Հովհաննես Հովակիմյան. Խզբզոցներ պատերին

Հովհաննես Հովակիմյան. Խզբզոցներ պատերին

     Հիվանդանոցի պատերին խզբզոցներ կան։ Էդ խզբզոցներից ամեն մեկը մի հիվանդ է արել, ասում են։ Տեսնես որեւէ մեկը մտածե՞լ է՝ ինչու են մարդիկ խզբզում պատերին, ինչու են մարդիկ փորագրում քարերի վրա կամ ինչու են գրում ծառերի բներին։ Ես երեւի երբեք ծառաբներին բան չեմ գրել, քարերին չեմ փորագրել, պատերին չեմ նկարել։ Բայց հիվանդանոցի պատերին խզբզոցներ կան։
     Ինձ էստեղ են բերել նախորդ գիշեր, ասում են։ Աչքերս բացել եմ, ոտքերս վիրակապված են էլաստիկ բինտով, ոտքերս թմրած են։ Կրծքավանդակս ամուր կապկպված է։ Չգիտեմ՝ ինչ է եղել ինձ հետ։ Չեմ հիշում։
     Վերջին հիշողությունս երեկվանից այն էր, որ քայլում էի դեպի տուն ու երբ բացեցի տան դուռը, մտա ներս... ներս մտա... մտա... չէ, այ, հենց էդտեղից բան չեմ հիշում։
     Աչքերս բացել եմ հիվանդանոցում, մահճակալս դրված է հիվանդասենյակի անկյունում՝ պատի տակ։ Պատերին փորագրված բառեր կան։ Անընթեռնելի են։ Չեմ հասկանում՝ ինչ գործ ունեմ էստեղ։ Մի քանի բառ ուզում եմ կարդալ։ Գրած ջնջված են, բայց եթե կենտրոնանամ, գուցե կարդալ ստացվի.

Չ, մ, ո, ռ, ա, ն, ա, ք 
Ի, ն, ձ 
Ե, ս
Մ, ե, ռ, ա 
Ձ, ե, ր 
Պ, ա, տ, ճ, ա, ռ, ո, վ

   Խնդրում է չմոռանալ իրեն, որովհետեւ ինքը մեռավ նրանց պատճառով։
   Հիվանդասենյակում ահավոր հոտ է տարածված։ Մի քանի մահճակալ այն կողմ հիվանդ կա, որին բժիշկներն անընդհատ այցի են գալիս։ Գիշերն էլ եկան, հետո՝ լուսադեմին, եկան եւ առավոտյան։ Երբ բժիշկները գալիս են, հիվանդասենյակում ահավոր հոտ է տարածվում։ Չեմ կարծում՝ բժիշկների վրայից էդպիսի հոտ գա։ Երեւի նրանք փոխում են հիվանդի վիրակապերը. հա, հաստատ փոխում են։ Սանիտարները բժիշկների գալ-գնալուց հետո տոպրակով ինչ-որ բաներ են տանում։ Գարշահոտը տոպրակից էլ է գալիս։
    Կողքիս մի տղա է պառկած, գիշերը մի երկու բառ փոխանակեցինք, ինքն ասաց՝ ինձ երբ են բերել։ Ասաց, որ այլանդակված վիճակում եմ եղել, զառանցել եմ, ընդհուպ՝ ցավից թպրտացել, գոռացել։ Բայց թե ինչ եմ ասել՝ ինքն էլ չի հասկացել։

***
 Իսկ գուցե պետք է թքած ունենալ, թե ինչու եմ էստեղ։ 
        Ես հիվանդի մեկն եմ։ Ես խելագարվում եմ երեւի։ Ինձ ծեծում են ամեն օր, ամեն օր ինձ շանսատակ են անում։ Ես սարսափում եմ մարդկանցից, որոնք ինձ մտերիմ են։ Ես զզվում եմ, երբ ինձ մերժում են։ Երեւի հենց դրա համար էլ ինձ էստեղ են բերել։ Ես չգիտեմ՝ ինչ հիվանդանոց է սա։                                                                                                               
       Ես օրագրություններ եմ գրում, որպեսզի հիշեմ նախորդ օրերս, որովհետեւ յուրաքանչյուր հաջորդ օրն ինձ համար մոռացության է մատնում նախորդին։ Օրերս օտարվում են ինձնից։ 
       Բժիշկը մոտենում է ինձ ամեն օր ու հարց տալիս՝ երազներիս մեջ ես տեսնում եմ ներսի՞ց, թե՞ կողքից։ Ես չգիտեմ, թե որտեղից եմ տեսնում։ Երեւի թե՝ վերեւից։ Ամեն դեպքում, երազներիս գործող անձը ես չեմ։ Օտարված եմ ինքս ինձնից ինչպես երազում, էնպես էլ էս հիվանդասենյակում։ 
       Ահա, նորից գարշահոտը գալիս է։ Ես վախենում եմ էս հոտը գարշահոտ ասել, որովհետեւ մտածում եմ՝ վերջում պարզվելու է՝ հիվանդի մարմնից է գալիս, իսկ դա լավ չէ, դա բացարձակ լավ չէ։ 
        Կողքիս տղային նորից հարցուփորձ կանեմ գիշերը՝ ինչը ինչու է։

***
    Տղան ասում է, որ քիչ առաջ իմ վիրակապերը եկան ու փոխեցին, ասաց, որ ինձնից էլ է հոտ գալիս։ Բոլորս էլ հոտած ենք, հոտում ենք, փտում։
    Ես նորից վախենում եմ։ 
    Գիշերը տղային հարցրի՝ ինչ է պատահել հիվանդասենյակի մյուս կողմում պառկածին (ի դեպ, ասեմ, որ հիվանդասենյակը, ինչպես հայրս էր ասում, գեաձեւ է, դրա համար մյուս անկյունը մեզ տեսանելի չէ)։ 
    Ինքն ասաց, որ ոտքն են անդամահատել։
    Ես նորից վախենում եմ։ Նայում եմ տղային, առաջին անգամ նկատում եմ՝ տղայի աջ ձեռքը չկա։ Աչքերիս արտահայտությունից տղան հասկանում է, որ նոր եմ նկատում։ Մեղմ ժպիտով ինձ հանգստացնում է, ասում է, որ ամեն բան կարգին է, որ բոլորի մոտ էլ էդպես է, սկզբում անուշադիր են լինում, վերածվում են բանջարեղենի։ 
     Նայում եմ իմ ձեռքերին՝ համոզվելու, որ տեղում են։ Շարժում եմ մատներս, հաճույք եմ զգում դրանց շարժից։ Ինձ վեր եմ դասում մնացածից, ես ունեմ առավելություն իրենց հանդեպ՝ կարծում եմ։ Բա որ իմ ձեռքն էլ կտրե՞ն՝ կորցնում եմ վստահությունս։ Տղան քիչ առաջ ասաց, որ իր ձեռքը կտրել են, որովհետեւ այն վնասված է եղել, իսկ իմ ձեռքերին բան չի եղել՝ վերագտնում եմ վստահությունս։ Հանգիստ քնում եմ։

***
  Տանել չեմ կարողանում, երբ պատուհանից արեւն ընկնում է աչքերիս ու ստիպում ինձ արթնանալ։ 

***
   Գիշերն արթնացա ու տեսա՝ կողքիս տղայի վրա բժիշկներ են թափված։ Ինչ-որ բաներ արեցին, հետո վերցրին տղային ու տարան։ Դռնով անցկացնելիս էլ մահճակալի անիվը դիպավ դռանը ու ահավոր ձայն հանեց։ Հիվանդասենյակում բոլորը վեր թռան ու սկսեցին իրար հարցուփորձ անել։ Հիվանդասենյակի այս անկյունում ես մնացել եմ միայնակ, ոչ մեկին չունեմ՝ խոսելու համար։
   Մտածում եմ՝ գուցե ինչ-որ բան գրեմ. բայց որտե՞ղ։ Թուղթ ու գրիչ չկա, չկա եւ ոչ մի բան։ Առաջին անգամ հասկանում եմ, որ մեզ ո՛չ հաց են տալիս, ո՛չ ջուր։ Չգիտեմ ինչու, բայց ո՛չ քաղց եմ զգում, ո՛չ էլ ծարավ։ Կողքերս եմ նայում։ Ինձ ինչ-որ սիստեմաներ են միացրել։ Երեւի էդպես եմ սնվում։ Հետաքրքիր բան է։ Կարիքներս էլ հոգում եմ հենց անկողնու մեջ, պառկած։ Ինչ-որ հարմարանքներ են տեղադրել վրաս, որ կարիք չունենամ դուրս գալ անկողնուց։ Անկողինս սիրուն է, մեջտեղի հատվածում վանդակավոր աստառ կա։ Այն ինձ մեր խոհանոցի հատակն է հիշեցնում, տատիս գունավոր հողաթափերը, քրոջս արջուկի ականջի խոռոչները։
  Իսկ, իսկ ո՞ւր են իրենք, գրողն իրենց տանի։

***
   Առավոտյան բժիշկը եկավ ու որպիսությունս հարցրեց։ Ես ասացի՝ լավ եմ, բայց ինձ անհանգստացնում է ընտանիքիս որտեղ լինելը, ու թե ինչու ինձ չեն տեսակցում։ Ինքն ինձ ասաց, որ այս շրջանում ինձ ոչ ոք չի կարող տեսակցել բացի իրենից, ասաց, որ շուտով ոտքի կկանգնեմ։ Էդ բառի վրա դեմքը ծամածռվեց։ Ինքը ձեռքը տարավ մահճակալիս ձողի կողմը եւ արագացրեց կաթիլների հոսքը։ Ինձ հարցրեց երազներիս մասին, իր պատկերը լղոզվեց։ Բժիշկն ասես լաց էր լինում։ Բայց չէ, ուղղակի պատկերն է լղոզվում։ Լը...ղոզ...վում...

***
    Առաջին անգամ գիշերը մնացել եմ առանց զրուցակցի, կողքիս տղան էլ չկա, գոնե մի բանից խոսեինք, ասենք՝ իր սիրած աղջկանից, իր ընտանիքից, բժիշկների տարօրինակ պահվածքից։ Ի վերջո, կհարցնեի՝ բժիշկը լաց եղա՞վ, թե՞ ինձ թվաց։ Ամբողջ մարմինս ընդարմացել է ու ինձ կանչում է քնելու։ Ես ուզում եմ քնել, հոգնած եմ, բայց աչքերս փակում եմ, ու չի ստացվում քնել։ Մատներով սկսում եմ շոշափել փորագրությունները։ Ամենահաճելին «ա» տառն է շոշափվում՝ վերեւ-ներքեւ, վերեւ-ներքեւ, վերեւ-ներքեւ...

***
   Աչ...քերս... բա...ցում...եմ, լղոզ...վում է, պատ…կերը...ու…ժ... չու...նեմ...

***
   Բ...ժիշկները...լույս...են...գցում...աչ...քե... րիս։ Գլու...խս... պը...տտվ...ում...է Կար...ծես... ջրի...մեջ...ճոճա...նակ... նստած...լի...նեմ

***
   Մթություն եմ տեսնում։ 
   Բերանս չորացել է։
   Ճակատս քոր է գալիս։ 
   Քրտինքը Ներքեւ է Իջնում։
   Քորել։ 
   Մարմինս 
   Դողում է։
   Խուտուտ եմ 
   Զգում։

***
    Բժիշկն ինձ հարցնում է՝ ինչ եմ տեսել երազումս։ Ասում եմ, որ մեր մանկապարտեզի այգին եմ տեսել, որ տեսել եմ՝ ինչպես մեր խմբի չախկալ Նարեկը քարով խփեց կատվի ձագին։ Ասում եմ, որ Նարեկը շատ չար էր ու միշտ վատ բաներ էր անում ու գցում իմ վրա։ Բայց Նարեկին դայակները սիրում էին։ 
    Բժիշկը ժպտում է, ու արագ…աց...նում իմ կաթ…իլ…նե…րի, արա…գու...թ...յու.....

***
    Գրել եմ ուզում, թուղթ ու գրիչ չկա։ Բժիշկներն ինձ բանի տեղ չեն դնում։ Բարկացած եմ, ներվային։ Հիշում եմ կողքիս տղային։ Տեսնես ինչ եղավ իրեն։ Չլինի՞ մեռավ։ Երազս։ Նարեկը։ Խփում է։ Կատվին։ Քարով է խփում։ Նարեկը։ Չախկալ։ Կատուն սատկում է։ Վեր եմ թռնում։ Տղան չկա։ Կողքիս։ Տղան։ Տարել են։ Տղային։ Նարեկը խփում է կատվին։ Տղայի մահճակալը։ Խփում են։ Դռանը։ Վեր եմ թռնում։
Ուզում եմ գրել։ 
Թուղթ չկա։ 
Բարկանում եմ։ 
Տղայի ձեռքը չկար։ 
Նայում եմ ձեռքերիս՝ տեղում են։
Ես իրենց նման չեմ։ Ես ո՛չ խեղ եմ, ո՛չ էլ հաշմանդամ։ Ինչի՞ են ինձ պահում էստեղ։ 
Բժի՜շկ՝ կանչում եմ։
Չի գալիս։ 
Բժի՜շկ՝ կրկնում եմ։
Վազում է բժիշկն ինձ մոտ։ Գոռում եմ՝ ո՞ւր է ընտանիքս։ Հանգստացնում է ինձ, ձեռքը տանում է դեպի կաթիլները, ամուր բռնում եմ իրեն։ Ցավեցնում եմ՝ ոնց որ։ Ո՞ւր են ծնողներս, ո՞ւր են, ինչո՞ւ չեն գալիս։ Ի՞նչ է եղել նրանց, բոզի տղա, ասա։ Էս ի՞նչ գժանոց է։ Դուք ի՞նչ եք անում ինձ հետ։ Ասա դե, արա՛, ասա։

*** 
Աչքերս բացում եմ արցունքների մեջ։ Ուզում եմ գրել։ Թուղթ ու գրիչ է պետք։ 
Չունեմ։
Շոշափում եմ պատերը։ 
Ամենահաճելին հիմա «մ» տառն է շոշափվում՝ մեջտեղից ներքեւ, հետո լրիվ վերեւ, հետո դեպի մեջտեղ։ Համաչափ է թվում։

*** 
Սենյակս դատարկվում է կամաց-կամաց։ Բոլորին դուրս են գրել։ Մնացել եմ ես։ Սենյակում, սակայն, անտանելի հոտը շարունակում է ճնշել։
Տղան ասում էր։ Հոտը։ Մենք։ Հոտում ենք։ Բոլորս էլ։
Բարկանում եմ մենակությունից։ Մի քիչ ուժ է եկել վրաս։ Ուզում եմ քայլել միջանցք։ Գեղեցիկ վերմակը՝ մեջտեղում վանդակավոր աստառ՝ մեր խոհանոցի հատակը, տատիս գունավոր հողաթափերը, քրոջս արջուկի ականջի խոռոչները։ Մի կողմ քաշել այն։ Հանում եմ ասեղները ձեռքիցս։ Բացում եմ վերմակս։ Մի կողմ եմ նետում։ Հողաթափեր են դրված անկողնուս դիմաց։ Ոտքերով ձգվում եմ դեպի դրանք։ Մեկը հեշտությամբ մտցնում եմ։ Մյուսը չի մտնում, չի հասնում, կախվում է ու լողում օդում։ Չի հասնում։ Ոտքս։ Չի հասնում։ Հողաթափին։ Ո՞ւր է։ Ոտքս։ Չի հասնում։ Ոտքիս։ Կեսն է։ Միայն։ Մյուս կեսի։ Փոխարեն։ Միայն փոխանն է։ Կախված։ Ոտքս։ Չկա։
Ես։ Քերծում եմ։ Պատերը։ Դուք։ Սպանել եք։ Ինձ։ Դուք։ Եք։ Մեղավոր։ Բոզի։ Տղերք։ Դուք։ Փորագրում եմ պատի վրա։ 
Չմոռանաք։ 
Ինձ։ 
Ես։
Մեռա։ 
Ձեր։ 
Պատճառով։
Խրում եմ կաթիլայինի ասեղն ուղիղ զարկերակս, բացում եմ հեղուկի հոսքը՝ ամբողջությամբ։ Հեղուկը լցվում է երակներս։ Գլուխս պտտվում է։ Ես գլորվում եմ։ Ներքեւ։ Գլորվում եմ։ Ներքեւ։ Ես։ Գլորվում եմ։ Ու։ Կգլորվեմ։ Միշտ։ Թքա՜ծ... ԴԵՊԻ ՎԵՐ...

 

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ