Որպես օգտագործած մի իր

Որպես օգտագործած մի իր

Օղակը սեղմվում է Նիկոլի աթոռի շուրջը: Արդեն երկրորդ-երրորդ անգամ Մոսկվան հերքում է Նիկոլի հնչեցրած մեղադրանքները Կրեմլի հասցեին` պարզապես անվանելով ստախոս, զրպարտող, սադրող ու խառնակիչ: Ինչպիսին մենք գիտեինք որպես լրագրող ու պատգամավոր, որին հավատում էինք, եւ գիտենք վարչապետ, որին չենք հավատում: Իսկ Մոսկվան երկու դեպքում էլ չի հավատում, չի վստահում: Նախկինում հետաքրքիր չէր Մոսկվային, որպեսզի հավատար կամ չհավատար, իսկ հիմա ուղղակի չի վստահում: Այս անգամ Նիկոլը Մոսկվային մեղադրում է, թե առաջարկում էր Արցախի յոթ շրջանները հանձնել ոչնչի դիմաց: Նախկին մեղադրանքը Շուշին հանձնելու առիթով էր: Կրեմլին մերձ գործիչներն անթաքույց, ուղղակի արտահայտվում են, որ ՀՀ վարչապետի հրաժարականն է այս պահի ճիշտ լուծումը: Նկատում են, որ եթե Պուտինն ուղիղ չի ասում այդ, քանի որ Հայաստանն ինքնիշխան հանրապետություն է համարվում, դեռ չի նշանակում, որ չի ուզում նույնը` Նիկոլի հեռանալը: 

Իսկ օղակը ոչ միայն սեղմվում է Նիկոլի աթոռի շուրջը, ավելին` օղակից է կախված նրա իշխանությունը եւ քամուց ճոճվում է պարանի ծայրին: Եթե չի ընկնում, չի նշանակում, որ հանգուցյալը ողջ է: Հանգուցյալը կախաղանին տարուբերվող դիակ է, անշունչ: Իսկ տարուբերվելը քամուց է, ոչ թե կենդանության նշաններ ցույց տալուց: Հումանիստական քայլ է, նաեւ՝ առողջապահական միջոցառում, որ դիակը վար բերվի կախաղանից եւ հանձնվի հողին: Այս հակահիգիենիկ ու սահմռկեցուցիչ տեսարանը ե՛ւ գիտակցում է, ե՛ւ չի գիտակցում Նիկոլը: Գիտակցում է այնքանով, որ ուզում է շունչ տալ դիակին, չի գիտակցում, քանի որ դեռ ոչ ոքի չի հաջողվել նման հրաշք: Միակը մեր Փրկիչն էր` Ղազարոսի օրինակով: 

Ընդունենք, որ չի գիտակցում, եւ այն հեքիաթային հեշտությամբ` ինչպես եկավ իշխանության, այնպես էլ մնում է նույն հեքիաթի թագավոր՝ գահին բազմած իր դղյակում: Բայց ինչպե՞ս է կառավարելու, երբ չունի մեխանիզմ ու լծակներ, կշիռ: Մեր վարչապետին քաղաքական որեւէ քաշային կարգում չի տեսնում եւ ոչ մի երկիր: Այդպես էլ երկրի ներսում չեն տեսնում քաղաքական, հասարակական, մշակութային ու հոգեւոր կառույցները: Ոչինչ է ու ոչ ոք ե՛ւ դրսի համար, ե՛ւ ներսում: Այդ անկշռելիությամբ, որպես չշոշափվող օդ, ինչպե՞ս է պատկերացնում իր գործունեությունը: Ինքը վարչապետ է միայն իր համար, որը քաոս է երկրի համար: Վստահ եմ, որ իր թիմակիցների համար էլ է կյանքը դարձել անիմաստ եւ ժամանակը՝ անհասկանալի:   

Մեկը, որ չի կարողանում երկրի ներսում տեղաշարժվել, չի կարողանում երկրից դուրս երեւալ, ամեն տեղ թքում-մրում են` դավաճան, հողատու, հեռացի՛ր: Քայլում է ոստիկանական մի քանի շերտով օղակված, տունը պատսպարված է անվտանգության հնարավոր բոլոր միջոցներով, հսկվում է ե՛ւ ցամաքից, ե՛ւ օդից. նկատի ունեմ տանիքներին տեղակայված դիպուկահարներին: Մնում է, որ ննջարանում զրահապատ համազգեստով շրջի: Այդ վիճակում հայտնվածն ինչպե՞ս է պատկերացնում իրեն հանձնված մեր երկրի վաղվա օրը` տնտեսական, առողջապահական, անվտանգության, քաղաքական եւ բոլոր այլ առումներով: Լավ, ընդունենք՝ թե՛ մենք, թե՛ աշխարհը խնդրում, աղերսում է` մնա, մի գնա: Ինքը ո՞նց է մնում: Գուցե չի գիտակցում, որովհետեւ զգայարանները բթացա՞ծ են: Այլ կերպ չի բացատրվում: Բայց փորձենք այլ կերպ, որ ուղիղ կերպն է. Նիկոլին օգտագործեց Ադրբեջանը եւ շպրտեց, օգտագործեց Ռուսաստանը եւ շպրտում է, որովհետեւ ոչ միայն ավելորդ է, այլեւ զայրացնում է: Գիտակցի, թե չգիտակցի, Նիկոլն այլեւս շպրտված ժամանակի մեջ է:

Հուսիկ Արա