգավոր նյութերը չվերացվեցին: Եվ Բեյրութի պահեստում պահվող սելիտրայից բազմաթիվ անգամ ավելի պայթյունավտանգ, թունավոր ու վտանգավոր այդ նյութերը տարիներ շարունակ պահվում են Երևանում գտնվող այդ գործարանում: 

Ինչի՞ն են այդ նյութերը սպասում, մի՞թե մեր իշխանությունները հույս ունեն մեկ անգամ ևս իրականացնել վաճառելու կամ գրավադրելու նախկին մախինացիան: Պարզ է, որ թանկ էներգակիրներ ունեցող և արտահանման էժան ուղիներ չունեցող Հայաստանում գտնվող այդ հսկան, որի կարևորագույն սարքավորումների մի մասն արդեն իսկ վաճառվել է Չինաստանին, ոչ ոք չի գնի: Իսկ ժամանակի հետ ավելանում է նաև Երևանին սպառնացող ահավոր աղետի հավանականությունը:

Պետք է անհապաղ վերացնել այդ աղետի աղբյուրը և, նաև, ստուգել. արդյո՞ք մայրաքաղաքում չկան վտանգավոր նյութեր պարունակող պահեստներ: Մենք այնքան անհոգ իշխանություններ ունենք, այնքան անգործունյա վերահսկիչ օրգաններ և այնքան անպատասխանատու գործարարներ, որ չի բացառվում, որ Երևանում կհայտնաբերվեն <սելիտրայով>, կամ շատ ավելի վտանգավոր նյութերով բեռնված պահեստներ:

Գրիգոր Էմին-Տերյան