Դեռ չգիտեն՝ կոռուպցիայի դեմ պայքարը իրակա՞ն է, թե՞ ձեւական

Դեռ չգիտեն՝ կոռուպցիայի դեմ պայքարը իրակա՞ն է, թե՞ ձեւական

ՀՀ վարչապետի՝ այս տարվա հունիսի 24-ի որոշմամբ ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որի կազմում ընդգրկվելու նպատակով ի դեմս արդարադատության նախարարության,  կառավարությունը հայտարարել է մրցույթ՝ նշելով նաեւ այն պահանջները, որոնք պետք է բավարարեն մրցույթին մասնակցելու հավակնող կազմակերպությունները։

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ մասնակցելո՞ւ է իր ղեկավարած ՀԿ-ն այդ մրցույթին, թե՞ ոչ։
«Այդտեղ, կարծում եմ, ավելի շատ պետք է ներգրավված լինեն իրավապաշտպան ՀԿ-ները։ Ես ամբողջ օրը նիստից նիստ եմ վազվզում, երբեմն թելն եմ կորցնում, թե որտեղ ինչ պետք է խոսեմ, ինչ պետք է անեմ։ Դրա համար աշխատում եմ սահմանափակվել իմ մասնագիտական ոլորտով»,- ասաց Կարինե Դանիելյանը։

Հետեւո՞ւմ է ԱԺ-ում Սեւանա լճի մասին հնչեցրած մտահոգություններին։
«Մի անգամ արտագնա նիստ եղավ, գնացինք Սեւան, այնտեղ քննարկում եղավ, բայց հետո ոչ մի շարունակություն չեղավ»,- արձագանքեց նա։

Իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը մեկ տարի առաջ, ապրիլյան հեղափոխության օրերին,  ակտիվորեն աջակցում էր Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին, մեր հարցին ի պատասխան արձագանքեց, որ չեն մասնակցելու հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին։ Սաքունցը նշեց, որ նպատակահարմար չեն գտնում տեղ գտնել այդ խորհրդի կազմում։
Իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Նինա Կարապետյանցն էլ նշեց, որ այդ հարցը դեռ չեն քննարկել իրենց կազմակերպությունում։ 

Ըստ Նինա Կարապետյանցի՝ իրենք աշխատում են հետեւյալ սկզբունքով՝ չեն համաձայնի մասնակցել մի մրցույթի, որի դեպքում կասկած կարող են ունենալ, որ դա կարող է ձեւական բնույթ կրել։ 

«Մենք չհամաձայնեցինք մասնակցել Քննչական կոմիտեի զինվորական վերաբացված գործերի քննությանը, քանի որ համոզված էինք, որ դրանք ձեւական բնույթ են կրում։ Եվ դա ապացուցվեց։ Եթե այդ խորհուրդն էլ լինի ձեւական բնույթի, ապա մենք չենք մասնակցելու»,- նշեց նա։
Հարցին, թե ինչպես կարող են տարբերել ձեւականն իրականից, Նինա Կարապետյանցն արձագանքեց․ «Պետք է հասկանանք, թե ինչ ընթացակարգ է։ Ես դեռ չեմ հասցրել կարդալ, ծանոթանալ, հասկանալ գործառույթները, ընթացակարգերը, թե ինչ է առաջարկվելու։ Պետք է հասկանանք, թե ինչ ընթացակարգերով են քննարկվելու եւ կայացվելու որոշումներ, եւ, ըստ այդմ էլ՝ կկայացնենք որոշում»։